Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԼՈՒՏԱՐՔՈՍԻ ՍԽԱԼԸ, ՏԻԳՐԱՆԻ ՃԻՇՏԸ ԵՎ ՄՈՆՏԵՆԻ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ



16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենի «Փորձեր» գիրքը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին։ 1991-ին թարգմանվեց նաև հայերեն՝ առավել ամբողջական տեսքով։ Մինչ այդ՝ 1989-ին, հայերեն լույս էր տեսել նրա «Արժանավոր ապրելու արվեստի մասին» գիրքը, որը փաստորեն «Փորձերից» արված ծաղկաքաղ էր։

Մոնտենը փիլիսոփայական զրույցների ձևով արծարծում է ամենատարբեր թեմաներ՝ բարոյական, հոգեբանական, դաստիարակչական, կենցաղային, նաև՝ ռազմական։ Այս վերջին դեպքում նա անդրադառնում է նաև Տիգրան Մեծի կերպարին, անում դատողություններ, որոնք ոչ մի կապ չունեն պատմական ճշմարտության հետ։ Ճիշտ է, հայերեն հրատարակության թարգմանիչն էջատակով տվել է ծանոթագրություններ, բայց, կարծում ենք, դրանք սուղ են, և խնդիրը կարիք ունի լրացուցիչ մեկնաբանության։

Սխալների կամ անճշտությունների մեղավորը, իհարկե, Մոնտենը չէ, այլ 1-ին դարի հույն պատմագիր, բարոյախոս և փիլիսոփա Պլուտարքոսը, որի հաղորդած տեղեկությունների վրա էլ հենվում է Մոնտենն իր դատողություններն անելիս։ Խոսքը այն տեղեկությունների մասին է, որոնք Պլուտարքոսը հաղորդում է իր «Թագավորների և զորավարների ասույթներ» երկում՝ ներկայացնելով հռոմեացի զորավարներ Լուկուլլոսի, Պոմպեոսի, Կրասոսի, Անտոնիոսի կենսագրականները։ Այստեղ է Պլուտարքոսի ամբողջ «հայկական թեման», և այստեղ է, որ պատմագիրը, խոսելով մ.թ.ա. 69-66-ի հայ-հռոմեական պատերազմի, մ.թ.ա. 4-րդ, 2-1-ին դարերում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների մասին, Հայաստանի, հայերի և մասնավորապես՝ Տիգրան Մեծի վերաբերյալ արտահայտում է մտքեր, որոնց ընդհանուր գնահատականը տրված է Հայկական հանրագիտարանում (հատոր է, էջ 333). «Հայաստանի մասին Պլուտարքոսի տեղեկությունների մեծ մասը միտումնավոր է, Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց թագավորները՝ Տիգրան Բ Մեծը և Արտավազդ Բ-ն, անհիմն կերպով վատաբանված են»։

Ո՞րն է նման մոտեցման վտանգավորությունը։ Հանրագիտարանում անդրադարձ կա նաև այս հարցին. «Պլուտարքոսի շատ տեղեկություններ անքննադատ ընդունելու հետևանքով պատմագիտության մեջ Հին Հայաստանի պատմության որոշ հարցեր հաճախ սխալ են մեկնաբանվում»։

Ահա այստեղ է, որ Պլուտարքոսի «թակարդն է ընկել» նաև ֆրանսիացի մեծ փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենը։ Վկայակոչելով հռոմեական աղբյուրը՝ նա գրում է. «Լուկուլլոսը նկատելով, որ Տիգրանի բանակի առաջապահը կազմող մի խումբ միդացի զորականներ այնքան ծանր ու անճոռնի էին զինված, որ թվում էին երկաթե բերդում կալանվածներ, վճռեց, որ դժվար չի լինի նրանց գետնել, և հաղթությամբ պսակված յուր հարձակումն սկսեց դրանից»։ Սխալն ակնհայտ է, և այն գալիս է հռոմեական աղբյուրից, որի նպատակն էր փառաբանել հռոմեացի զորավար Լուկուլլոսին և անվանարկել Տիգրան Մեծին։

Պատմագիտության, մասնավորապես՝ նշանավոր պատմաբան Հակոբ Մանանդյանի «Տիգրան Բ-ն և Հռոմը» (1940) աշխատության մեջ մանրամասն նկարագրված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Տիգրան Մեծի օրոք, արժանի գնահատական է տրված Հայոց արքայի սքանչելի կերպարին, և մեր խնդիրը չէ նորից արծարծել այն, ինչը պատմաբանների գործն է։ Մեր նպատակը շատ ավելի պարզ է՝ Մոնտենի օրինակով ցույց տալ, թե ուր է տանում պատմագրական սխալը, ինչ տխուր հետևանքներ է ունենում միտումնավոր մոտեցումը պատմական անցքերին և իրադարձություններին։

Անդրադառնանք Մոնտենի գրքից արված վերոնշյալ մեջբերմանը. արդյո՞ք Տիգրան Մեծի բանակի առաջապահ զորագնդի սպառազինությունը եղել է «ծանր և անճոռնի», իսկ զորականներն էլ հիշեցրել են «երկաթե բերդում կալանվածների»։

Օգտվելով ձեռքի տակ եղած պատմագիտական նյութերից՝ նկատենք. Տիգրան Մեծը, նպատակ ունենալով ամրապնդելու իր դիրքերը, կարողացել էր Պոնտոսի մեծ տիրակալ Միհրդատ Եվպատորին դարձնել դաշնակից (հետո նա դարձավ նաև հայոց արքայի աները) և իր հզոր բանակին միացնել նրա պարթևական բանակը, որի սպառազինության մասին հռոմեացի պատմագիր Մարկելիանոսը գրում է. «Պարթևները ոտից գլուխ պաշտպանված էին իրար այնքան վարպետորեն ագուցված երկաթաթերթերով, որ երբ հարկ էր լինում՝ դրանք ծալվում-բացվում էին։ Կարելի էր մտածել, որ նրանք ինչ-որ երկաթյա մարդիկ են. նրանց գլուխներին սաղավարտ էր դրված՝ դեմքի կառուցվածքին ու դիմագծերին խիստ համապատասխանող, այնքան կիպ նստած, որ նրանց հնարավոր կլիներ խոցել միայն աչքերի համար արված լուսաթափանց փոքրիկ ու կլոր անցքերից…»։

Այստեղ ծագում է առնվազն երկու հարց. նախ՝ մի՞թե Տիգրան Մեծը, որ ստեղծել էր Կովկասյան լեռնաշղթայից մինչև Հորդանան գետը, Կասպից ծովի հարավային ափերն ընդգրկող Ատրպատականից մինչև Միջերկրականի ափերը ձգվող հզոր տիրակալություն, ունեցել է վատ սպառազինված բանակ՝ արժանի Պլուտարքոսի ծաղրական գնահատականին։ Եվ հետո՝ մի՞թե Տիգրան Մեծի պես հմուտ ռազմագետը, հեռատես պետական գործիչը, եթե իրո՛ք ունեցել է վատ սպառազինված բանակ, շրջահայաց չլիներ այնքան, որ չյուրացներ իր բանակի մեջ մտնող պարթևների սպառազինությունը, չտեսներ նրա լավ կողմերը և չտիրապետեր դրանց։ Անկասկած՝ դա այդպես չի եղել, և Պլուտարքոսի միտումնավորությունը, ինչպես ասում են, աչք է ծակում։

Մոնտենը մեկ այլ տեղ էլ դարձյալ ընկնում է Պլուտարքոսի «թակարդը»։ Պատմագրի տեղեկությունների հիման վրա նկարագրելով, թե ինչպես է Հուլիոս Կեսարը պաշարել Ալեսիան և զորավար Լուցիոս Կասիոսին ստիպել հանձնվել, Մոնտենը գրում է. «Նույն կերպ վարվեց նաև Լուկուլլոսը Տիգրանի հետ պատերազմում՝ Տիգրանակերտը պաշարելիս։ Տարբերությունը, սակայն, այն էր, որ Լուկուլլոսին վիճակվեց գործ ունենալ շատ ավելի պակաս անվեհեր թշնամու հետ»։

Պլուտարքոսը ոչ մի հիմք չուներ պախարակելու Տիգրան Մեծին՝ նրան մեղադրելով անվեհերության պակասի մեջ։ Ընդհակառակը՝ արդար լինելու դեպքում նա պետք է անաչառորեն խոսեր Տիգրանակերտի վեցամսյա հերոսական պաշտպանության, այդ ընթացքում Հայոց արքայի ռազմական հաջողությունների մասին, բայց լռում է, որովհետև իր խնդիրն արդարորեն խոսելն ու դատելը չէ։ Լռում է նաև այն մասին, որ Լուկուլլոսը Հայաստան էր ներխուժել դավադրաբար՝ առանց պատերազմ հայտարարելու և առանց հռոմեական ծերակույտի համաձայնության (ինչը պահանջում էին պատերազմի կանոնները), և որ Տիգրանակերտի դարպասները Լուկուլլոսի առջև բացել էին դավաճան օտարները։ Լռում է, որովհետև նման տեղեկությունները Լուկուլլոսի համար կարող էին համարվել անպատվաբեր։

Բնականաբար՝ Պլուտարքոսը պետք է լռեր նաև Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Արածանիի ճակատամարտում Տիգրանի փառահեղ հաղթանակի և Լուկուլլոսի կրած խայտառակ պարտության մասին։ Դա եղավ Լուկուլլոսի՝ որպես զորավարի մայրամուտը. նրա վարկանիշն այլևս ընկած էր։

Բացահայտելով Տիգրանի Մեծի նկատմամբ Պլուտարքոսի, նաև հռոմեական այլ հեղինակների արհամարհական ակնարկների բուն էությունը՝ Հակոբ Մանանդյանը, հայ և օտար այլ պատմաբաններ իրավացիորեն նշել են, որ դրանք, հեռու լինելով ճշմարտությունից, ծառայեցվել են Հռոմի շահերին՝ հագուրդ տալու սնապարծ զորավարների փառասիրական նկրտումներին։ Պատմության խեղաթյուրումը, ուրեմն, հին արմատներ ունի, և այս «սովորույթը», ցավոք, շարունակվում է նաև մեր օրերում։

Վերադառնալով Մոնտենին՝ նշենք. նրա «Փորձեր» աշխատությունը մշտապես եղել է Պուշկինի և Գերցենի, Վոլտերի և Բալզակի, Տոլստոյի և Գորկու, այլ նշանավոր մարդկանց սեղանի գիրքը։ Նրանք, ուրեմն, ինչպես սովորական բազմահազար ընթերցողները, ամեն անգամ Մոնտենի գիրքը թերթելիս սխալ պատկերացում են կազմել Հայոց արքա Տիգրան Մեծի մասին՝ առանց ըստ ամենայնի իմանալու, թե որտեղ է Պլուտարքոսի սխալը, որտեղ՝ Տիգրանի ճիշտը, որտեղ՝ Մոնտենի թյուրիմացությունը։

Այստեղ է, որ պետք է հիշել հենց իր՝ Մոնտենի սքանչելի խոսքը՝ «Մենք ծնվել ենք ճշմարտության որոնման համար»։ Ճիշտ է, Տիգրան Մեծի վերաբերմամբ ֆրանսիացի մեծ փիլիսոփան և լուսավորիչը սայթաքեց այդ ճանապարհին, բայց հավերժական է նրա խոսքի իմաստը՝ որոնել և հասնել ճշմարտությանը։ Այս պահանջը երբեք ժամանակավրեպ չի կարող լինել։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային


22/08/2012