Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ



Ըստ հունգարական սկզբնաղբյուրների՝ հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել 9-11-րդ դարերում։ Հունգարիայի որոշ հին բնակավայրերի անուններ պարունակում են «օրմեյ» նախածանցը, որը հունգարերեն նշանակում է «հայ»։
***
13-րդ դարում Կիլիկիայի հայոց թագավոր Լեւոն Բ-ի եւ Հունգարիայի թագավոր Անդրաշ 2-րդի միջեւ կնքվել է բարեկամության դաշինք։
***
Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս, որի բնակիչները հունգարացիների հետ 1240-41-ին կռվել են մոնղոլ-թաթարական նվաճողների դեմ։
***
1686թ. թուրքական լծից Հունգարիայի Բուդա քաղաքի ազատագրական կռիվներում աչքի է ընկել հայ դերձակ Գաբրիել Թոխաթեցին, որը մարտի վճռական պահին պայթեցրել է թուրքերի վառոդի պահեստը։
***
Կառլոս 6-րդը 1726 եւ 1733-ին Գեռլա եւ Եղիսաբեթուպոլիս հայաքաղաքներին շնորհել է թագավորական ազատ քաղաքների իրավունք։
***
Հունգարիայի խորհրդարանում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին եղել է 15 հայ պատգամավոր։
***
1848-1849թթ. Հունգարիայի հեղափոխական պայքարին մասնակցեցին հազարավոր հայ մարտիկներ։ Հեղափոխական մարտերում աչքի են ընկել հայազգի զորավարներ Էռնե Քիշը (Պզտիկյան), Վիլմոշ Լազաը (Ղազարյան) եւ Յանոշ Ցեցը (Ցեցյան)։ Առաջին երկուսը հեղափոխության պարտությունից հետո մահվան դատապարտվեցին, իսկ Ցեցյանը, որ հեղափոխական բանակի շտաբի պետն էր, կարողացավ փախչել Արգենտինա, որտեղ հիմնեց ռազմական ակադեմիա։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային


22/08/2012