Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՂԵԿԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ



Փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը ռազմաօդային ուժերում երկար տարիներ ծառայելուց հետո 2003 թ զորացրվեց, բայց որոշեց կադրային զինվորականի իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել արժանի հերթափոխ պատրաստելու գործին: Արդեն 10-րդ տարին է՝ զինվորական համազգեստ է հագնում եւ մտնում դասարան: Նա իր ծառայության գերխնդիրն է համարում ռազմահայրենասիրական ոգով դաստիարակել ապագա զինվորին, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ պատանիներ ուղարկել զինված ուժեր: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի հաջողության հասնելու իր ուղիներն ու մեթոդները: Գնդապետ Խաչատրյանը որդեգրել է աշակերտների հետ անհատական դաստիարակչական աշխատանք իրականացնելու մեթոդը, նրա դասաժամերին մթնոլորտը տրամադրող է զրուցելու, շփվելու համար, իսկ թեմաները պատմամշակութային արժեքների, պետության նկատմամբ հարգանքի, բարության, աշխատասիրության, մարդասիրության, հայրենասիրության, ճշմարտության, արդարության եւ այլ գաղափարների նկատմամբ հարգալից վերաբերմունքի մասին են: Աշակերտների խնդրանքով պատմում է նաեւ հայկական ռազմաօդային ուժերում ծառայած եւ ծառայող, հաղթողի հոգեբանությամբ օժտված եւ գաղափարապես կոփված իր զինվորական ընկերների սխրագործություններից: Զինվորական ծառայության մեկնարկային օղակը հանրակրթական դպրոցն է, եւ գնդապետ Խաչատրյանը ընդգծում է, որ զինղեկի առաքելությունն է զինվորական գործի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, նախնական զինվորական պատրաստության հիմունքների նվազագույն գիտելիքներ ու հմտություններ աշակերտին փոխանցելը, ճիշտ շփվելու ունակություններ դաստիարակելը. «Ես վերաբերմունք եմ ձեւավորում զինվորական ծառայության հանդեպ, բայց եթե տանը անընդհատ ասեն` դու չես ծառայելու, դժվար թե այդ երիտասարդը հարմարվի զինվորական միջավայրին, տհաճ պատմությունների մեջ չընկնի: Ընդհանրապես, ուսուցիչ-ծնող-աշակերտ շղթան շատ ամուր պետք է լինի, որպեսզի երիտասարդը չշեղվի ճշմարիտ ճանապարհից»: Այսօրվա աշակերտները, ըստ Խաչատրյանի, պատվախնդիր են, բուռն ու կտրուկ են արձագանքում նկատողություններին, ինչը նոր միջավայրում, բազմաթիվ այլ տղաների ներկայությամբ, խնդիրների պատճառ կարող է դառնալ, բայց նաեւ` ինքնուրույն են ու ճկուն, հետաքրքրասեր են, աշխատասեր. «Այսօր կեղծ արժեքներ են ներմուծվում հասարակություն, անվստահություն է սերմանվում ազգային արժեհամակարգի նկատմամբ: Մեծ է հեռուստատեսության բացասական ազդեցությունը. քարոզվում են հանցավոր բարքեր: Փողոցային լեզու է ձեւավորվել, որը իր հետ բերում է նաեւ փողոցային բարքեր»: Այս ամենին հակազդելու լավագույն միջոցը, ըստ փորձառու զինղեկի, հայրենասեր երիտասարդ դաստիարակելն է, որում իր ծանրակշիռ անելիքը ունի դպրոցը: «Արդյոք հանրակրթական դպրոցի ծրագրում ընդգրկված «Ռազմագիտություն» առարկայի մի քանի դասաժամերի շրջանակներում հնարավոր է վերը նշված խնդիրները լուծել»,-հարցնում եմ: «Իհարկե, այո՛, եթե առարկան իր կարեւորությամբ չզիջի, օրինակ, «մաթեմատիկա» կամ «հայոց լեզու» առարկաներին: «Նախնական զինվորական պատրաստության» ժամերը առավել հետաքրքիր ու գործնական դարձնելու համար պետք է անընդհատ կազմակերպել էքսկուրսիաներ դեպի զորամասեր, աշակերտներին ծանոթացնել բանակի առօրյային»,-պատասխանում է զինղեկը:

Վերջերս գնդապետ Խաչատրյանը մասնակցեց 2011-2012 ուսումնական տարվա Երեւանի թիվ 70 դպրոցի իր շրջանավարտների` Գոռ Սահրադյանի ու Անդրանիկ Մանուկյանի երդման արարողությանը. «Ծառայելու զորակոչված զինվորները զինակից ընկերների առջեւ, հրամանատարի ներկայությամբ, զենքը ձեռքներին, մարտական դրոշի ներքո երդվում էին` հավաստելով, որ պատրաստակամ են կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Երդվեցին նաեւ իմ շրջանավարտները` Գոռն ու Անդրանիկը, զինվորական համազգեստով, հպարտությամբ լցված համադասարանցիները: Նրանց խոսքը տակնուվրա արեց սիրտս, իմ աշակերտների դեմքին որսացի խոստումնալից զինվորի հայացք: Անբացատրելի զգացումներ էին ինձ համակել, կորցրել էի ժամանակի եւ տարածության զգացողությունը եւ կարծես որդուս զինվորական երդմանը ներկա լինեի: Ի դեպ, որդիս` Հրաչյա Խաչատրյանը, 8-րդ տարին է ծառայում է սահմանային զորամասերից մեկում: Կարմիր դիպլոմով ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ այսօր գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասում գումարտակի հրամանատարի տեղակալ է»: Զինվորական երդման արարողությունից հետո զինղեկը լուսանկարվեց տղաների հետ, զրուցեց, խորհուրդ տվեց ենթարկվել հրամաններին առանց քննարկման, դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Յուրա Գրեյանից էլ հարցուփորձ արեց, իմանալու համար, թե արդյոք ադապտացվել են նոր միջավայրին. «Յուրան ասաց, որ սպաների գործը հեշտանում է, երբ նորակոչիկները ֆիզիկապես պատրաստված են, գրագետ, կամքով ուժեղ, բանակ են գալիս ոչ թե փողոցային բարքերի հիման վրա ինքնահաստատվելու, այլ հայրենիքի սահմանը անառիկ պահելու գիտակցությամբ: Այս այցելությունը մեկնարկային նոր կետ կդառնա ինձ համար, այսուհետեւ կփորձեմ սահմանային զորամասում ծառայության անցած իմ աշակերտի կողքին լինել նրա կյանքի պատասխանատու այդ պահին` գոտեպնդելու եւ ոգեւորելու, ձեռքը սեղմելու եւ հասկացնելու, որ ինքը մենակ չէ , որ բանակը ավելի կատարյալ տեսնելու ցանկությունը բոլորինս է»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Բանակ և հասարակություն


22/08/2012