Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՌՈ՛Ւ ՄՆԱՆՔ ԳՈՒՇԱԿՆԵՐԻՑ
ՀԵՌՈ՛Ւ ՄՆԱՆՔ ԳՈՒՇԱԿՆԵՐԻՑ

Քամին ուր ուզում փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես` որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպես է ամեն ոք, որ Հոգուց է ծնված (Հովհ.3;8 ):
Աստղագուշակությունը գուշակության առավել տարածված ձեւերից է: Աստղագուշակները մարդկանց ծննդյան տարեթվերի եւ երկնային մարմինների շարժման հիման վրա կազմված աղյուսակների օգնությամբ քարտեզ են ստեղծում (հորոսկոպ) եւ կանխատեսումներ անում: «2011թ` նապաստակի տարին, ավելի հաջող (կամ անհաջող) կլինի, քան վագրի տարին: Խոյե՛ր, այս տարի դուք մեծ հաջողության կհասնեք, այծեղջյուրնե՛ր, զգուշացեք սիրային արկածներից, ձկնե՛ր, խուսափեք ճամփորդություններից եւ այլն»: Այս «կանխատեսումները» շատ հաճախ ճշգրիտ չեն, սակայն մարդկանց սնահավատ վախի, որոշ համընկնումների պատճառով աստղագուշակների մասին լեգենդներ են հյուսվում: Երիտասարդները հրապուրվում են աստղագուշակությամբ՝ չհասկանալով, որ սատանայից ուզում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Բոլոր գուշակություններն Աստծու համար գարշելի են. ( Եսայի 47): Հասկանանք, թե ինչու: Քրիստոնեության համաձայն՝ մարդը, ի տարբերություն մյուս արարածների եւ բնության երեւույթների, ունի հոգի եւ ազատ կամք, ուստի եթե բնության տարբեր ուժեր մարմնի վրա ազդեցություն ունեն, ապա հոգու վրա` բացարձակապես ոչ: Մարդուն համարելով կանխատեսելի` նրան զրկում ենք կամքի ազատությունից, հավասարեցնում ծառի, խոտի, դարձնում բնության ուժերով կառավարվող էակ: Իսկապես, այն մարդը, որը տրվում է մարմնական հաճույքների, ապրում միայն նյութական արժեքներով, սկսում է կանխատեսելի դառնալ: Իսկ, որ ավելի վատ է, գուշակների կանխատեսումները հիմք ընդունելով, մարդն աստիճանաբար վարժվում է դժվարություններին չդիմակայելու ամուլ կենսակերպին եւ, շարունակ մոլորության մեջ խարխափելով, իր թերությունները համարում է «ի վերուստ տրված»՝ լիովին անձնատուր լինելով սատանային: Բացի այդ, հույսը դնելով «կանխատեսելի ապագայի» վրա, մարդ մոռացության է մատնում ներկան, մինչդեռ այսօրվա մեջ է ձեւավորվում ապագան: Իզուր չէ ասված՝ «այսուհետեւ հոգ մի՛ տարեք վաղվա մասին, որովհետեւ վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ.6:34): Քրիստոնյայի ճանապարհը այս է ` հոգով առողջանալ, իսկ հոգու առողջությունը միայն Քրիստոսով է լինում: Որեւէ մեկը չի կարող գուշակել քրիստոնեական կյանքով ապրող մարդու ապագան, քանզի նա Աստծու կամքով դառնում է իր ապագայի տերը, քամու պես ազատ ու անկանխատեսելի: Հիշենք Պողոս առաքյալի հետեւյալ տողերը. «Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի սկզբանե աստվածներ չէին, իսկ այժմ, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ որ Աստված էլ ձեզ ճանաչեց, ինչպես եք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց նորից ցանկանում եք ձեզ գերի դարձնել» (Գաղատ.4:8-10):
Ս. Գիրքը հասկանալու համար պետք է ապաշխարած ու խոնարհ հոգով կարդալ Սուրբ Հայրերի մեկնությունները: Սեփական մեկնությունները կարող են հպարտության գիրկը նետել մարդկանց եւ աղանդավոր դարձնել: Սատանան` աշխարհի իշխանը, եւս մեծամեծ հրաշքներ կարող է գործել: Հիշենք Նոր Կտակարանից Սիմոն մոգի պատմությունը, որը կախարդ էր, բայց ժողովուրդը կարծում էր, թէ նա Աստծու զորությամբ է գործում, ինչպես այժմյան գուշակներին կամ «էքստրասենսներին» են սխալմամբ հավատում: Ցանկացած գործ սկսելու համար պիտի խնդրենք Աստծու օրհնությունը: Գուշակներն ու կախարդները ազդում են միայն անհավատ եւ Աստծուն չվստահող մարդկանց վրա: Երբ մարդիկ զրկվում են Աստծու օրհնությունից, դառնում են անպաշտպան եւ դեւերից խոցելի, ուստի նրանց հետ կարող են դժբախտություններ պատահել: Երազահաններին եւս դիմել չի կարելի, որովհետեւ քրիստոնյան վստահ պիտի լինի, որ Աստված Իր ասելիքը կհայտնի: Քրիստոս երկինք գնալուց առաջ ասաց.«Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի»։
Տուրք չտանք հեթանոսական գուշակություններին: Հավիտենական կյանքի համեմատ մարդու ապրած մի քանի տասնամյակը ոչինչ է, այս կյանքը տրված է, որ ջանանք մեր հոգիների փրկության համար: Ցավոք, հաճախ ամենուր փնտրում ենք միայն նյութականը եւ ոչինչ չենք անում մեր հոգիները Աստծուն մերձեցնելու համար: Մենք որդու իրավունքով կարող ենք խնդրել Հայր Աստծուց, եւ Նա կտա այն ամենը, ինչ ցանկանում ենք: Այս հրաշք-պարգեւը թողած` չգնանք աննշան բաների հետեւից:

ԴԱՎԻԹ սարկավագ ՍԱՐԳՍՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր