Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ



«Մի սիրո պատմություն». այսպես է կոչվում օգոստոսի 10-ին Վետերանների միությունում հանրությանը ներկայացված վեպը: Հեղինակը Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից 90-ամյա Արտավազդ Մաթեւոսյանն է: Վեպը իրական հենքի վրա հյուսված սրտառուչ մի պատմություն է, որի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Գլխավոր հերոսուհու` Անահիտի հետ հեղինակը ծանոթանում է Երեւանի երկաթուղային կայարանից ճանապարհված գնացքի միջանցքում: Եվ ծայր է առնում համարյա մի ամբողջ կյանք ձգվող սիրո մի գեղեցիկ հեքիաթ: Բաժանումից 43 տարի անց հերոսը հանդիպում է Անահիտին. «Անցել էի պատերազմի զրկանքներով, դառնություններով լի ճանապարհով: Անահիտը միշտ մտքիս մեջ էր, նրան մոռանալ չէի կարողանում: Նա ինձ համար մնացել էր հեռավոր, բայց շատ փայլուն մի լուսաստղ, որին ձգտում էի հասնել, բայց, ավաղ, դա ցնորք ու երազ էր միայն: Իմ բոլոր փորձերը՝ մոռանալ նրան, ապարդյուն էին»,- գրքի քննարկման ժամանակ անկեղծանում է «Արիության համար» մեդալին կրկնակի արժանացած հեղինակը, եւ կորցրած սիրո եւ երջանկության արցունքները սահում են ծեր մարտիկի այտերի վրայով:

ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը իր խոսքում նշեց. «Վեպը կարդացվում է լարված հետաքրքրությամբ: Նկարագրությունները վառ են, ինքնատիպ: Այս սիրո դժբախտության պատճառը ոչ միայն պատերազմն էր, որի դրվագները ներկայացված են համոզիչ գույներով, այլեւ մարդկային արատները, որ խեղում են մարդկային ճակատագրերը: ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ գնդապետ Պ. Պետրոսյանն էլ հավելեց, որ վեպն ընթերցել է մի շնչով, առանց դադարի. «Վեպը ոչ միայն աղջկա հանդեպ ունեցած սիրո մասին է, այլեւ` հայրենիքի, ընտանիքի, ծնողի, մարդու»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային


22/08/2012