Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԸ 60-ՐԴՆ Է
ՀԱՅԱՍՏԱՆԸ 60-ՐԴՆ Է

30-րդ ամառային օլիմպիական խաղերը 17 անմոռանալի օրվա ընթացքում իրենց վրա էին սեւեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Սպորտային տոնն ավարտվեց, եւ եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային այս խոշոր միջոցառումը։ Նախկինում ամառային օլիմպիական խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 եւ 1948 թթ.։

2012թ. ամառային օլիմպիական խաղերի մրցումներին մասնակցեցին 10 հազար 957 մարզիկներ աշխարհի 204 երկրներից, եւս 4 մասնակից հանդես եկավ ՄՕԿ-ի դրոշի ներքո։ Առաջին տասնյակը ունեցավ հետեւյալ տեսքը. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (104 մեդալ՝ 46 ոսկի, 29 արծաթ եւ 29 բրոնզ), Չինաստան (87 մեդալ՝ 38 ոսկի, 27 արծաթ եւ 22 բրոնզ), Մեծ Բրիտանիա (65 մեդալ՝ 29 ոսկի, 17 արծաթ եւ 19 բրոնզ), Ռուսաստան (82 մեդալ՝ 24 ոսկի, 25 արծաթ եւ 33 բրոնզ), Հարավային Կորեա (28 մեդալ՝ 13 ոսկի, 8 արծաթ եւ 7 բրոնզ), Գերմանիա (44 մեդալ՝ 11 ոսկի, 19 արծաթ եւ 14 բրոնզ), Ֆրանսիա (34 մեդալ՝ 11 ոսկի, 11 արծաթ եւ 12 բրոնզ), Իտալիա (28 մեդալ՝ 8 ոսկի, 9 արծաթ եւ 11 բրոնզ), Հունգարիա (17 մեդալ՝ 8 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ) եւ Ավստրալիա (35 մեդալ՝ 7 ոսկի, 16 արծաթ եւ 12 բրոնզ)։

Օլիմպիական խաղերի ընթացքում սահմանվեց 95 ռեկորդ՝ 39 համաշխարհային եւ 56 օլիմպիական։ Ռեկորդների քանակով առաջին տեղում կրկին ԱՄՆ-ն է՝ 16, երկրորդ տեղում՝ Չինաստանն է՝ 15 ռեկորդով, եւ Ռուսաստանը երրորդում՝ 12 ռեկորդով։ Հատկանշական է, որ 11 ռեկորդով 4-րդ տեղում է Ղազախստանը, որն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 12-րդ տեղը։

Հայաստանի հավաքականն այս օլիմպիական խաղերում նվաճեց երեք մեդալ՝ 1 արծաթե, եւ երկու բրոնզե՝ կիսելով 60-րդ տեղը Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ։ Սպորտում ափսոսալն անիմաստ է, ունենք այն, ինչ ունենք. հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, սակայն բավարարվեց արծաթով։ Նույն մարզաձեւում բրոնզե մեդալ նվաճեց Արթուր Ալեքսանյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց երկրորդ բրոնզե մեդալը։

Հաշվի առնելով աշխարհի տարբեր ծայրերում ընթացող հակամարտություններն ու լարվածությունը տարբեր տարածաշրջաններում՝ օլիմպիադայի կազմակերպիչները անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկել։ Անվտանգությունը ապահովում էին Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հատուկ ենթաբաժինները, ներգրավվել էին նաեւ ոստիկանության 13 հազար աշխատակիցներ եւ զինված ուժերի անձնակազմից 17 հազար մարդ։ Անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում ներգրավված էին նաեւ ծովային ու օդային տեխնիկան, այդ թվում՝ Թեմզայի վրա տեղակայված ռազմանավեր, «Eurofighter» ինքնաթիռներ ու զենիթահրթիռային համակարգեր։ Անվտանգության ապահովման միջոցառումների ընդհանուր արժեքը կազմեց մոտ 553 մլն ֆունտ ստեռլինգ։ Արդյունքում՝ օլիմպիական խաղերը անվտանգության ապահովման տեսանկյունից վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի տարածքում կազմակերպված միջոցառումներից ամենամասշտաբայինն էին։ Անմասն չէին մնացել նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունները։

Լոնդոնյան օլիմպիադայի պաշտոնական օրհներգը «Muse»խմբի «Survival» (թարգմանաբար՝ «Կենդանի մնալ») երգն էր, որը հնչեց օլիմպիադայի բացման արարողության, ինչպես նաեւ մարզիկների պարգեւատրման բոլոր արարողությունների ժամանակ։ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 27-ին, նորակառույց 80-հազարանոց օլիմպիական մարզադաշտում ու կրում է «Հրաշքի կղզիներ» անունը («The Isles of Wonder»)։ Խաղերը բացեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

Օլիմպիական խաղերը տոն են, եւ, ինչպես յուրաքանչյուր տոն, ավարտվում են։ Լոնդոնյան օլիմպիադայի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 12-ին, եւ մառախլապատ Ալբիոնը խաղերի անցկացման իրավունքը փոխանցեց Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյին, որտեղ եւ կանցկացվեն հաջորդ ամառային օլիմպիական խաղերը՝ 2016թ.։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը, Լոնդոնում կանցկացվեն նաեւ ամառային պարաօլիմպիական խաղերը։