Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»

Սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ երկրների մասնակցությամբ զորավարժության նախապատրաստական աշխատանքները շուտով կավարտվեն։ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունն իրականացնելու է զորավարժության տեղեկատվական ապահովումը, դաստիարակչական աշխատանքները, մշակութային, ժամանցային աշխատանքների կազմակերպումը։ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ գնդապետ Աշոտ Պողոսյանը ներկայացնում է նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

-Պարոն Պողոսյան, ԶՈՒ ԱՀՏԱ դաստիարակչական աշխատանքների վարչությունը տեղեկատվական ապահովման և դաստիարակչական աշխատանքների ենթատեքստում, բնականաբար, խնդիր ունի ապահովելու զորավարժությունների գաղափարական շեշտադրումներն ու ծավալելու համապատասխան քարոզչություն։ Ի՞նչ գաղափարախոսական խնդիր է լուծում այս զորավարժությունը։

-Առաջին հերթին կարևորվում է համագործակցության, փոխօգնության և ընդհանուր շահի գաղափարը։ Մեր խնդիրն է ապահովել բարիդրացիական մթնոլորտ՝ հիմնված փոխճանաչողության, միմյանց մշակույթը, արժեքները, ավանդույթներն ու ազգային առանձնահատկությունները գնահատելու ու հարգելու, ինչպես նաև մասնակից երկրների անվտանգության կազմակերպման գործում բոլոր անդամների ներգրավվածությունը արժևորելու վրա։

Մեր գործունեությունը սկսվում է միջազգային ուժերին դիմավորելով և ավարտվում է նրանց պարգեւատրումն ու մեկնումը կազմակերպելով։ Տարբեր երկրներից ժամանած զորախմբերի տեղեկատվական ապահովումը իրագործելու համար կահավորվել են տեղեկատվության եւ ժամանցի սենյակներ, անձնակազմը ապահովվել է դաստիարակության տեխնիկական միջոցներով։ Զորավարժության ընթացքում ազատ ժամերին կկազմակերպվի անձնակազմի ժամանցային առօրյան, կլինեն զանազան մշակութային, սպորտային միջոցառումներ, ինչպես նաև կլինեն ռադիոհաղորդումներ, ռադիոթերթերի թողարկում, ֆիլմերի ցուցադրում և այլն։ Օրվա կարգացուցակով սահմանված ժամերին կիրականացվի քաղաքական և իրավական տեղեկատվություն, կլինեն թեմատիկ դասընթացներ։ Ներառնվելու են ինչպես նախօրոք ծրագրավորված, այնպես էլ պահից բխող թեմաներ։ Օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համատեղ կանցկացվի 2 դասընթաց գերիների հետ վարվելու և մարտական գործողություններ վարելու կանոնների մասին՝ «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկայի դասավանդման շրջանակում։ Նախատեսել ենք մասնակից յուրաքանչյուր երկրի նվիրել մեկական օր։ Այդ օրը կներկայացվի տվյալ երկիրն իր պատմությամբ, մշակույթով, բանակի կենսագրությամբ, արվեստով, ընդհուպ՝ խոհանոցով և այլն։ Համերգների ժամանակ կներկայացվի անդամ երկրների ազգային մշակույթը։ Մենք նաև ընտրել ենք ազգային շեշտադրում ունեցող ֆիլմեր, որոնք պատմում են հայոց անցյալի, ռազմական փառահեղ դրվագների, մշակույթի և ռազմարվեստի մեծերի, ազգային բանակի, Արցախյան պատերազմի մասին։ Ավարտին է հասցվում զորավարժարանի տարածքի ձեւավորումը մասնակից երկրների մասին պատմող քարոզչական վահանակներով։

Իրականացվելու է նաև սոցիալական և հոգեբանական աշխատանք։

ՊՆ Տ եւ ՀԿ վարչության հետ միասին մասնակցելու ենք նաև զորավարժությունների լուսաբանման աշխատանքներին։

Զորավարժությունների ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները հանդիսավոր արարողության ժամանակ կպարգևատրվեն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ