Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ



ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով երկրի հարավարևելյան ուղղությունում կազմավորվել է N զորամասը:

Բոլոր տիպային հարմարություններով օժտված զորամասի արտաքին տեսքն ու ներքին կահավորանքը, գեղագիտորեն ձևավորած ծառուղիներն ու կանաչապատված մաքուր տարածքներն առաջին անգամ տեսնողը դժվար թե հավատա, որ այս ամենը մեկ տարվա համառ ու նպատակասլաց աշխատանքի արդյունք է: Ճիշտ է, այս ամենի հիմքերը դրվել էին ավելի վաղ, երբ բացակայում էին շենք-շինություններ:

Մայոր Է. Հակոբյանի հրամանատարությամբ կարճ ժամանակում ճշտվեցին զորամասի մարտական և զորահավաքային խնդիրները, պլանավորումն ու համապատասխան փաստաթղթային բազայի ձևավորումը, զորամասը համալրվեց որակյալ կադրերով, որոնց մի մասը վերապատրաստվեց համապատասխան մասնագիտություններում ու պաշտոններում, զորամասը համալրվեց սպառազինությամբ, ռազմատեխնիկական ունեցվածքով, գույքով: Ապահովվեց բարձրորակ կապ, ձևավորվեցին հաստիքային և արտահաստիքային ծառայությունների ցանկը, ձևավորվեց իր առջև դրված մարտական խնդիրների կատարմանը քաջ տիրապետող հմուտ և փորձառու անձնակազմ, լուծվեցին առկա և ստացվող նյութական միջոցների հաշվառման, պահպանման, նպատակային օգտագործման խնդիրները, կանոնավոր հունի մեջ ընկան բեռների ընդունումն ու պահեստավորումը, ստեղծվեց ուսումնանյութական բազա, որն անընդհատ թարմացվում է:

Մեր այցելության պահին զորամասում տոնական տրամադրություն էր: Մինչ հոգևորականները զորամասի շտաբում, զորանոցում օրհնանքի հոգևոր-ծիսական արարողություն էին կատարում, անձնակազմը նախապատրաստվում էր հանդիսավոր տողանի:

Զորամասի հրամանատար, մայոր Է. Հակոբյանը անձնակազմին շնորհավորեց հիշարժան տոնի առթիվ, անդրադառնալով կատարված մեծածավալ աշխատանքներին, առաջիկա անելիքներին: Նշելով, որ մարտական բարձր պատրաստությանն ու պատրաստականությանը նպաստում են կարգապահությունը, բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտն ու համախմբվածության գիտակցումը, նա զորամասի անձնակազմին կոչ արեց ծառայությանը լծվել ավելի մեծ եռանդով, վճռականությամբ, նպատակասլաց նախաձեռնողականությամբ` լավագույն արդյունքների հասնելու համար: Մեր ամենագլխավոր զենքը, ինչպես նշում է նախարարը, մեր բարձր մարտական ոգին ու մարտական բարձր պատրաստականությունն է։

Գործուղված սպաներն իրենց հերթին շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին անձնակազմին։ Լավագույն ծառայության համար մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին թանկարժեք նվերներով եւ խրախուսվեցին պատվոգրերով:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ


15/08/2012