Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ ՄԻ ՔԱՅԼ Է



Ազգային բանակի մի խումբ զինվորներ արձագանքում են «Մեր ժամանակի հերոսը զինվորն է» հոդվածին

Հոդվածի վերնագիրն արդեն իսկ շատ ոգևորիչ է, շատ պարտավորեցնող։ Նախարարը մեծ առաքելություն է վերապահում զինվորին։ Իրոք, տղամարդու հասունացման ճանապարհը անցնում է բանակով, ու ծառայության երկու տարին կարող է լինել ամենաբախտորոշ ու կարևոր ժամանակահատվածը։ Երբ եկա բանակ, բոլորովին ուրիշ մարդ էի։ Այս մեկ տարին ինձ 10 տարվա փորձառություն տվեց, պատասխանեց շատ ու շատ հարցերի, վերաարժևորեց շատ ու շատ պատկերացումներ… «Այն զինվորը, որը երկու տարի պահել է սահմանը, հետո վերադարձել է հասարակություն, իր հետ տանելու է «Սահմանի» ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… Սահմանի բարոյականությունը։ Ու հետզհետե մաքրելու է խորթ գաղափարներից ու բարքերից»,- ասում է նախարարը հոդվածում։ «Սահմանի բարոյականությունը»… ով գոնե մեկ անգամ զենքը ձեռքին չի կանգնել սահմանին, չի տեսել հակառակորդի դիրքերը, չի զգացել թիկունքում գտնվող գյուղի շնչառությունը… չի զգացել իրեն՝ հակառակորդի ու յուրայինի միջև, իբրև կենդանի վահան… չի իմանա ինչ ասել է «սահմանի բարոյականություն»։ Չի հասկանա, թե ինչպես են փոխվում սահմանին, ինչպես են փոխվում բոլոր չափանիշները, ինչպես մաքրվում, վեհանում, բարձրանում… ինչպես են փոխվում երազանքներդ։ Ինչպես են նյութական ձգտումներդ դառնում մանր ու չնչին։ Այո, մենք մեզ հետ հասարակություն կտանենք սահմանի բարոյականությունը։ Կանցնեն տարիներ, և հասարակության մեջ հետզհետե կշատանան սահմանի բարոյականությունն իրենց հոգում կրող մարդիկ։ Հետզհետե մենք կունենանք սահմանի բարոյականությունը հավատամք դարձրած ժողովուրդ։ Ու այդ ժողովուրդը կհաղթահարի բոլոր խոչընդոտները։
Գեղամ Մանուկյան
շարքային

Միշտ ակնածանքով եմ նայել Արցախյան պատերազմում կռված ազատամարտիկներին, մտածել եմ՝ նրանք գերմարդ են… որովհետև մահվան դեմ գնալը, իրոք, գերմարդկային խիզախություն է։ Բայց երբ առաջին անգամ բարձրացա դիրքեր, երբ զենքը ձեռքիս կանգնեցի սահմանին, հասկացա, որ սահմանից հերոսացում մի քայլ է ընդամենը։ «Մեր ժամանակի հերոսը զինվորն է» հոդվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասում է, որ գրեթե յուրաքանչյուր զինվորի մեջ նստած է Հերոսը, պարզապես պետք է արթնացնել նրան, ստեղծել հերոսանալու միջավայր։

Սահմանը հենց ինքնին հերոսանալու միջավայր է։ Բայց զինվորի ոգին է՛լ ավելի բարձր է լինում, երբ տեսնում է սպաների հոգատար վերաբերմունքը իր նկատմամբ։ Երբ սպան միշտ կանգնած է իր կողքին, պատրաստ՝ կիսելու դժվարությունները, իր վրա վերցնելու զինվորին ուղղված հարվածը։ Երբ սպան հրամանատար լինելուց զատ ավագ ընկեր է, հենարան, խորհրդատու, հարգալից է, բարյացակամ, ըմբռնող… Երբ խստապահանջ լինելու հետ միասին զգում ես, որ ցավում է քեզ համար, որ անտարբեր չէ քո ճակատագրի հանդեպ։ Այդպիսի սպայի կողքին զինվորը, իրոք, դառնում է խիզախ, հայրենիքի համար մարտնչելու, մեռնելու պատրաստ։
Շավարշ Միրզոյան
շարքային

Շատ հետաքրքիր, շատ օգտակար հոդված էր, մի շնչով կարդացի։ Շնորհակալ եմ մեր նախարարին, որ նրա լավատեսության աղբյուրը մենք ենք՝ սահմանին կանգնած զինվորներս։ Այս տողերը միշտ կմնան իմ սրտի մեջ. «Ես ամեն պահի զգում եմ զինվորին, իմ միտքը երբեք չի հեռանում սահմանից, իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած զինվորի պատկերից»…
Մենք հպարտանում ենք, որ մեր նախարարը հաղթանակած զորական է։ Ես ուժեղ եմ ադրբեջանցի զինվորից, որովհետև իմ նախարարը հաղթած նախարար է։ Պարոն նախարար, մենք էլ միշտ զգում ենք ձեր ուժեղ, սթափեցնող, զգոնության կոչող, բայց միևնույն ժամանակ Ձեր հոգատար և հայրական հայացքը՝ ուղղված մեզ։ Մենք ամուր ենք սահմանին, ու ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող խաթարել մեր երկրի ու ժողովրդի անդորրը։ Ես էլ համարձակվում եմ պատասխանել ձեր ամուր ձեռքսեղմումին՝ ամուր սեղմելով Ձեր ձեռքը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Կարեն Մկրտչյան
սերժանտ

Պաշտպանում եմ նախարարի այն միտքը, թե բանակի թերությունները պետք չէ պայմանավորել միայն հասարակության արատներով, և անհրաժեշտ է հսկողության ու հետևողականության շնորհիվ զորքերում ձևավորել միջանձնային հարաբերությունների ամուր ավանդույթ և կանոնադրային ապրելակերպ։ Սրա օրինակը կա բանակի բազմաթիվ զորամասերում։ Եվ մեր՝ գնդապետ Մ. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Զինվորը, գալով բանակ, հայտնվելով նոր միջավայրում, ակամա ենթարկվում է այդ միջավայրի գրված-չգրված օրենքներին ու բարոյականությանը, որքան էլ ինքը ունենա այլ մտածելակերպ, խառնվածք ու բարոյականություն։ Իսկ եթե կանոնագիրքը շրջանցելը, կոպիտ հարաբերությունները մերժված չեն տվյալ զորամասում, զինվորը արդեն դրսևորում է իր վատ հակումները։ Նույնիսկ դաստիարակված ու ճիշտ մտածելակերպ ունեցող տղան կարող է անել իր սկզբունքներին դեմ քայլեր, որպեսզի համապատասխանի տվյալ միջավայրի չափանիշներին ու հարաբերություններին։ Շատ կարևոր է սպաների վերաբերմունքը։ Նրանք են ձևավորում, պարտադրում-թելադրում և հսկում զորամասի ներքին փոխհարաբերությունները։ Հատկապես կրտսեր օղակի սպաները, որոնք անմիջականորեն աշխատում են զինվորների հետ, իրենց վերաբերմունքով, իրենց չափանիշներով ձևավորում են այդ ստորաբաժանման ներքին հարաբերությունները…
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
շարքային

Ես ցանկանում եմ անդրադառնալ հոդվածի այն հատվածին, որում նախարարը խոսում է վերջին շրջանում ադրբեջանցիների ոտնձգությունների մասին։ Ուզում եմ, որ մեր ծնողները, մեր հարազատները, մեր հայրենակիցները իմանան, որ հակառակորդի կրակոցները չեն վախեցնում մեզ՝ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորներիս։ Մենք և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես պատրաստ ենք ընդունել ցանկացած մարտահրավեր ու դիմակայել արժանիորեն։ Եթե զինվորը լավ է տիրապետում իր գործին, եթե համարձակորեն է զենքը ձեռքն առնում, բնականաբար ավելի քաջ ու ինքնավստահ է, կկարողանա պաշտպանել ինքն իրեն, իր ընկերներին ու ժողովրդին։ Շատ հուզվեցի՝ լսելով, որ Արցախյան պատերազմում կռված ու հաղթած ազատամարտիկները խնդրել են նախարարին զինվորներին հետ քաշել և իրենց ուղարկել առաջին գիծ։ Ես նորից ու նորից մտածեցի, որ մենք հրաշալի ժողովուրդ ենք, մենք առաքինի ու հերոսական ժողովուրդ ենք։ Այդպիսի ժողովրդի համար, իրոք, կյանքդ չես խնայի։ Սիրելի՛ ազատամարտիկներ, դուք արդեն տվել եք ձեր բաժինը հայրենիքին, դուք ձեր պարտքը կատարել եք լիուլի, դուք մեզ ազատ ու հաղթանակած հայրենիք եք նվիրել։ Հիմա մեր հերթն է։ Մեզ էլ հերոսանալու հնարավորություն տվեք։
Գեորգի Խոջայան
շարքային

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Բանակ և հասարակություն


15/08/2012