Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԵԹԱՆՈՍ ԳԱԳՈ»՝ ԱՆՄԱՀ ՄԻ ԱՆՈՒՆ…
«ՀԵԹԱՆՈՍ ԳԱԳՈ»՝ ԱՆՄԱՀ ՄԻ ԱՆՈՒՆ…

Փետրվարի տասնհինգին Նարեկացի արվեստի միությունում երիտասարդ նախաձեռնողները կազմակերպեցին Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի («Հեթանոս» Գագո) ծննդյան 44-ամյակին նվիրված հուշ -երեկո, որի ժամանակ ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Հեթանոս Գագո» փաստավավերագրական ֆիլմը:
Ֆիլմը դիտելու էին եկել Գագիկ Ստեփանյանի հարազատաները, մարտական ընկերները, մեծ թվով երիտասարդներ:
«Հեթանոս Գագոն մեկն էր, որ ձեռնոց նետեց մահին, եւ ապացուցեց, որ ավելի լավ է մեռնել պատվով, քան ապրել ծնկաչոք», – նախքան ֆիլմի դիտումը ասաց ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:
Եվ ահա էկրանի վրա՝ ներկաների անհանգիստ եւ հուզումնալից հայացքների առջեւով, սահում-անցնում է մի կյանքի պատմություն. Փետրվարի 13: Դիադինից գաղթած Ստեփանյանների ընտանիքում ծնվում է երկրորդ արու զավակը՝ Գագիկը: Նա լույսաշխարհ է գալիս այն օրը , երբ տոնվում էր վաղ հեթանոսական տոներից մեկը` տրնդեզը` զորանալու Վահագն աստծո ուժով եւ քաջությամբ: Հետագայում Գագիկի կյանքում մեծ դեր պիտի ունենար հեթանոսությունը իբրեւ արիության ճանապարհ, ու նա պիտի խորապես տարվեր նրանով:
…Մանկության տարիներից զբաղվում է բռնցքամարտով եւ ռինգ դուրս գալիս միայն հաղթելու: Ստանում է սպորտի վարպետի կոչում ու մեկնում խորհրդային բանակ: Ծառայությունից վերադառնալով` նա Հայաստանը տեսավ վտանգված եւ միացավ պայքարող տղաներին: Մասնակցեց ինքնապաշտպանական բազում մարտերի և «Թայֆուն» ջոկատի հետ ոտք դրեց Քարվաճառ: Օմարի լեռնաշղթայի վրա էր գտնվում 3-րդ պահակետը, որտեղ էլ Գագոն էր իր զինվորների հետ: 1994 թվականի Մարտի 16-ին, օգտվելով մառախուղից , ազերիները լայնածավալ գործողության անցան, ու նրանց հաջողվեց գրավել մոտակա բարձունքները: Գագոն վիրավոր էր: Տղերքին հրամայեց նահանջել, իսկ ինքը գնդացրով ապահովեց նրանց անվտանգ նահանջը: Գագոն ժամանակ ուներ պահակետը թողնելու, բայց նրա հեթանոս հոգին ծննդյան օրից աննահանջ էր… Գագոն վիրավոր անընդհատ տեղից տեղ էր տեղափոխվում, պատրանք ստեղծում, թե պահակետը պաշտպանում է մի ամբողջ ջոկատ: Մեծ էր ազերիների զարմանքը , երբ վերջապես հասան երկու տեղից խոցված Գագոյին: Նրանց դիմաց միայնակ զինվոր էր պառկած: Ազերի հրամանատարը շրջեց Գագոին ` ցանկանալով տեսնել քաջի դեմքը: Վերջին պահին Գագոն քաշեց նռնակի օղն ու ցիրուցան արեց զարմացած թուրքին…
Մի քանի օր հետո «Օխոտնիկ Միշայի» տղաները ազատագրեցին 3-րդ պահակետը ու գտան հերոսի մարմինը մի քարի վրա դրված: Թշնամին հարգել էր նրա քաջությունը և չէր պղծել դիակը:
…Ավարտվում է ֆիլմը, լռությունն ու թախիծը միաձուլվել են հերոսի վեհության հետ: Անասելի կորստյան գինը տարիներ անց դարձյալ զգում եւ արժեւորում են անկախ Հայաստանում ծնված այն երիտասարդները, որոնք վաղը պետք է պաշտպանեն հայրենիքը:
Ֆիլմի ավարտից հետո Հեթանոս Գագոյի ավագ եղբայրը՝ Բագրատ Ստեփանյանը, հիշարժան մի դրվագ պատմեց, որը միշտ ոգեւորել է իրենց. «Եղբայրս անվախ էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր արժեւորում եւ պատմում այն մրցաշարը, որտեղ նա երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի Աբդուլաեւին. մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը ադրբեջանցին բոլոր մարտերը ավարտել էր նոկաուտով: Եղբայրս պատմում էր. «Բռնցքամարտիկ չէր, քոթուկ լակոտ էր, խուժան կռիվ անող էր, բայց կարողանում էր լավ հարվածել: Կարճ ժամանակում դարձել էր դահլիճի սիրելին: Երբ Աբդուլաեւը դահլիճ մտավ, կարծես ցնծության հրաբուխ ժայթքեց»: Նման վերաբերմունքից ադրբեջանցին այնքան էր ոգեւորվել, որ ռինգ մտավ ոչ թե պարանի տակից, այլ թռավ վրայով: Գագոն հասցրեց մինչ մենամարտի մեկնարկը Աբդուլաեւին ասել. «Դու պետք է բարձրացատկ պարապեիր, այլ ոչ թե բռնցքամարտ»: Երորրդ ռաունդում դահլիճի հրաբխային ժայթքումը վերածվել էր լռության. Աբդուլաեւն արյունլվա, արցունքն աչքերին, պարտված մնացել էր ռինգի կենտրոնում: Մեկ դրվագով, մեկ արարքով հնարավոր չէ հերոս դառնալ, դա մի ամբողջ կյանքի հանրագումար է»,-պատմությունը ավարտեց Բ. Ստեփանյանը:
Միջոցառման երիտասարդ նախաձեռնողներից Գեղամ Օհանյանին ոգեւորել էր այդ դրվագը: Նա նշեց. «Այսօրվա միջոցառումը հերոսին նորից ու նորից հիշելու առիթ է, իսկ նրանք, ովքեր չգիտեին Գագոյին, հուսով եմ՝ ծանոթացան մեր ժամանակների անմահ անուններից մեկին: Մարդկության մեծագույն ուսուցիչները նրանք են, ովքեր վեհորեն մեռնել են սովորեցնում: Այս առումով Գագոն եւ նրա նմանները ցուցիչներ են մեզ` երիտասարդներիս համար»:
Գագիկ Ստեփանյանի, ինչպես նաեւ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն էլ նկատեց. «Այսօր շատ են խոսում, թե մեր երիտասարդներն հայրենասիրությամբ զիջում են իրենց նախորդ սերունդներին, բայց պետք է ասեմ, որ ամենեւին էլ այդպես չէ. այսօրվա մեր երիտասարդները կրողներն են նույն ոգու եւ կորովի, ինչը ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր: Ավելին՝ այսօր ես նկատում եմ, որ հայ երիտասարդները դարձել են ավելի հայրենասեր»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ