Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱԶԳԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԸ ԵՒ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ



Համաշխարհային ավիացիան դժվար է պատկերացնել առանց «ՄիԳ» հապավման, որի թողած հետքը մինչ այսօր համաշխարհային ավիացիայի կարևորագույն ձեռքբերումներից է: Ճիշտ է՝ անցյալ դարաշրջանի դինամիկ զարգացող ավիացիան ծնել է բազմաթիվ ինքնաթիռներ, որոնցից մի քանիսը այսօր էլ լեգենդար հռչակ են վայելում, սակայն հիրավի 20-րդ դարը կարելի է համարել «Միգ»-ի դարաշրջան: Մինչդեռ նոր դարաշրջանում, երբ օրեցօր զարգանում է տեխնիկան, և ի հայտ են գալիս նորանոր ինքնաթիռներ, ինքնաթիռաշինության գործում կրկին մեծ է հայ անհատների դերը: Հայտնի է, որ կործանիչ ավիացիան դեռ նոր է թևակոխում հինգերոդ փուլ: Ներկայումս կա հինգերոդ սերնդի կործանիչի ընդամենը չորս տեսակ (ամերիկյան «F-22» և «F-35», չինական «J-20» և ռուսական ПАКФА «T-50»), որոնցից երկուսում մեծ է հայազգի կոնստրուկտորների դերը:

Ռուսական ПАКФА ծրագրի շրջանակներում ստեղծվող նոր հեռանկարային «T-50» կործանիչի լույսաշխարհ գալը մեծապես կապված է Միքայել Պողոսյան անվան հետ: Նա ղեկավարում է Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիան»:

Միքայել Ասլանի Պողոսյանը ծնվել է 1965թ ապրիլի 18-ին, Մոսկվայում: 1979թ գերազանց ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը, որից հետո գործուղվել է աշխատանքի Պ.Օ. Սուխոյի անվան ինքնաթիռաշինության գործարան: 1992-1998թթ անցել է մեծ ճանապարհ` ինժեներ-կոնստրուկտորից հասնելով գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալի պաշտոնին: 1995-1999թթ ղեկավարել է փորձարարական կոնստրուկտորական բյուրոն, իսկ 1999-2007թթ զբաղեցրել է Սուխոյի (հց) անվան կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ներկայումս ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության «Միացյալ ավիաշինական կորպորացիան»:

Որպես կոնստրուկտոր և տեխնիկական ղեկավար մասնակցել է մի շարք ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին, այդ թվում նաև «հց-27» կործանիչի ստեղծմանը: «հց-47 ըպՐՍցՑ» բացառիկ ինքնաթիռի հեղինակն ու գլխավոր կոնստրուկտորն է: Ինչպես նաև՝ նոր ռուսական «Superjet-100» մարդատար ինքնաթիռի ծրագրի ղեկավարը, որի առաջին ձեռքբերողներից էր «Արմավիա» ընկերությունը: Արժանացել է մի շարք բաձր պարգևների և շքանշանների:

Ռուսական նոր՝ հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման աշխատանքները անձամբ ղեկավարել է հենց նա: ПАКФА «T-50»-ը դեռ գտնվում է փորձարկման փուլում, և առայժմ այս կործանիչից ստեղծվել է հինգ օրինակ, որոնք անցնում են տարբեր փորձարկումներ: Միքայել Պողոսյանի խոսքով, այս կործանիչում մասնագետները ներառել են ռուսական տարբեր կործանիչների դրական հատկանիշները: Այն շատ ճկուն է, ունի մարտավարատեխնիկական լավ տվյալներ և պատրաստված է նոր տեխնոլոգիաներով: Ըստ նախնական տվյալների` ПАКФА «T-50»-ը սպառազինություն կմտնի 2015թ-ից:

Մեկ այլ, նույնպես փորձարկման փուլում գտնվող հեռանկարային կործանիչի ստեղծման գործում մեծ է մեկ այլ հայազգի ներկայացուցչի` Էրիկ Բռանյանի ներդրումը: Խոսքը վերաբերում է միջազգային ավիաշինության ամենահեղինակավոր ընկերություններից մեկի` ամերիկյան «Lockheed Martin» կոնցեռնի «F-35 Lightnight II» կործանիչի ստեղծմանը, որի նախագծի հեղինակներից է Էրիկ Բռանյանը: Նա զբաղեցնում է «F-35» ծրագրի գլխավոր փոխտնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2008թ փետրվարից՝ միևնույն ժամանակ զբաղեցնելով նաև «Lockheed Martin» ընկերության գլխավոր փոխտնօրենի պաշտոնը: Իր կարիերան նա սկսել է «GE Aircraft Engines» ընկերությունում: «Lockheed Martin» տեղափոխվելուց հետո զբաղեցրել է «Lockheed Martin Integrated Systems and Global Solutions» ինժեներական կազմի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը: Զբաղվել է մի շարք կարևոր և պատասխանատու ծրագրերով, որոնցից է «C4ISR» (տակտիկական հետախուզություն ժամանակակից տեխնոլոգիաներով): Նման տեխնոլոգիաները այսօր կիրառություն ունեն ընդամենը մի քանի ինքնաթիռներում, որոնք հիմնականում ամերիկյան են, և որոնց թվին է պատկանում նաև «F-35»-ը: Նշենք, որ այս կործանիչը հինգերորդ սերնդի միակ կործանիչն է, որը ունի կանգնած տեղից ուղղահայաց վերելքի և վայրէջքի հնարավորություն (այդ ամենը կատարվում է մեկ շարժիչի օգնությամբ): Այն հավակնում է լինել հինգերոդ սերնդի ամենահեռանկարային կործանիչը: «F-35»-ում դեռ փորձարկվում են նոր տեխնոլոգիաներ և ղեկավարման նոր մեթոդներ: Մասնավորապես` յուրահատուկ է լինելու օդաչուի սաղավարտը: Սովորական էկրանի փոխարեն այն ունենալու է պատկերի արտահայտման եռաչափ հնարավորություն: Հատուկ սենսորների օգնությամբ, որոնք տեղադրվելու են ինքնաթիռի տարբեր մասերում, օդաչուն հնարավորություն է ունենալու ստանալ պատկերներ ինքնաթիռի առջևից, հետին մասից, ներքևից և կողքերից: Այսպիսով` օդաչուի սաղավարտի էկրանի շնորհիվ ինքնաթիռը թափանցիկ բնույթ է կրելու, և օդաչուն հնարավորություն է ունենալու տեսնել, թե ինչ է կատարվում ինքնաթիռի շուրջը, ինչը բացարձակ առավելություն է մերձամարտի ժամանակ: «F-35»-ը ստեղծվել է «Lockheed Martin» ընկերության կողմից մշակված կործանիչների տեխնոլոգիական զարգացման ծրագրի շրջանակում: Այս ծրագիրն իր մեջ ներառում է բազմաթիվ տեխնոլոգիական ենթածրագրեր, որոնց ուսումնասիրության ու իրականացման ղեկավարը հենց Էրիկ Բռանյանն է: Նա արժանացել է մի շարք բարձր պարգևների և շքանշանների: Էրիկ Բռանյանին մեծ ապագա է սպասում, նա դեռ երիտասարդ է: Չի բացառվում, որ մոտ ապագայում ավիաշինության հսկայի` «Lockheed Martin»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում տեսնենք հենց նրան:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ռազմական


08/08/2012