Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՂԱՆԴԻՑ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՂԱՆԴԻՑ

Ի՞նչ է աղանդը

Աղանդը կրոնական կազմակերպություն է, որը բաղկացած է եկեղեցուց անջատված եւ դավանանք ընդունած մարդկանցից:
Հայաստանում աղանդավորական շարժումը ծագել է դեռեւս 4-5-րդ դարերում, բայց ծաղկում է ապրել 7-9-րդ (պավլիկյաններ) եւ 10-11-րդ (թոնդրակյաններ) դարերում:
Ներկայումս աղանդավորական կազմակերպությունները իրենց ցանցն են գցում հիմնականում կյանքից դժգոհ, հոգեկան ծանր ապրումներ ունեցող, որպես անհատականություն չկայացած անձանց: Քրիստոնեական ճշմարտություններին անտեղյակ, եկեղեցուց հեռու եւ ազգային արժեքներից կտրված լինելը հեշտացնում է այդ անձանց ներգրավումն աղանդներում, նրանց «մշակումն» ու «հավաքագրումը»:
Որպես կանոն, աղանդավորական կազմակերպությունը բացառում է իր անդամների «ինքնագործունեությունը», արգելում նրանց մտավոր կարողությունների ամեն մի դրսեւորում, բոլոր հնարավոր եղանակներով պատժում սեփական կարծիք արտահայտելու համար, բացասական վերաբերմունք ձեւավորում կրթության նկատմամբ, քանի որ այն, իբր, «կեղծ գիտելիքներով մոլորեցնում է միտքը»: Աղանդավորությունը բացասաբար է վերաբերվում նաեւ ամեն տեսակ աշխարհիկ գործունեության, եթե այն աղանդի անդամին խանգարում է լիովին տրվել ծառայությանը: Գրեթե բոլոր աղանդավորներն իրենց համարում են ընտրյալ, բացառիկ մարդ եւ հավակնում աշխարհի փրկչի դերին:
Քրիստոնեության հիմնադիրը Աստծո Որդին է, իսկ աղանդներինը` հասարակ մահկանացուներ, ովքեր իրենց հետեւորդներից պահանջում են պաշտել իրենց անձը, ինչպես Աստծուն: Այսպես, պավլիկյանների շարժման հիմնադիր է համարվում Պողոս Սամոսատցին: Առավել տարածված աղանդներից ադվենտիստների գործունեությունն առնչվում է Միլերի եւ Ուայտի, մորմոններինը` Սմիթի անունների հետ: Այս անձինք իրենց աղանդների համար դարձել են անառարկելի հեղինակություն, իսկ իրենց նկատմամբ հնազանդությունը` աղանդին անդամակցության պարտադիր պայման: Հեղինակություններն «անսխալական» են, նրանք մարդկանց են հաղորդում Աստծո հայտնությունները, չի կարելի կասկածել նրանց խոսքի ճշմարտացիությանը` ահա այն, ինչ տենդագին ներշնչվում է աղանդի անդամներին: Եւ այդ մոլորյալները ոչ միայն անտրտունջ, այլեւ հոժարակամ, խանդավառությամբ կատարում են իրենց «առաջնորդի» հրամանները, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն:

Ինչո՞ւ պետք է զգուշանալ աղանդներից

Աղանդավորության տարածումը ոչ միայն քրիստոնեության, այլեւ պետության հիմքերը ներսից խարխլելու փորձ է: Օտարերկրյա միսիոներներն ամենեւին էլ շահագրգռված չեն տվյալ երկրում հայրենասիրության տարածմամբ, հասարակության մեջ համերաշխության հաստատմամբ: Ուստի աղանդավորությունը պառակտում է ազգը, խախտում ազգային բազմադարյան ավանդույթները, սերմանում ապազգային գաղափարներ եւ արմատավորում անմարդկային բարքեր:
Երբեմն նշվում է, որ խղճի, կրոնի ազատությունը ժողովրդավարության գերակա սկզբունքներից է, ուստի չի կարելի իրավական նորմերով արգելել որեւէ աղանդի գործունեությունը: Մինչդեռ այդպիսի դեպքերում, չգիտես ինչու, մոռացության է տրվում այն հանգամանքը, որ մյուս կողմն էլ ունի նույնպիսի իրավունքներ, ուստի պետք է համապատասխան իրավական նորմերով պաշտպանված լինի աղանդների ոտնձգություններից:

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՀԱԿՈԲՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր