Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՇԱԽՄԱՏ

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին ճանաչել է 2011թ. աշխարհի լավագույն մարզիչ՝ պարգևատրելով աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալով։ Ի դեպ, տաղանդավոր շախմատիստն ու շնորհալի մարզիչը երկրորդ անգամն է արժանանում նման պարգևի։

Արշակ Պետրոսյանը առաջին անգամ Մ. Բոտվիննիկի անվան մեդալով պարգևատրվել էր 2008թ., երբ մեր հավաքականը դարձել էր օլիմպիական չեմպիոն։

♦♦♦

Հունաստանի Ռեթիմո քաղաքում անցկացված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը առաջինից մինչև վերջին՝ եզրափակիչ 9-րդ տուր ոչ մի պարտություն չկրեց և 7,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։

♦♦♦

Հայաստանը ներկայացնող Եվգենիա Դոլուխանովան առաջին տեղը գրավեց Դանիայի Սարհուս քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում։ Մեր հայրենակցուհին 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և չկրեց ոչ մի պարտություն։ Իսկ ահա Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող հայազգի շախմատիստ Սերգեյ Կասպարովը իտալական Բերգամո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրավել է պատվավոր 2-րդ տեղը։

♦♦♦

Բոսնիա-Հերցեգովինայում անցկացված արագ շախմատի Եվրոպայի աղջիկների առաջնությունում մինչեւ 18 տարեկանների մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Մարիա Գեւորգյանը վեց հնարավորից վաստակելով 5,5 միավոր` նվաճել է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: Մեր հայրենակցուհին 1,5 միավորով առաջ է անցել արծաթե մեդալի արժանացած մրցակցուհուց: Զարգացնելով հաջողությունը` Մարիան հռչակվել է արագ շախմատի աշխարհամասի բացարձակ չեմպիոնուհի: Նա լավագույնն էր նաեւ բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ տեղի ունեցած գերեզրափակիչում: Իսկ հասակակիցների մրցապայքարում դարձավ կայծակնային խաղի առաջնության փոխչեմպիոնուհի:

ՋՐԱՑԱՏԿ

Ջրացատկորդ երևանցի Վլադիմիր Հարությունյանը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացված Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում աշտարացատկի մրցումներում 12 մարզիկների հաշվարկում՝ վաստակելով 403,40 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։

ՖՈՒՏԲՈԼ

Ֆուտբոլի Ուկրաինայի հերթական առաջնության մեկնարկային «Շախտյոր» Դ.-«Արսենալ» Կ. հանդիպման ժամանակ գեղեցիկ խաղով պարզապես փայլել է մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հեթտրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

ԱՄՆ-ի ամենահարուստ 50 մարզիկների ցանկը օրերս գլխավորեց առաջին կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը։ Նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 85 մլն դոլար, և ընդամենը անցկացրած երկու մենամարտերը նրան հնարավորություն ընձեռեցին գլխավորելու ամենահարուստ ամերիկացի մարզիկների ցանկը։ Ի դեպ, բռնցքամարտիկի եկամուտներում գովազդային պայմանագրերից ստացած գումարներն իսպառ բացակայում են։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը՝ 57 մլն դոլար, երրորդ՝ Թայգեր Վուդսը՝ 54 մլն դոլար ընդհանուր գումարով։ Օտարերկրացի մարզիկների ցանկը գլխավորում է շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որի տարեկան եկամուտը 51 մլն դոլար է։ Երկրորդ տեղում Դևիդ Բեքհեմն է՝ 46 մլն, երրորդ տեղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսին է՝ 41 մլն դոլար։ Այստեղ լավագույն հնգյակը եզրափակում է «Ֆորմուլա 1» դասի ավտոմրցավազքի աշխարհի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն (40 մլն դոլար)։

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Մարզաշխարհ


01/08/2012