Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԸ
ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԸ

Ստեփանակերտն է Արցախյան պատերազմի վետերան Նաիրա Իսրայելյանի ծննդավայրը։ Բազմազավակ ընտանիքում է ծնվել։ Հայրը շինարար էր, մայրը հացի գործարանում էր աշխատում։ Ծնողների համար հեշտ չէր հինգ զավակներին պահել, մեծացնել ու կրթության տալ։ Երեխաներից ավագը Նաիրան է։ 11 տարեկան էր Նաիրան, երբ իրենց տանը տեսնելով հիվանդ եղբորը խնամող ճերմակ խալաթով բուժքրոջ հոգատար ու բարի վերաբերմունքը, հոգում արթնացավ բուժքույր դառնալու նվիրական երազանքը, որն էլ այդ օրվանից կանխորոշեց նրա կյանքի ճանապարհը։

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Նաիրան Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր աշխատում՝ որպես բուժքույր։ Ազատամարտի տարիներին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմի աննախադեպ սխրանքները շատերին են հայտնի։
-Վիրահատությունները կատարվում էին հոսպիտալի վերածված շենքերի նկուղներում, հաճախ՝ հրետակոծության տակ, մոմի լույսի ներքո,- հիշում է Նաիրան։
***
…1992-ի ցրտաշունչ հունվարն էր։ Հերթափոխությունից տուն էր գնում։ Հանկարծ սկսվում է հրետակոծությունը։ Արկերը շատ մոտ էին պայթում։ Նրան մի պահ թվում է, թե ինքն իր կյանքի վերջին վայրկյաններն է ապրում։ Նաիրան, սակայն, չի կորցնում հոգու արիությունը, որովհետեւ արդեն գիտեր, հասկացել էր, որ հայ կինը, ամենածանր պայմաններում անգամ ե՛ւ մայր է, ե՛ւ մարտիկ, ե՛ւ գթության քույր, ուստի իրավունք չունի կանացի թուլությանը կուլ գնալու… Առանց տատանվելու վճռում է վերադառնալ հիվանդանոց՝ արհամարհելով մահացու վտանգը։ «Հիմա վիրավորներ կբերեն, անհրաժեշտ է փրկել մարդկանց կյանքը»,- շարունակ մտածում էր… Մի կերպ տեղ է հասնում եւ տեսնում, որ արկի պայթյունից ուրոլոգիական բաժանմունքի շենքն ամբողջովին ավերված է…
***
Լուր ստացվեց, որ Հադրութի շրջանում մեծ թվով վիրավորներ կան։ Ութհոգանոց բուժաշխատողների խումբը, որի մեջ էր նաեւ Նաիրան, վիրաբույժ Վալերի Մարությանի գլխավորությամբ, մեկնեց Հադրութ։ Այդ օրը նա երբեք չի մոռանա. մեկը մյուսի հետեւից ծանր վիրահատություններ կատարեցին՝ դաշտային հոսպիտալի վերածված վրանների տակ, եւ գերբնական ջանքերի շնորհիվ հաջողվեց տասնյակ ազատամարտիկների կյանք փրկել։
***
Լույսը նոր էր բացվել, երբ կրկին վիրավորներ բերեցին, Սարի Շեն եւ Ծամծոր գյուղերի պաշտպանական մարտերում վիրավորներն էին, որոնց թվում էր Աշոտ Ղուլյանը (Բեկորը)։ Մեջքի հրազենային վերքից հոսող արյունը չէր դադարում։ Այդ պահին բժիշկը վիրահատության էր։ Նաիրան լարեց ողջ ուժերը… Նրան մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել արնահոսությունը, եւ այս անգամ էլ փրկվեց քաջակորով ազատամարտիկի կյանքը։
Ռազմաճակատային հուշերն ասես վերջ չունեն…
***
Նաիրային մի քանի օրով տուն էին թողել, երեք ամիս տանը չէր եղել։ Եկել-տեսել էր՝ դուռը փակ։ Հարեւանից իմացել էր, որ ծնողներն ու քույրերը նկուղում են մնում, իսկ եղբայրը՝ Սոկրատը, առաջին գծում է. այդ օրը պիտի ազատագրեին Մարտակերտը։
***
Նաիրա Իսրայելյանի մարտական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Շուշիի ազատագրական մարտերը։
Արիության ու խիզախության այդ օրերին Շուշիից ոչ հեռու տեղակայված դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի կատարած գործն իսկական հերոսություն էր. տասնյակ ազատամարտիկների կյանք են փրկել ու վերստին շարք վերադարձրել մեր հրաշագործ բժիշկներն ու բուժքույրերը, որոնցից անբաժան էր Նաիրան։ Նա հպարտությամբ է պատմում վիրաբույժներ Վալերի Մարությանի, Բորիս Դանիելյանի, Սամվել Գեւորգյանի, Սերյոժա Մովսիսյանի մասնագիտական սխրանքի եւ անձնուրացության մասին։ Ինքը բազմիցս տեսել է ծանր վիրահատությունից հետո նրանց հոգնատանջ դեմքերը, նայել փրկված ազատամարտիկների մշուշոտ, արնակալած աչքերին ու ապրել նրանցում թաքնված հաղթանակի բերկրանքը։
***
Մայիսի 9-ի առավոտյան Նաիրան իր գործընկերուհիների հետ արդեն Շուշիում էր, տոնում էին հաղթանակը… Նա մեր մարտիկների խրոխտ, հաղթական պարն է տեսել ազատագրված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի բակում, տեսել է գմբեթին ծածանվող մեր եռագույնը, եւ երջանկության արցունքները հորդել են շռայլորեն։
***
Դեռ շարունակվում էին մարտերը։ 1993-ի ապրիլի 13-ն էր։ Բուժաշխատողների խումբը, ստանալով հերթական առաջադրանքը, պիտի մեկներ Նախիջեւանիկ գյուղ, որտեղ պաշտպանական մարտեր էին մղվում։ Ասկերանում տեղակայված ինքնապաշտպանական ուժերի շտաբում խումբը կազմ-պատրաստ սպասում էր։ Սկսվում է կատաղի հրետակոծությունը։ Նաիրան վիրավորվում է։ Արկի բեկորը քրքրել էր նրա աջ ձեռքը։ Նրան տեղափոխում են Ասկերանի շրջանային հիվանդանոց… Բուժվելուց հետո Նաիրան վերստին մեկնում է առաջին գիծ, որտեղ իր սիրելի, արիասիրտ ընկերուհիներն էին՝ Արեւիկը, Ալվարդը, Գյուլչորան, Անյուտան…
***
Հրադադարի մասին լուրը Նաիրան Աղդամում է լսում։ Ափսոս… չկար արդեն բուժքույր Հասմիկ Բաղդասարյանը՝ իր ամենասիրելի ու հավատարիմ ընկերուհին… Չկային շատ շատերը, որոնց հետ եւ որոնց կողքին Նաիրան մարտնչել էր ու հաղթել։
Հրադադարից հետո Նաիրան ծառայության է անցնում Ստեփանակերտում տեղակայված զինվորական հոսպիտալում։ Նրան շնորհվում է բուժծառայության ենթասպայի զինվորական կոչում։ Այժմ Նաիրան զինվորական թոշակառու է, միաժամանակ աշխատում է իր համար վաղուց հարազատ օջախ դարձած Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքում՝ որպես գթության քույր։
***
«Արիության», «Շուշիի ազատագրման», «Մարտական ծառայության», «Մայրական երախտագիտության» եւ «Անբասիր ծառայության համար» մեդալները, ինչպես նաեւ պատվոգրերը, շնորհակալագրերն ու բազմաթիվ պարգեւները Նաիրա Իսրայելյանի՝ հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների վկայությունն են։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ