Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱՓՈԽ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



Մի քանի օրից հայոց բանակի շարքերը կհամալրի ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ-սպաների 14-րդ հերթափոխը: Իսկ մինչ իրենց առաջին սպայական կոչումները ստանալը, կուրսանտները պետք է հաջողությամբ հաղթահարեն պետական-ավարտական քննաշրջանը:

Այս քննաշրջանը ռազմական ինստիտուտի կուրսանտների համար մի յուրօրինակ սահմանագիծ է, որից այն կողմ նրանք ուսուցանվողի դերից ստանձնում են ուսուցանողի խիստ պատասխանատու դերը, ուստի պետք է արժանապատվորեն հաղթահարեն ուսումնառության չորս տարիների ընթացքում յուրացրած գիտելիքների և ձեռք բերած հմտությունների ստուգատեսը:

Պահանջները խիստ են. ձեռք բերած մասնագիտական գիտելիքներից բացի, ՌԻ շրջանավարտը պետք է կարողանա գործել իրական մարտի բարդ պայմաններում, արդյունավետ օգտագործի զենքը, զինտեխնիկան: Սա հրամայական է դառնում հատկապես տարածաշրջանային բարդ ու լարված արդի իրավիճակում: Վերոնշյալ հմտությունները կուրսանտները ձեռք են բերում ուսումնառության տարիների ընթացքում տեսական պատրաստության, գործնական պարապմունքների, լարված մարզումների միջոցով:

2011-2012 ուսումնական տարում Ռազմական ինստիտուտը կտա 250-ից ավելի շրջանավարտ` մոտոհրաձիգի, հրետանավորի, տանկիստի, ինժեների և հետախույզի մասնագիտություններով: Ունենք գերազանցության դիպլոմի թեկնածուներ:

Քննաշրջանը մեկնարկել է հուլիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 23-ը, որից հետո կկազմակերպվի ավարտական արարողություն, ծառայության վայրը որոշող վիճակահանություն, դիպլոմների և «Լեյտենանտի» ուսադիրների հանձնում և… բարի ծառայություն հայոց բանակի նորավա՛րտ սպա:

Ռազմական ինստիտուտում ուսանելու ընթացքում ձեռք բերած գիտելիքները հուսալի հիմնաքար են զորքերում հաջող ծառայության իրականացման համար: Փորձը ցույց է տալիս, որ ՌԻ շրջանավարտները կարողանում են հեշտությամբ հարմարվել ծառայողական վայրի առանձնահատկություններին և հաղթահարել ծառայության ընթացքում հանդիպող դժվարությունները:

Ռազմական ինստիտուտում մեկնարկել է նաև դիմորդների ընդունելության գործընթացը:

Դիմորդները «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից քննությունները հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության միասնական քննակարգով: Ապա ռազմական ինստիտուտում բուժզննում են անցել և քննություն հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից: Մի քանի օրից ՀՀ ՊՆ որակավորման հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացվի հարցազրույց` ՌԻ-ում սովորելու համար անհրաժեշտ հատկանիշների ու ունակությունների որոշման նպատակով:

ՀՀ ԶՈւ զարգացման արդի փուլում ընթացող որակական բարեփոխումները երիտասարդ սպաներին առաջադրում են մասնագիտական որակների կատարելագործման մի շարք լուրջ խնդիրներ: Այս պարագայում սպաների վերապատրաստման խնդիրը դառնում է անխուսափելի: Բանակը երիտասարդ սպաներով համալրելու առաքելությունից զատ, ռազմական ինստիտուտը նաև վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում սպաների համար: 2004 թվականից ՌԻ-ում գործում է սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն (ՍԿՈԲԿ), որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում հայոց բանակի սպաները: Այս ուսումնական տարվա ընթացքում «Մայոր» զինվորական կոչման դասակարգմամբ գումարտակների և դիվիզիոնների շտաբների սպաների 25-շաբաթյա դասընթացներին մասնակցել է 45 սպա: Հուլիսի 14-ին ՌԻ-ում կազմակերպվեց ՍԿՈԲԿ-ի դասընթացներն ավարտած սպաների ավարտական միջոցառումը:

Միջոցառումը բացեց գեներալ-լեյտենանտ Մ. Կարապետյանը: Շնորհավորելով սպաներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ` ՌԻ պետը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվել է սպաներին հետագա ծառայության համար անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար:

Ապա զեկույցով հանդես եկավ ՌԻ պետի` ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խ. Խաչատրյանը` ներկայացնելով դասընթացների ընդունելության և ավարտական գնահատականների համեմատական վերլուծությունը: Տարբերությունն ակնհայտ էր, արձանագրված առաջընթացը` տեսանելի:

Սպաներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին ՌԻ դասախոսները: Իսկ ունկնդիրների անունից ՌԻ ղեկավարությանն ու դասախոսական կազմին ցուցաբերած ջանքերի ու հոգատարության համար շնորհակալություն հայտնեց կապիտան Գևորգ Հարությունյանը:

ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Մ. Շիրինյանը սպաներին ուղղված իր խոսքում կարևորեց դասընթացների նշանակությունը` շեշտելով, որ դասընթացների ավարտական գնահատականները կցվելու են սպաների անձնական գործերին և կարևոր դեր են խաղալու ծառայության մեջ նրանց հետագա առաջխաղացման հարցում:

Միջոցառման վերջում պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնվեցին դասընթացների ընթացքում աչքի ընկած ու բարձր գիտելիքներ ցուցաբերած սպաներին:

Դասընթացների կարևորությունը գիտակցում են նաև ունկնդիրները: Սրանում համոզվեցինք դասընթացները գերազանց գնահատականներով ավարտած կապիտան Ռուբեն Պետրոսյանի հետ կարճատև զրույցի ընթացքում: Նա ավարտել է Ռյազանի օդադեսանտային ինստիտուտը: Այն հարցին, թե ի՞նչ տվեց Ձեզ այս դասընթացը, նա պատասխանեց. «Դասընթացների ընթացքում մենք ձեռք բերեցինք հարուստ մասնագիտական գիտելիքներ, կատարելագործեցինք մեր տեսական ու գործնական հմտությունները: Այժմ ես ունեմ վստահություն սեփական գիտելիքների և մասնագիտական ունակությունների նկատմամբ»:

ՌԻ անձնակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորենք մեր սպաներին և ցանկանանք, որ նրանք իրենց ստացած գիտելիքները օգտագործեն ի նպաստ հայոց բանակի հզորացման:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ


25/07/2012