Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Հարավտիրոլյան մի գյուղակում ապրում է Գրեթլի անունով մի աղջիկ։ 17□18 տարեկան։ Նրա ծնողները գերմանացի են, ինքն էլ միայն գերմաներեն է խոսում։ Բայց դա նշանակություն չունի, քանի որ նրա փեսացու Բեպպոն, մասնագիտությամբ մաքսանենգ, երկու լեզուն էլ պիտի լավ իմանա։ Գյուղակը, ուր ապրում է Գրեթլին, գտնվում է սահմանից մի մղոնի վրա եւ, հետեւաբար, աղջիկը փառապանծ Հաբսբուրգների տոհմի հավատարիմ հպատակն է։ Իսկ Բեպպոն ծնվել է հենց սահմանի բերնին եւ մի քիչ ավելի մոտ Իտալիային, ու այդ պատճառով իրեն համարում է փառապանծ սավոյյան տան հավատարիմ հպատակ։ Բեպպոն կրում է թագավորական համազգեստ ու խիզախորեն մարտնչում արքայի թշնամիների դեմ։ Բայց ոնց էլ լինի լայնության ու երկայնության, սահմանների ու ինքնիշխանության բանը, նա, միեւնույն է, Գրեթլիին արքայի թշնամի չի համարում։ Արքան ինչ ուզում է, թող մտածի, իսկ Գրեթլին իր ընկերուհին է։

Իր ողջ ազատ ժամանակը, համենայնդեպս վերջին երեք տարին, Բեպպոն անցկացնում է Գրեթլիի մոտ։ Ու ոչ մի կերպ չի կարող հասկանալ, թե ինչու պիտի պատերազմի պատճառով ինչ□որ բան փոխվի։ Իհարկե, ազատ ժամանակ հիմա այնքան էլ չունի, եւ հետո սահմանն էլ առաջվանից ավելի լավ են հսկում։ Առաջ խորամանկում էր մի քանի տասնյակ մաքսային խուզարկուների. այս էր ամենը։ Սակայն նույնիսկ հիմա անկարելի բան չկա։ Բեպպոն մի գաղտնիք գիտի. այդ գաղտնիքը լեռնային ճանապարհն է, որ ուրիշ ոչ ոք չգիտե։ Այդ ճանապարհը շատ վատն է, ու նրան ամեն անգամ մահացու վտանգ է սպառնում։ Նա Գրեթլիին ասում է, որ հանուն նրա «պատրաստ է անցնել անգամ հրի ու ջրի միջով»։ Գուցե չափազանցում է, բայց շատ լավ է հնչում։ Եվ Գրեթլին հասկանում է, որ այդպիսի քաջությունը պիտի վարձատրվի։

Ժամանակ առ ժամանակ իտալացի Բեպպոն այցելում է ավստրիական տարածք։ Գուցե այդ հանգամանքը ինչ□որ մեկի մոտ կասկած կամ զգուշավորությո՞ւն է ծնում։ Ամենեւին։ Գյուղակում բոլորն էլ գիտեն, որ բացի Գրեթլիից նա ուրիշ ոչինչ չի տեսնում շուրջը։ Եվ ինչ պիտի տեսնի. այծեր, սագեր ու մի քանի ծերունիների։ Չէ, առաջվա պես Բեպպոն կարող է գալ եւ նստել նստարանին Գրեթլիի կողքին, հաց ուտել ու գինի խմել։ Եվ ինչպես առաջ Գրեթլին ու Բեպպոն խոսում են իրենց համար ամենակարեւոր բանի մասին. ե՞րբ են ամուսնանալու։ Պատերազմից էլ են խոսում. ե՞րբ է այն ավարտվելու։

□Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ մենք չենք բռնել Ֆրանց□Իոսիֆին ու չենք նստեցրել վանդակը Կապիտոլիումի առաջ,□ ասում է Բեպպոն։

Իսկ Գրեթլին պատասխանում է։

□Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ֆրանց□Իոսիֆը չի գրավել Հռոմը եւ այն չի տվել Պապին։

Ախր Գրեթլին աստվածավախ կաթոլիկուհի է եւ կարծում է, որ պատերազմը սուրբ նպատակներ է հետապնդում։ Ինչպես տեսնում եք, Գրեթլիի եւ Բեպպոյի քաղաքական հայացքները լրիվ տարբեր են։ Բայց այդ պատճառով նրանք երբեք չեն վիճում։

Նրանց կարծիքով՝ դա այնքան էլ կարեւոր չէ։ Պատերազմը տհաճություն է, դե, ասենք, ինչպես ցուրտ գիշերը խաղողի հասունացման ժամանակ կամ կարկուտը բերքահավաքի օրերին։ Թերեւս մի քիչ ավելի վատ, բայց նման մի բան։ Դա սրբերի եւ արքաների զբաղմունքն է, եւ մեզ՝ հասարակ մահկանացուներիս, բնավ չի վերաբերում։ Այդ պատճառով էլ երբեմն հարցնում ենք առանց պատասխան ստանալու հույսի. ինչո՞ւ, ախր ինչո՞ւ։

□Իսկ ինչո՞ւ եք դուք պատերազմում,□հարցնում է Գրեթլին։

Բեպպոն հենց նոր էր հավաստիացրել, որ հանուն աղջկա ինքը պատրաստ է անցնել հրի ու ջրի միջով, եւ աղջիկն էլ իսկույն պարգեւատրել էր նրան քաջության համար, ու Բեպպոն մտքում օրհնել էր պատերազմը, որը, ճիշտ է, անուղղակի, իրեն նման հաճելի պարգեւ էր տվել։ Բայց անգամ այդ ուրախ պահին նա մտածեց վաղվա օրվա մասին ու հոգոց հանեց.

□Վաղն էլի ճամփա պիտի ընկնեմ կռվի դաշտ։

Այ հենց այդ ժամանակ էլ Գրեթլին հարցրեց՝ ինչո՞ւ։ Բեպպոն նրանցից չէ, որ անհարկի սկսի մտածել։ Եթե անգամ ուղեղը լարում էլ է, ապա հանուն մի ինչ□որ ավելի կարեւոր բանի, քան քաղաքականությունն է։ Բայց այդ պահին նա հիշեց մի արտահայտիչ նախադասություն, որ պարոն գնդապետն էր ասել.

□Մենք՝ իտալացիներս, պայքարում ենք ազգի իրավունքների համար։ Տիրոլն ու Տրիեստը եւ ողջ առափնյակը պետք է պատկանեն Իտալիային։

Դժբախտաբար պարոն գնդապետի նախադասությունը հաջողություն չունեցավ այս կողմում։ Գրեթլին առարկում է.

□Մի՞թե ես իտալուհի եմ։ Այստեղ գերմանացիներն իտալացիներից քիչ չեն, իսկ այնտեղ, ավելի հարավում, ապրում են նաեւ սլովակներ ու չեխեր, սերբեր ու հույներ։

□Հա, ճիշտ է,□ ասում է Բեպպոն։□Իսկ գուցե մենք կռվում ենք հանուն հավատի։ Հիշի՛ր Տրիպոլիտանիան, էնտեղ կռվեցին կռապաշտների դեմ, էստեղ՝ նույնպես։ Չէ որ մեր դեմ թուրքերն են։

Այ հենց այստեղ էլ նա խրվեց։ Կռապաշտնե՜ր։ Գուցե Գրեթլի՞ն էլ է կռապաշտ։ Գրեթլին, որ ամեն Աստծո օր գնում է աղոթելու։ Իսկ Բեպպոն իր գնդապետի հետ այդքան հաճախ գնո՞ւմ է աղոթելու։ Եվ միթե Բեպպոն կամ, համենայնդեպս, նրա թագավորը չէ որ միավորվել են ռուսների հետ։ Սրանք, որ հաստատ կիսակռապաշտ են, որ չեն ենթարկվում Պապին։ Չէ, եթե Բեպպոն իսկական քրիստոնյա լիներ, կկռվեր հենց ի՛ր թագավորի դեմ, որպեսզի Հռոմը վերադարձներ Պապին։

Բեպպոյի քաղաքական պարտությունը կանխորոշված էր։ Նա գիտակցում էր, որ ախր պետք է ժողովրդի համար հասկանալի բացատրություն մտածել, թե ինչու ենք պատերազմում։ Սակայն որպես իսկական մարտիկ նա չէր ուզում անձնատուր լինել։ Եվ ամբողջ տասը րոպե մտմտում էր՝ ջանալով խելքը գլխին մի պատճառ գտնել, թե ինչու է Իտալիան պատերազմում Ավստրիայի դեմ։

Եվ ի վերջո գտավ։

□Գրեթլի,□ ասում է նա,□հիմա գիտեմ՝ ինչու։ Տե՛ս, մենք՝ իտալացիներս, շատ□շատ ենք, իսկ մեր հողը՝ քիչ։ Դրա համար էլ վերցրինք Տրիպոլիտանիայից մի կտոր։ Մենք էստեղից էլ կվերցնենք մի կտոր։

Խե՜ղճ Բեպպո։ Ա՜յ թե խելքին զոռ տվեց։ Ա՛խ, ուրեմն, նրանք կռվում են, որ հո՞ղ գրավեն։ Ո՞ւմ հողը։ Այստեղ բնակեցված է հողի ամեն մի թիզ, որ կերակրում է իր տիրոջը։ Նշանակում է՝ նրանք ուզում են խլել հացը աղքատների բերանից։ Գուցե նաեւ ուզում են խլել Գրեթլիի տնա՞կը, հավաքել նրա խաղողն ու մորթել ա՞յծը։

Խե՜ղճ Բեպպո։ Մի ողջ ժամ պահանջվեց, որպեսզի խաղաղեցնի մի վայրկյանում բարձրացրած փոթորիկը։ Նա հասկացավ, որ քիչ է ասել, թե ինչու ենք պատերազմում, հարկավոր է կարողանալ հիմնավորել պատերազմի պատճառները։

Եվ, այնուայենայնիվ, այդ նրան հաջողվեց։ Չէ, իհարկե, ոչ թե հիմնավորել պատերազմի պատճառները, այլ մեղմել թշնամուն։ Ի վերջո հասավ այն բանին, որ հաշտության պայմանագիրը կնքվեց եւ ամրագրվեց համբույրով։ Ներշնչման այդ պահն էլ նրա գլխում մի երջանիկ միտք ծագեց։

□Լսիր, Գրեթլի, այ հիմա ես իսկապես գիտեմ՝ բանն ինչ է,□ ասում է նա։□Իտալիան պատերազմում է Ավստրիայի դեմ, որպեսզի քեզ մոտ գալու ճանապարհին ես կարողանամ անցնել հրի ու ջրի միջով եւ որպես պարգեւ համբույր ստանամ քեզնից։

□Ի՜նչ հիմարն ես, Բեպպո,□պատասխանում է Գրեթլին։ Սակայն հոգու խորքում աղջիկը մտածում է, որ այդ երեկո Բեպպոյի ասածներից դա ամենախելամիտն է։

ՅԱԼՄԱՐ ԲԵՐԳՄԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Հոգևոր-մշակութային


25/07/2012