Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՔՈ ՄԵՋ Է, ՈՒՐ ԷԼ ՈՐ ԳՆԱՍ...
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՔՈ ՄԵՋ Է, ՈՒՐ ԷԼ ՈՐ ԳՆԱՍ…

Հարցազրույց բանաստեղծ, իսպանական «Ռենիսիմենտո» հրատարակչության խմբագրական խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հետ։ Նա հեղինակ է բանաստեղծությունների և էսսեների ութ՝ «Սիրո խճանկար», «Անձրևը կայարանում», «Անմոռաց հիշողություններ», «Հեռացար արևի հետ», «Արտիստը», «Չավարտվող լույս», «Իմ այգու երկինքը», «Կյանքի ստվերները» ժողովածուների։

-Պարոն Հարությունյան, մեր թերթի առաջին ծանոթությունը Ձեզ հետ մայիսի 9-ին էր՝ Հաղթանակի օրը։ Մեր թերթի տոնական համարի առաջին էջում մենք տպագրեցինք Ձեր նամակը Հայրենական պատերազմում կռված և վիրավորված Ձեր հոր՝ Վիրաբ Հարությունյանի մասին և մի բանաստեղծություն՝ «Խնձորի այգին» վերնագրով։ Ի դեպ, Ձեր նամակը շատ անկեղծ էր և դատելով մեր ընթերցողների արձագանքից, հուզել էր շատերին։ Եվ ահա Դուք մեր թերթի հյուրն եք…

-Ասացիք առաջին ծանոթություն, մինչդեռ ձեր թերթին ես վաղուց եմ ծանոթ, ավելի ճիշտ՝ այն օրվանից, երբ լույս տեսավ թերթի էլեկտրոնային տարբերակը… Չեք պատկերացնի՝ որքա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ փնտրելով «զինվոր» բառը գտա մի ամբողջ թերթ։ Հեռվից ես հայաստանյան իրականության մասին փորձում եմ պատկերացում ստանալ ոչ թե ընդդիմադիր կամ կուսակցական մամուլից, այլ՝ պետական։ Ես, որպես հայ մարդ, հայ տղամարդ խորին հարգանք եմ տածում ընդհանրապես մեր բանակի և զինվորականության նկատմամբ։ Ձեր թերթն ինձ հնարավորություն տվեց հեռու Իսպանիայում ծանոթանալ մեր պետականության կարևորագույն վկայություններից մեկի՝ զինված ուժերի կյանքին։

Շնորհակալ եմ այսօրվա հրավերի համար և, իհարկե, նամակս տպագրության արժանացնելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, որոնց հուզել է Հայրենական պատերազմում կռված զինվորի ճակատագիրը։ Ես արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ Հայաստանից հեռու եմ ապրում, հայկական մամուլում չեմ տպագրվել, և փաստորեն ձեր թերթը խախտեց իմ «լռությունը»։

-Բայցևայնպես, հասցրել եք իսպաներենով ութ ժողովածու հրատարակել։ Թույլ տվեք միանգամից հարցնել՝ ինչի՞ մասին են Ձեր գրքերը. հավանաբար կարոտի, հայրենիքի…

-Հայրենիքից հեռու ապրող մարդու համար հայրենիքը միակ խարիսխն է, որ թույլ է տալիս չկորչել օտար և անծանոթ օվկիանոսում։ Այս մասին կվկայի ցանկացած մարդ, որին ճակատագիրը նետել է հեռավոր ափեր։ Պատասխանելով Ձեր հարցին՝ ասեմ, որ իմ ստեղծագործությունների հերոսը մարդն է, իր ներաշխարհով, որը տիեզերական չափում ունի։ Իմ բանաստեղծությունների հերոսը հայը չի, բայց հայ ընթերցողը, կարդալով, անպայման կճանաչի ինքն իրեն։ Իսկ հայրենիքի մասին չգրել պարզապես հնարավոր չէ։ Իմ առաջին գրքերից մեկը, որն ունի «Սիրո խճանկար» վերնագիրը, հենց հայրենիքի, հայրենասիրության մասին է։ Հայրենիքին եմ նվիրել նաև էսսեների մի ժողովածու՝ «Անմոռաց հիշողություն», որը գրվել է տարբեր ժամանակներում, հատկապես հոգեկան խոր ապրումների շրջանում։ Նման պահերին, ուզած թե չուզած, մարդն իր հայացքը դարձնում է հայրենիքին՝ նրա մշակույթին, պատմությանը, ինչպես նաև, ինչ խոսք, մանկության հուշերին, ծնողներին… Նրանք ինձ շատ են օգնել օտարության մեջ կայանալուս համար։

-Սևիլիայում, որտեղ Դուք հաստատվել եք, որքան գիտեմ, հայկական համայնք չկա, թե՞ կա։

-Հայեր կան՝ հայաստանցիներ, իրանահայեր, բայց համայնք դասական իմաստով գոյություն չունի։ Ցավոք, Իսպանիայում շատ քիչ բան գիտեն մեր երկրի ու մեր ժողովրդի մասին։ Ես իմ վերոհիշյալ երկու գրքերով փորձել եմ գոնե մասամբ այդ բացը լրացնել։ Պատահում է՝ հարցնում են՝ ո՞ր երկրից եք, պատասխանում ես՝ Արմենիա, ճշտում են՝ Ալբանիա՞… Նման դեպքերում, իհարկե, չեմ դիմում հայտնի միջոցին և անմիջապես վրա չեմ բերում՝ Ազնավուր, Խաչատրյան, այլ պարզապես երազում եմ այն օրվա մասին, երբ մեր փոքրիկ հայրենիքը՝ Արմենիան, այնպիսի հզոր ու բարեկեցիկ երկիր կդառնա, որ ամեն մարդ, այդ անունը լսելիս, ակամայից կբացականչի. «Հա՜, Արմենիա, լեռնային ծաղկավետ երկիրը»։

-Երկու տասնամյակ անց ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը։

-Առաջին օրերի խանդավառությունս շատ արագ էլ մարեց։ Տեսա, որ ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը դեռևս շատ մեծ դժվարությամբ է վաստակում իր հանապազօրյա հացը։ Տեսա, թե ինչպես հարազատ եղբայրներս՝ աշխատասեր, հողագործ մարդիկ, ամբողջ օրը կռիվ են տալիս հողի հետ և դատարկաձեռն են նստում։ Գուցե ես որպես դրսի մարդ բոլորովին իրավունք չունեմ նման դատողություններ անելու, բայց ինձ թվում է՝ գոնե կարծիք հայտնելու իրավունք ունեմ… Ես մտածում էի՝ հաղթական պատերազմից հետո մեր քաղաքներում, փողոցում կտեսնեմ այդ հաղթանակը կռած զինվորների, հերոսների պատկերները՝ որպես հայրենասիրության օրինակելի դասեր… Ավաղ, չտեսա։ Ես չգիտեմ, եթե ձեր թերթում այդ մասին չգրվի և նման մարդկանց սխրագործության մասին չպատմվի, ուրիշ էլ որտե՞ղ կարելի է հանդիպել նման մարդկանց անունների… Հայրենիքի համար կռվելը հերոսություններից ամենամեծն է։ Փողոցներում ես չտեսա որևէ հերոսի մեծադիր նկարը, լուսանկարը, մինչդեռ ռեկլամային վահանակները վխտում են հազար ու մի երգիչ-երգչուհիների (անհայտ), միմոսների վառ ու գունագեղ գովազդներով… Մեր փողոցներով անցնողը չի հավատա, որ ընդամենը մեկուկես տասնամյակ առաջ պատերազմ է եղել, և որ այդ պատերազմը դեռ չի ավարտվել… Հավատացեք, սահմանին զոհված ամեն զինվորի մահը մեզնից յուրաքանչյուրը պետք է ընկալի որպես իր սրտին հասցված հարված։

-Պարոն Հարությունյան, ի՞նչ էական նմանություններ եք տեսնում մեր ժողովրդի և իսպանացիների միջև։

-Իսպանացիները հայերի պես ջերմ ժողովուրդ են։ Այդ երկիր մտնելուս առաջին օրերին, ամիսներին նրանք ինձ օգնության ձեռք մեկնեցին, որպեսզի կարողանամ ոտքի կանգնել։ Եթե այդ ըմբռնումն ու ջերմությունը չլիներ, հազիվ թե իսպաներենը յուրացնեի այդ լեզվով ստեղծագործելու աստիճան։ Էական տարբերությունն այն է, որ նրանք կարողանում են ապրել տվյալ պահով, կարողանում են գոհանալ փոքրիկ ուրախություններով՝ մի բաժակ պաղպաղակով, մի կում սուրճով, պարզապես փողոցում քայլելով… Իսկ մենք, ինչ խոսք, ավելի շատ ապրում ենք անցյալով կամ անհավանական ապագայով, որոնք գոյություն չունեն, կամ, եթե ունեն էլ, ապա միայն մեր երևակայության մեջ։ Ես ահա քսան տարի փորձում եմ ազատվել հայիս այդ բարդույթից, բայց չեմ կարողանում, չի ստացվում։ Ես իմ հպարտությունները, իմ սերերը անցյալում փնտրում եմ կամ փորձում եմ ապագա տեղափոխել, իսկ ներկան համառորեն չեմ կարողանում ո՛չ տեսնել, ո՛չ հիանալ նրանով, ո՛չ էլ սիրել։ Որքան ճիշտ է ասված՝ քո ինքնությունից չես փախչի։

-Իսկ ի՞նչ է տվել Ձեզ իսպանական մշակույթը, լեզուն։

-Ես ինձ երջանիկ եմ զգում, որ կարողացել եմ բնագրով կարդալ մեծն Բորխեսին, ծանոթանալ հայտնի պոետ Անտոնիո Մաչադոյի ստեղծագործություններին, հիանալ Սերոնադայի բանաստեղծություններով։ Նման մեծություններին կարդալով ես ավելի ու ավելի եմ սիրում Չարենցին։ Թերևս միայն Չարենցն է, որին մենք այսօր կարող ենք վստահաբար դնել համաշխարհային տիտանների կողքին։

-Ինչի՞ մասին կլինի Ձեր հաջորդ ժողովածուն։

-Ես հիմա զբաղված եմ իմ տարբեր տարիների իսպաներեն գրված բանաստեղծությունների ընտրանին հայերեն թարգմանելով։ Այս քայլին ինձ դրդել են իմ գրչակից ընկերները, և Հայաստան գալուս նպատակներից մեկն էլ հենց այդ է։ Իսկ ավելի լուրջ անելիքներից մեկը Չարենցին իսպաներենով ներկայացնելու մտադրությունս է։ Ես տարիներ շարունակ ինձ պատրաստում եմ պատասխանատու այդ գործին. գուցե պատճառներից մեկն էլ, որ չեմ կարողանում այդ գործին ձեռք զարկել, Չարենցի մեծությունը խորապես ըմբռնելն է։ Հիմա կարծես կամաց-կամաց հաղթահարում եմ վախս…

-Պարոն Հարությունյան, Դուք ծանոթ եք հիմնականում մեր թերթի ինտերնետային տարբերակին, իսկ ինչպիսի՞ն է ինքը՝ «կենդանի» թերթը։

-Ինչ խոսք, ավելի տպավորիչ, ավելի հարուստ։ Եթե իմ ցանկությունն եք ուզում իմանալ, ապա ես կուզեի, որ «Հայ զինվորը» կարողանար նեղ բանակային թեմատիկայից դուրս գալ և ավելի շատ հասարակական խնդիրներ շոշափեր։ Թեև միևնույն ժամանակ հասկանալի է, որ այն պաշտպանական գերատեսչության պաշտոնաթերթն է և չի կարող թեմատիկ առումով շատ «ընդարձակվել»։ Ես շատ եմ հավանում հատկապես թերթի լեզուն, որը և՛ գրագետ է, և՛ պատկերավոր, և՛ հարուստ։ Դուք բոլորով շատ կարևոր և շատ գնահատելի գործ եք անում՝ հայ զինվորին ներկայացնելով հասարակությանը… Մենք ավելի մեծ արժեք, քան զինվորն է, չունենք…

Հարցազրույցը վարեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ