Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Զ. ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



«Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի». այս արտահայտությունը վերցված է 5-րդ դարի պատմիչ Եղիշեի մատյանից, որում նա, խոսելով Վարդանի և Վարդանանց պատերազմի մասին, նկարագրում է նաև նահատակված կամ գերեվարված հայ զորականների կանանց կրած նեղությունները, նրանց հերոսական համբերությունն ու ազգանվեր վարքը։ «Փափկասունք», այսինքն՝ կանացիորեն նրբակազմ, վայելչատեսք, բայց և ոգով արի, քաջակորով կանայք, որոնք հիշատակության և խնկարկումի արժանի շատ գործեր են կատարել՝ փառավորելով իրենց անունները մեր ժողովրդի պատմության մեջ։ Այդ կանայք իրենց ամուսիններին կռվի ճամփած հայ գեղջկուհիներն էին, որոնք վառ էին պահում օջախի կրակը, մայրերը, որոնք զինվոր ու զորապետ էին նվիրաբերում ազգին՝ հաղթանակների օրհնանքը շուրթերին, դուստրերը, որոնք հպարտորեն կրում էին հայրական տոհմի ջիղը, քույրերը, որոնք եղբայրներ ունեին և պատրաստ էին նրանց հետ կիսել ճակատագրի բեռը…

Այդ կանայք նաև հայոց թագուհիներն էին, որոնցից շատերը մեր ազգային պատմության մեջ մտան որպես պետական-քաղաքական երևելի գործիչներ։ Անտեսել նրանց խաղացած դերը հայ կյանքում՝ նշանակում է մեր անցյալի պատմությունը ներկայացնել որոշակիորեն թերի, ոչ լիարժեք, համենայն դեպս՝ կիսատ, ուստի այս զրույցի թեման կարևոր է ոչ միայն հայ իրականության մեջ կանանց, այն էլ՝ թագուհիների դերի ընդգծման, գնահատման, այլև պատմական Հայաստանում պետական-քաղաքական կյանքի կազմակերպման շատ կողմեր ճիշտ հասկանալու, մեկնաբանելու առումով։ Եվ բնավ պատահական չէ, որ պատմագիտությունը, լայն իմաստով՝ հայագիտությունը, անդրադարձել են հայ պետականության մեջ թագուհիների ունեցած դերակատարության խնդրին, արել ուշագրավ վերլուծություններ, որոնք այսօր էլ հետաքրքիր են և լույս են սփռում մեր անցյալ կյանքի առանձին իրողությունների և իրադարձությունների վրա։

Ընդհանրացնելով պատմական փաստերը՝ հայագետ-պատմաբանները հանգել են հետևյալ եզրակացության. հին Հայաստանի կյանքում թագուհիների խաղացած դերը բնորոշվում է երեք հիմնական դասակարգմամբ՝ իշխանակցություն, փոխանորդություն, հաջորդություն։ Անդրադառնանք դրանց առանձին-առանձին։

Իշխանակցությունը, ինչպես հուշում է բառն ինքը, այն դեպքն էր, իրողությունը կամ վիճակը, երբ երկրի պետական-քաղաքական կյանքում թագուհին գրավում էր բարձրագույն դիրք, դառնում իշխանության կարևորագույն դեմքը թագավորից հետո կամ նրա հետ միաժամանակ։ Այս իրողությունը Հայոց արքունիքում առկա է եղել դեռևս քրիստոնեությունից շատ առաջ, հնագույն ժամանակներում և դրա ցայտուն օրինակները տալիս է հայ Արշակունի թագավորների գահակալության շրջանը։ Դիցուք՝ շատ են դեպքերը, երբ հնագույն պաշտոնական հիշատակարաններում, արձանագրություններում թագավորի և թագուհու անունները նշվում են միասին, կողք կողքի։ Ելնելով դրանից՝ հայագետները «իշխանակցության» հետ զուգահեռ հաճախ գործածում են «թագակցություն» եզրույթը, ինչը նշանակում է, որ թագուհիները եղել են երկրի կառավարման ամենաբարձր աստիճանում, թագավորների հետ հավասարապես կիսել իշխանության պատասխանատվությունը։

Ասվածի վկայությունը նաև Հայոց թագավորների հատած այն դրամներն են, որոնց երեսին պատկերված են իրենք, հակառակ երեսին՝ թագուհիները։ Այդպիսին են, օրինակ, Տիգրան Դ-ի հատած երկու դրամները թագավորի և թագուհու պատկերներով, և դա նկատի առնելով՝ հույն պատմիչ Տիկիտոսը տվել է հետևյալ ուշագրավ բնորոշումը. նրանք «իրարու հետ միացեալ էին ամուսնութեամբ և թագավորութեամբ»։ Ավելորդ չհամարենք նկատել, որ դրամի վրա պատկերված կինը իրականում եղել է Տիգրան Դ-ի քույրը՝ Էրատոն, որը գահակալել է եղբոր հետ միասին և իրավամբ համարվում է Հայոց թագուհի։ Այս փաստը, ուրեմն, ոչ թե ժխտում, այլ ավելի է հաստատում իշխանակցության կամ թագակցության գաղափարը հայոց պետականության մեջ՝ ունենալով նաև ազգակցության բնույթ։

Հիշյալ գաղափարի ևս մեկ հաստատում՝ կապված Տրդատ թագավորի հետ։ 4-րդ դարն էր, և Հայաստանում տեղի էր ունենում մեծագույն իրադարձություն՝ հեթանոսությունից անցում քրիստոնեության։ Անհրաժեշտաբար նրանք պետք է ունենային իրենց հոգևոր հովվապետը, որին ընտրելու էր ժողովը։ Հովվապետ ընտրվում է Գրիգոր Լուսավորիչը, և այդ գործում Տրդատ թագավորի հետ ամենաակտիվ դեր են խաղում նրա կինը՝ Հայոց թագուհի Աշխենը, և քույրը՝ Խոսրովիդուխտը։

Ասվածն ունի այլ գրավոր վկայություն. Գրիգոր Լուսավորիչը, ընտրվելով հովվապետ, պետք է նաև ձեռնադրվեր համապատասխան եկեղեցական կարգով, բայց Հայաստանում այդ արարողությունը կատարելու համար իրավասու բարձրաստիճան հոգևորական չկար, և նորընտիր հովվապետը ստիպված էր մեկնել Կեսարիա՝ ձեռնադրվելու Ղևոնդ արքեպիսկոպոսի կողմից։ Տվյալ դեպքում մեզ հետաքրքրողն այն փաստն է, որ արքեպիսկոպոսին հղված խնդրագիրը գրվել է Հայոց թագավոր Տրդատի, Աշխեն թագուհու և արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի անունից։ Սխալ չի լինի նկատել, որ Տրդատ թագավորը դա արել է ոչ թե պարզապես ցանկությամբ, այլ ընդունված պետական կարգին համապատասխան, և պատահական չի կարելի համարել, որ արքեպիսկոպոսն էլ իր պատասխանն ուղարկել է հենց այդ երեք անձանց անունով։

Իշխանակցության կամ թագակցության գաղափարը հայերի մեջ ոչ միայն չմարեց, այլև զարգացում ապրեց հետագա դարերում։ Դրա վառ օրինակները տեսնում ենք Կիլիկյան Հայաստանում։ Վերցնենք Զապել թագուհու օրինակը։ Ակնառու են եղել նրա ծառայությունները երկրին։ Լինելով Կիլիկյան Հայաստանի Մեծագործ, Բարեպաշտ պատվանուններն ստացած Լևոն Բ թագավորի դուստրը՝ նա ինքն էլ եղավ մեծագործ ու բարեպաշտ Հայոց թագուհի, ամուսնու՝ Հեթում Ա թագավորի համախոհն ու ջերմեռանդ աջակիցը։ Ժամանակակիցները նրան կոչել են «առաքինաջան կին», որը հմուտ է եղել կրթության և գիտության մեջ, մայրաքաղաք Սիսում կառուցել Կաթողիկե և Սուրբ Մարինե եկեղեցիները, կատարել բազմաթիվ այլ հիշարժան գործեր։ Թագուհու ամենամեծ գործը, սակայն, երկրում առողջապահության կազմակերպումն ու կառավարումն էր։ Իբրև հեռատես և շրջահայաց գործիչ՝ նա առողջապահությունը դրեց պետական հոգածության ներքո, սահմանեց բժիշկների խրախուսման և հովանավորման կարգ, արեց այնպես, որ երկրում օրենսդրորեն ընդունվեն հիվանդությունների և համաճարակների կանխման, առողջապահության դրվածքի բարելավման հատուկ կանոններ, որոնց պահպանումը նրա մշտական հսկողության տակ էր։

Հայ իրականության մեջ մեծ իրադարձություն էր Զապել թագուհու կառուցած հիվանդանոցը Սիսում։ Այն պետական էր, գործում էր արքունիքի միջոցներով և հիվանդներ ընդունում հասարակության բոլոր շերտերից, նաև՝ Եվրոպայից և արաբական երկրներից։ Հիվանդանոցը, որտեղ, ի դեպ, հաճախ հերթապահում էր նաև թագուհին՝ իր զավակներով, գոյատևեց 134 տարի, մինչև 1375 թվականը, երբ կործանվեց Կիլիկյան Հայաստանը։

Պետական երևելի գործիչ է եղել նաև Զապելի մայրը՝ Կիլիկյան Հայաստանի Կեռան թագուհին, ամուսնու՝ Լևոն Գ-ի իշխանակիցն ու թագակիցը։ Նրա գործունեության ասպարեզը հիմնականում մշակույթն էր, և եթե այսօր մենք հպարտորեն խոսում ենք Կիլիկյան Հայաստանի հոյակապ մանրանկարչության մասին, ապա դրանում իր մեծ ծառայությունն ունի Զապել թագուհին և՛ որպես արվեստի հովանավոր, բարեգործ, և՛ որպես պատվիրատու։ Նրա ամենանշանավոր գործը եղավ իր իսկ անունն ստացած «Կեռան թագուհու Ավետարանը» ձեռագիրը, որի մանրանկարչական ձևավորումը արվեստի այդ ճյուղի եզակի նմուշ է, գլուխգործոց։

Կեռան թագուհին ևս ակտիվորեն մասնակցել է պետական կառավարմանը, որպես երկրի առաջին տիկին մշտապես ներկա լինելով և հետևելով զորահանդեսին ու զորավարժություններին, ընդհանրապես՝ բանակի կյանքին։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ասպետությանը (նժույգավարությանը), որում ներգրավել էր նաև իր զավակներին։ Պատահական չէր ժամանակակիցների՝ նրան տված գնահատականը՝ «տիրատուր իշխանություն»։

Անդրադառնանք փոխանորդությանը։ Սա այն դեպքն էր, իրողությունը կամ վիճակը, երբ թագուհին ամբողջությամբ դառնում էր թագավորի փոխանորդը նրա բացակայության կամ վախճանվելու պատճառով։ Այլ կերպ ասած՝ երբ թագուհին դառնում էր բարձրագույն պաշտոնատար անձ և իր դիրքին վայել պետք է ունենար ամրակուռ կամք, երկրի գործերը տնօրինելու, հաճախ ճակատագրական հրամաններ արձակելու վճռականություն։ Այս առումով հայոց պատմության մեջ առանձնանում է Փառանձեմ թագուհին, ուստի բավարարվենք նրա օրինակի վկայությամբ։

Փառանձեմի ամուսինը՝ Արշակ Բ-ն, պարսից արքայի նենգամիտ հրավերից խաբված՝ մեկնել էր Տիզբոն, ձերբակալվել, և անխուսափելի էր դարձել պարսկական զորքի ներխուժումը Հայաստան, ինչը կատարվեց 368 թվականին։ Այդ ծանր շրջանում էր, ահա, որ Փառանձեմ թագուհին արիաբար իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը, զորք հավաքեց և հմտորեն կազմակերպեց դիմակայությունը օտար զավթիչների դեմ։ Դրսևորելով պետական գործչին վայել հեռատեսություն՝ նա վերցնում է արքունական գանձերը և 11 հազարանոց պահակազորով ամրանում Արտագերս բերդաքաղաքում, որը շուտով պաշարում է պարսից Շապուհ 2-րդ արքայի 50 հազարանոց զորաբանակը։ Սկսվում է Արտագերսի պաշտպանությունը, որը, մասնագետների գնահատմամբ, դառնում է հայ ռազմարվեստի նշանավոր էջերից մեկը։ Փառանձեմ թագուհու նպատակն էր դիմակայել թշնամուն՝ մինչև օգնության կհասնեն Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Սպասվում էր, որ վճռական պահին օգնության կգա նաև բյուզանդական զորքը։ Եվ հենց բյուզանդական աղբյուրներն են վկայում, թե ինչպիսի հմտությամբ է Փառանձեմ թագուհին կարողացել կազմակերպել Արտագերսում պաշարվածների հերոսական պաշտպանությունը, որը տևեց 14 ամիս և դեռ էլի կերկարեր, եթե բերդաքաղաքում համաճարակ չսկսվեր։ Արտագերսը ի վերջո ընկավ, բայց Փառանձեմի սքանչելի կերպարը մնաց ժողովրդի հիշողության մեջ, փառաբանվեց գրականության (Րաֆֆու, Զորյանի, Զեյթունցյանի պատմավեպերում), երաժշտության մեջ (Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում)։

Երկրի պետական-քաղաքական կյանքին թագուհու մասնակցության ավելի բարձր մակարդակ էր հաջորդականությունը։ Սա այն դեպքն է, իրողությունը կամ վիճակը, երբ ամուսնուց (թագավորից, սպարապետից, իշխանից) հետո պետության կառավարումը, ըստ էության, անցնում էր նրա կնոջը։ Դրա վառ օրինակն էր Զարմանուհին, որը, ճիշտ է, Կիլիկյան Հայաստանի Ռուբինյան Հեթում սպարապետի կինն էր, բայց հետո իրավամբ համարվեց Հայոց թագուհի՝ բարձրագույն իշխանությանը հատուկ բոլոր իրավասություններով։ Այդ նա էր, որ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո, կորցնելով ամուսնուն, իր Գևորգ որդու և 300 խիզախ զորականների հետ անցնում է լեռներն ու ոչ միայն հաջողությամբ պաշտպանվում թուրքերի հարձակումից, այլև գրավում Կապան բերդը, այնուհետև՝ Կոկիսոն ամրոցը, այն դարձնելով անառիկ։ Ստացվում է այնպես, որ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո լեռներում՝ մի փոքրիկ հողակտորի վրա, ավելի քան վեց տասնամյակ շարունակում է գոյատևել հայկական մի ուրույն պետականություն, որի գլուխ կանգնած էր քաջարի հայ կինը՝ Զարմանուհին։

Որպես ամփոփում՝ նշենք. Հայոց թագուհիները, ընդհանրապես հայ բարձրաստիճան կանայք՝ լինեն արքայամայրեր, արքայադուստր կամ իշխանուհի, իրենց հավաքական կերպարով դարեր շարունակ մարմնավորել են հայ ոգին, և դա հայկականության ամենաբնորոշ գծերից մեկն է։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Հոգևոր-մշակութային


18/07/2012