Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ՔՈՒՆԸ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ



ՔՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Վերջին հարյուրամյակում մեր մոլորակի մարդիկ սկսել են քնել քիչ, վատ ու անհանգիստ։ 100 տարվա մեջ գիշերվա ընթացքում քնի ընդհանուր ժամանակը նվազել է միջինում 20%-ով։ Այդ պատճառով երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի քնի խանգարման ախտանիշներ են նկատվում, իսկ 13%-ի համար այդ խանգարումները կրում են քրոնիկական բնույթ։

Կյանքի 1/3-ը մենք անցկացնում ենք քնած։ Քնի մասին հավանաբար քիչ չի խոսվել ու գրվել, քան սիրո մասին։ Շեքսպիրն ասում էր. «Քունը մայր բնության հրաշալիքն է», Շոպենհաուերը մարդու համար քունը համարում է նույնը, ինչպես լարումը՝ ժամացույցի համար։ Հնում կարծում էին, որ քնած ժամանակ հոգին լքում է մարմինը և ճանապարհորդում տարածության մեջ։ Որոշ գիտնականներ էլ կարծում էին, որ քունն առաջանում է ուղեղի «արյունազրկման» հետևանքով։ Պավլովն էլ քունը դիտում էր որպես պաշտպանական արգելակում։ Կիբեռնետիկական տեսանկյունից քունը ուղեղի անջատումն է արտաքին աշխարհի ազդակներից, բայց անջատում ոչ թե անգործության ու հանգստի, այլ ակտիվ հոգեկան գործունեության, ինֆորմացիայի ընտրության, անկարևորի ոչնչացման ու զտման համար։ Քնի դերը ուղեղը ավելորդ ինֆորմացիայից մաքրելու և կարևորի մշակման պրոցեսներում ընդգծել է կիբեռնետիկայի հիմնադիր Նորբերտ Վիները։

Եվ այնուամենայնիվ, մինչև այժմ հայտնի չէ, թե ի՞նչումն է կայանում է նյարդային բջիջների հանգիստը քնի ժամանակ, գլխուղեղի նեյրոնների ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել քնի ընթացքում, ինչպե՞ս է արտահայտվում նրանց հանգստի վիճակը։ Այսօր մինչև վերջ բացահայտված չեն նաև գունավոր երազների, դրանց կառուցվածքի, սյուժեների և ընդհանրապես երազների ամբողջ մեխանիզմը։

Քունը կազմված է հաջորդաբար ընթացող 6-7 ցիկլերից, և միանշանակորեն պատասխանել, թե որքան է իդեալական քնի տևողությունը՝ անհնար է։ Անքնության հիմնական պատճառները հոգեբանական են՝ դեպրեսիվ վիճակները, էմոցիոնալ անկայունությունը, տրամադրության հաճախակի փոփոխությունները, անախորժությունները։ Գլխուղեղի օրգանական ախտահարումները ևս հանգեցնում են քնի խանգարման։

Մի շարք հնդիկ մասնագետների կարծիքով, կենդանիների բնազդային ձգտումը՝ քնել գլուխը դեպի արևելք, ունի գիտական տեսանկյունից լիովին բացատրելի հիմք։ Ինչպես հաստատում են գիտնականները, երկրի մագնիսական դաշտը զարմանալիորեն ուժեղ ազդեցություն ունի քնի և ինքնազգացողության վրա։ Օրինակ` եթե գլուխը դեպի արևելք քնես, երաշխավորված է առողջ և խորը քունը և լիարժեք հանգիստը ողջ գիշերվա ընթացքում։ Ամենից վատը գլուխը դեպի հյուսիս քնելն է։ Այդպիսի քնից հետո, ասում են մասնագետները, մարդը ամբողջ օրը տեղը չի գտնում և տառապում է գլխացավի հաճախակի նոպաներից։ Ուրեմն, վերցրեք կողմնացույցը և սկսեք տեղափոխել ձեր բնակարանի կահույքը, որպեսզի ձեր մահճակալը ճիշտ դիրքում տեղավորեք։ Որից հետո, եթե նույնիսկ գիտնականները սխալվում են, վստահ եղեք, գոնե մի գիշերվա խորը հանգիստ քունը երաշխավորվում է։

ԻՆՉՔԱՆ ԵՆ ՔՆԵԼ ՄԵԾԵՐԸ

Նապոլեոն Բոնապարտը քնում էր գիշերվա ժամը 2-ից մինչև 4-ը և երկու ժամ էլ առավոտյան։ Նա ասում էր` «4 ժամ քնում է տղամարդը, 5 ժամ կինը, իսկ 6 ժամ՝ քնում են ապուշները»։

Բալզակին լիովին բավարարում էր 4-ժամյա քունը։

Սալվադոր Դալին այսպես էր անցկացնում իր հետկեսօրյա հանգիստը. նա նստում էր բազկաթոռին, ցուցամատի և բթամատի միջև գդալը սեղմած։ Իսկ մոտիկ՝ հատակի վրա դրված էր մետաղյա սկուտեղ։ Բավական էր Դալին ննջեր, բնականաբար, գդալն ընկնում էր և բարձր զնգոցով բախվելով սկուտեղին, արթնացնում նրան։ Հենց այդ արանքի միջանկյալ քունը գերազանց թարմացնում էր նրան։

Պետրոս Մեծը օրվա ընթացքում 5 ժամից ավելի չէր քնում։ Ռազմական արշավանքների ժամանակ քնելու համար գլխի տակ բարձի տեղ օգտագործում էր… զինվորի փորը։ Ընդ որում՝ եթե փորի մեջ պատահական ղրղռոց լիներ` «բարձափորի» տիրոջը մի լավ քոթակում էր։

Բալզակը, Գյոթեն, Տոլստոյը քնում էին 4-5 ժամ։

Իսկ ինչ վերաբերում է Նապոլեոն Բոնապարտի ասած «երկար քնող ապուշներին», ապա պարզվում է, որ այդ խմբի մեջ էր Էյնշտեյնը, որն անկողնում անցկացնում էր օրական 10 ժամից ոչ պակաս ու հենց քնի մեջ հայտնագործեց հարաբերականության տեսության կարևորագույն մի քանի սկզբունքներ։ Ի դեպ, նույնը պատահել է նաև Մենդելեևի հետ. քիմիական տարրերի աղյուսակը նրան ընծայվել է քնի ժամանակ, երազում։

ՔՆԻ ՆՈՐՄԱՆ

Ինչքա՞ն պետք է քնի մարդը։ Ընդհանուր առմամբ՝ սխալ է նման հարցադրումը։ Էականն այն է, որ մարդը քնի այնքան, որքան պահանջում է օրգանիզմը։ Բոլոր դեպքերում թե՛ երկարատև, թե՛ կարճատև անբավարար քունը վնասում է առողջությանը։ Ամերիկացի բժիշկները գտնում են, որ ժամանակակից մարդիկ քնում են ավելի քիչ, քան քնում էին մեր նախնիները։ Շատերը քնում են օրական 6-7 ժամ, մինչդեռ մեր նախորդ 2-3 սերունդները քնում էին օրական 9-10 ժամից ոչ պակաս։

ՔՆԻ ՀԻԳԻԵՆԱՆ

Պառկեք քնելու հնարավորինս միևնույն ժամին։

Քնելուց առաջ օդափոխեք սենյակը։

Քնելուց առաջ մի՛ զայրացեք, բարկությանը մի՛ տրվեք։

Քնելուց առաջ մի՛ խմեք թունդ թեյ կամ սուրճ։

Ընթրեք քնելուց 2-3 ժամ առաջ՝ ընդունելով միայն դյուրամարս սնունդ։

Չմոռանաք նաև թարմ օդում զբոսանքի մասին։

Լավ քնելուն նպաստում են ոտքերի տաք լոգանքը, ընդհանուր թուլացումը։

ՔՈՒՆԸ ԵՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ամերիկացի հոգեբան Սամուել Դենիելի` քնի ժամանակ մարդու դիրքը կապված է նրա բնավորության հետ։

Նա, ով քնում է կուչ եկած դիրքով, հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ ու բաժանվել մանկությունից: Նրանք ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է, երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել թե՛ լավ, թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ:

Նրանք, ովքեր քնում են փորի վրա, թևերն էլ տարածած ողջ մահճակալի երկայնքով, մի ոտքը ծալած, սովորաբար ինքնավստահ մարդիկ են, ճշտապահ, հետևողական իրենց դատողություններում, սիրում են կարգ ու կանոն: Չեն սիրում անսպասելիությունը, քանի որ իրենք էլ նախապես ամեն ինչ մտածում ու հաշվարկում են: Սովորաբար նրանց մեղադրում են մանրախնդրության ու երևակայության բացակայության համար: Սիրում են իրենց տեսակետը պարտադրել, հրամայել ու ղեկավարել:

Նրանք, ովքեր քնում են մեջքի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, սովորաբար շփվող են, սրտացավ: Այս մարդիկ հրաշալի գիտեն իրենց թերություններն ու գերադասում են չխոսել դրանց մասին: Նրանք օժտված են պայծառ մտքով, բարեկամաբար են տրամադրված շրջապատի հանդեպ ու աշխարհն էլ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, չնայած երբեմն այս հատկությունն ավելի շատ կապված է կյանքը չբարդացնելու հետ: Հոգեբանը հավաստիացնում է, որ այս դիրքը հատուկ է նրանց, ովքեր մանուկ հասակում ծնողների սիրելին են եղել:

Նրանք, ովքեր սիրում են քնել կողքի վրա, թեթևակիորեն ծունկը ծալած, հավասարակշռված ու համբերատար մարդիկ են: Հազվադեպ են վիճում, հակված են խելացի փոխհամաձայնության և առանց դժվարության հարմարվում են ցանկացած պայմանների ու իրավիճակների: Սակայն բավականաչափ համարձակություն, եռանդ ու հետևողականություն չունեն նպատակներին հասնելու համար: Փառասեր չեն ու, բնականաբար, չեն փորձում փայլել հասարակության մեջ, դառնալ առաջնորդ ու առաջատար: Գերադասում են ստվերում մնալ, մանավանդ, եթե այդ ստվերը պատկանում է սիրած մարդուն կամ էլ նրան, ում հարգում են:

Թե որքանով է ամերիկացի հոգեբանն իրավացի, դատեք ինքներդ։ Ինձ մնում է միայն որպես մաղթանք մեջբերել մեծ հայի՝ Հովհաննես Թումանյանի խոսքերը՝ «Լիներ մանկան արդար քուն» և ավարտել հայկական առածով՝ «Դուն քուն, բախտդ արթուն»։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ռազմական


18/07/2012