Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԸ



Ստեփան Իսայու Քալանթարյան(ց)ը ծնվել է 1849թ. նոյեմբերի 4-ին Այգեհովիտ գյուղում (Իջեւան)։ 1869թ. ընդունվում է Պետերբուրգի կայսերական բժշկավիրաբուժական ակադեմիան։ 4-րդ կուրսում ակադեմիայի պրոֆեսորների թույլտվությամբ ձեւակերպվում է աշխատանքի գործնական անատոմիայի ամբիոնում։ 1874թ. վերջին ավարտական քննության ժամանակ, համակուրսեցիներից մեկի անզգուշության պատճառով, որին Քալանթարյանցը օգնում էր դիահերձում կատարելու, նա վերք է ստանում եւ վարակվում դիաթույնով։ Երկու ամիս կլինիկական հոսպիտալում բուժվելուց հետո շարունակում է ջանադրաբար պարապել եւ հաջողությամբ հանձնում է ավարտական քննությունը։ Որպես բժիշկ` գործուղվում է ծառայության 84-րդ հետեւակային Շիրվանյան գունդ։ Մի քանի ամիս էլ չէր անցել ծառայությունից, երբ պրոֆեսոր Գրաբերը դիմում է ռազմաբժշկական գլխավոր վարչությանը՝ խնդրելով իր նախկին ուսանողին հետ գործուղել ակադեմիա՝ մասնագիտական կատարելագործման։ Խնդրանքը չի մերժվում։ Այդ ժամանակ նրան իր մոտ աշխատելու է հրավիրում նաեւ ժամանակի խոշոր վիրաբույժներից մեկը՝ Պելեխինը։ Շնորհալի նախկին ուսանողը երկու գործն էլ հաջող է կատարում։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Քալանթարյանցը նշանակվում է Ալեքսանդրապոլի հոսպիտալի վիրաբուժության բաժնի վարիչ։ Բացի բուժումից նա զբաղվում է տարբեր զենքերից առաջացած վնասվածքների ուսումնասիրությամբ։ Քալանթարյանցն աշխատում է տարբեր ռազմական հոսպիտալներում, միաժամանակ զբաղվում գիտական գործունեությամբ։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վիրավորներին գերազանց բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ակադեմիայում երկարատեւ եւ նվիրված ծառայության համար Ստեփան Քալանթարյանը պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով։ 1890-ին նրան շնորհվում է պետական խորհրդականի, իսկ ավելի ուշ՝ իսկական պետական խորհրդականի, այսինքն՝ ոչ մարտական գեներալի կոչում։

Նա ռազմաբժշկական ակադեմիայի պատմության մեջ առաջին հայն էր, որն արժանացել է այսպիսի բարձր կոչման։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Պատմության էջերից


18/07/2012