Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆԸ



Զինվորներն անցնում էին։ Շուկայի հրապարակի ռմբապաստարանի վրա կիտված հողի բլրակին կանգնած՝ ես բարձրացնում էի ձեռքս՝ ողջունելով նրանց, եւ զգում էի, թե ապրիլյան առավոտի ցուրտն ինչպես է սողոսկում թեւքերիցս։ Կողքիս կինը հետեւում էր այդ լուռ շքերթը։ Պատերազմն ավարտվել էր։

Զինվորներն անցնում էին։ Վարսավիրանոցում հերթ պահածները դուրս էին թափվել մայթերը, իսկ այրված սոսու մոտ կանգնած սպիտակ խալաթով վարսավիրը պատիվ էր տալիս դրոշին։ Վերին հարկերից, պատշգամբների կիսաբաց դռների արանքներից երեւում էին գունատ դեմքեր, հուզախառն աչքեր։ Պատերազմն ավարտվել էր։

Զինվորներն անցնում էին։ Զորքերը գալիս ու գալիս էին Մայր փողոցից դեպ հրապարակ, ապա իրենց գունաթափ դրոշներով լցվում աղաղած կաշվի հոտով նեղլիկ փողոցը ու դուրս ելնում ֆրանսիական հին ճանապարհը, հենց այն, որով, թերեւս, ժամանակին անցել էին Հաննիբալի հորդաները։ Մայթերին ու պատշգամբներին կանգնածները չէին ծափահարում ու չէին բղավում։ Ամենուր քարացած դեմքեր էին։ Եվ նույնիսկ զորքը անցնում էր անբնական մի լռությամբ։ Պատերազմն ավարտվել էր։

Զինվորներն անցնում էին։ Արեւահար դեմքեր, պատռված համազգեստներ, կարմիր ֆեսեր, բուռնուսներ։ Նրանք էլ էին հոգնել։ Հանկարծ շարքերում սկսեցին դնդնալ։

Ես քաջ զինվորն եմ լեգեոնի։ Մարտում

Բոլոր ռազմիկներին օրինակ եմ ծառայում…

Երգը՝ գեղեցիկ, մարող ու թախծոտ, թռչկոտում էր շարքից շարք, ասես այն ոչ ոք էլ չէր երգում.

Լեգեոներ, գնա ի մարտ անահ,

Լեգեոներ, հաղթանակ կամ մահ։

Այդ պահին կողքիս կինը հուսակտուր գոչեց.-Ո՜չ։ Միայն ո՜չ մահ,- ապա կամացուկ ու վճռական շարունակեց։- Առանց այն էլ արդեն չափից ավելի են մահերը…

Միայն այդժամ նկատեցի, որ նա լրիվ սեւեր է հագած, ոտից գլուխ։ Սեւ քողը ծածկում էր կնոջ դեմքը, եւ դրա ետեւում ես հազիվ նկատեցի տենդագին փայլող աչքերը, դողացող շուրթերը։ Կինը դողում էր, ուժ չունենալով հանգստանալ։

Զգացի, թե շապիկիս տակ ինչպես է փշաքաղվում մարմինս։ Կինն ինձ երեւաց որպես մի մղձավանջ՝ անբաժան փողոցների անկյուններում մեկը մյուսի վրա փակցվող ու այժմ քամուց ծածանվող հնացած թռուցիկներից, բլրակի խոնավ ու կարմիր հողից, որի վրա կանգնած էի, շուրջս հավաքված պարապ դեմքերից, գորշադարչնագույն երթից, որ իր հետեւից տանելով ուղտերն ու հրետանին, կորչում էր նրբանցքում։ Այդժամ հասկացա, որ պատերազմը, ըստ երեւույթին, դեռ չի ավարտվել, որ այն շարունակվելու է, քանի դեռ այդ կնոջ սիրտը լի է վշտով, ու չեն մարել մեռածների մասին նրա հիշողությունները. ու ինձ թվաց, որ զինվորների հետեւից մի սահմռկուն երեւակայական ստվեր է ձգվում, որն իրենով ծածկում է ծեր սոսիները, հին տների ճակատները, փակում արեւի լույսը, կինն ինձ պարուրեց իր թեւերով։ Աստվա՜ծ իմ, ինչ տխուր է այս ամենը։

Կինը քայլեց փողոցն ի վեր, ինքն իրեն խոսելով, ամեն քայլափոխի կանգնելով, ու երբ ես կրկին վեր պարզեցի ձեռքս՝ ողջունելու դրոշը, մի նոր դառն ու անհույս զգացում հորդեց կուրծքս, նայում էի պաստառի վառ գույներին արցունքների պղտոր շղարշի միջով։

ԱՆՏՈՆԻՈ ՌԱԲԻՆԱԴ
Թարգմանեց Մ.ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Հոգևոր-մշակութային


18/07/2012