Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ



Հունիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության կազմակերպած կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցեր, նաեւ ամփոփվեցին զորքերի ծառայության աշխատանքի արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վ.Գրիգորյանը, զորքերի ծառայությունն ուղղորդող սպաներ, նշված վարչության սպաներ, որոնք ներկայացրին զորքերի ծառայության կազմակերպման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց զեկույցները:

Գեներալ-լեյտենանտ Վ.Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ զինվորական ծառայության ռիսկերի նվազեցում հնարավոր է արձանագրել միայն այն դեպքում, եթե պահպանվեն զինվորական ծառայության անվտանգության պահանջները, ամրապնդվի կարգապահությունը, զինծառայողներն առաջնորդվեն համապատասխան կանոնադրությամբ, հրահանգներով եւ ծառայողական այլ փաստաթղթերով, եւ որ գործի մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար սկզբունքը:

ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության պետ գնդապետ Հ.Կարապետյանն իր զեկույցում անդրադարձավ զինվորական ծառայության ընդհանուր վիճակին, իրենց աշխատանքների հիմնական ուղղություններին. «Ձմեռային ուսումնական փուլում պլանային եւ հանկարծակի ստուգումների ընթացքում տասնյակ զորամասերում վերահսկվել է զորքերի ծառայության ճիշտ կազմակերպման, օրվա կարգացուցակի միջոցառումների իրականացման, օրվա վերակարգի նախապատրաստման, օբյեկտների հուսալի պահպանության, սննդի ճիշտ կազմակերպման, համազգեստի կրման կանոնների ու արտաքին տեսքի պահպանման գործընթացը, հրամանատարությանը տեղում ցուցաբերվել է մեթոդական օգնություն: Գնդապետը նշեց, որ անցկացված հրահանգչամեթոդական եւ ցուցադրական պարապմունքների հանդեպ առավել պահանջ եւ պատրաստակամություն է արձանագրվել ուսումնական զորամասերից մեկում: Հատկանշական է, որ մինչ կոնֆերանսը` հունիսի 29-ը, ԶՈՒ ԳՇ պետի կարգադրության պահանջների համաձայն ԶԾ եւ ԶԾԱԱ վարչությունը նշված ուսումնական զորամասում ուսումնասիրել է օրվա վերակարգի ծառայության կրման տեղերի կանոնադրային կահավորումը եւ զորքերի ծառայության ուսումնանյութական բազան: Անցկացվել են զորքերի ծառայության փորձի ուսումնասիրման եւ փոխանակման աշխատանքներ, որին մասնակցել են զորամիավորումների, միավորումների շտաբների պետերի եւ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության սպաներ:

Հ. Կարապետյանը նշեց, որ զինված ուժերում բավարար նորմատիվային աստիճանի են բերվել զինասենյակները` հատկապես հարմարեցված զորանոցներում: Անդրադառնալով պահակային ծառայություն կատարող զինծառայողների դաստիարակության հիմնական խնդիրներին, գնդապետ Կարապետյանն ընդգծեց, որ հրամանատարները անձամբ պետք է հետեւողականություն դրսեւորեն եւ բարոյահոգեբանական ու մարտական հատկանիշների ձեւավորումը չհամարեն մանրուք: Գնդապետն անդրադարձավ նաև պահակային ծառայությունում արձանագրված թերությունների պատճառներին: Վարչության պետը ներկայացրեց կատարված մի շարք կանխարգելիչ միջոցառումներ. «ԶՈՒ դեպքերի-պատահարների ամենամսյա հաշվետվությունը պաշտպանության նախարարին եւ զինդատախազին ներկայացնելուց զատ, կատարվել է 1-ին եռամսյակի վերլուծություն եւ ԳՇ պետի մակագրությամբ առաքվել զորամիավորումներ ու զորատեսակների վարչություններ` հետեւություններ անելու: Անվտանգության ապահովման թեմայով արտագնա դասախոսություններ են անցկացվել մի շարք զորամասերում, սահմանվել է ճամբարային հավաքների հսկողություն, մշակվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքի մեթոդական փաթեթ եւ գունազարդ տպագրությամբ առաքվել զորամասեր, ԶԾԱ բաժնի կողմից վերահսկվել է նորակոչիկների պատրաստության ծրագրի շրջանակում ԶԾԱ խնդիրների կատարման ընթացքը»:

Հ.Կարապետյանը կիսամյակի կարեւորագույն խնդիրներից համարեց օրվա վերակարգի ընտրությունը, նախապատրաստումը, օբյեկտների հուսալի պահպանության կազմակերպումը: Նա նշեց, որ պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկել` զորամասերում ԶԾԱ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որակապես բարձրացնել գերատեսչական պահպանության ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակը, աշխատանքներ տանել գերատեսչական պահպանության ծառայության իրավական կանոնակարգման ուղղությամբ: Առօրյա կյանքում ԶՈՒ կանոնադրային պահանջների կիրառումը դարձնել կենսակերպ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմական


11/07/2012