Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՑՐՈՐԴԸ



Քսան տարի առաջ` 1992 թվականի հունիսի 13-ին, «Երեւան» միացյալ կամավորական ջոկատի ուղղաթիռի անձնակազմը` Ռուբեն Բաղդասարյանը, Ատոմը, Սամվելը, Լեւոնը եւ մյուս տղաները, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի երկնային բարձունք բարձրացան` կատարելու հերթական մարտական առաջադրանքը: Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել` դիրքերը չհանձնելու վճռականությամբ: Ռուբիկը, որ ուղղաթիռի գնդացրորդն էր, առաջարկեց ուղղաթիռը հնարավորինս ցածր, արագ պտույտներով վարել, իսկ ինքը այդ ընթացքում շանթահարում էր ոսոխի շարքերը` նոսրացնելով դրանք: Ռուբիկը միշտ էլ օդային գրոհներում հաղթող էր, մարտական առաջադրանքը հպարտությամբ էր կատարում: Ուղղաթիռը խուսանավում էր, եւ տղաները` Ռուբիկը, Ատոմը, տեղացի Սամվելը, որ կամավոր ուղեկցորդ էր դարձել, անվրեպ էին գործում: Նրանք նույնիսկ ուշադրություն չդարձրին, որ դիպուկազարկի երկրորդ հարվածը դիպավ ուղղաթիռի թեւին. շարունակեցին գրոհը: Թշնամու երրորդ կրակոցը ճակատագրական եղավ` բաքը բռնկվեց: Վերջին պահին Ռուբիկը դուրս նետվեց վայր ընկնող ուղղաթիռից… Այնտեղ, որտեղ 20 տարի առաջ վայր էր ընկել ուղղաթիռը, այսօր հուշաքար է կանգնեցված, որ հավերժացնում է Ռուբենի, Լեւոնի եւ Ատոմի հիշատակը:

Զովունու միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է Ռուբեն Բաղդասարյանը, անվանակոչվել է նրա անունով: Ամեն տարի հունիսի 13-ին հարազատները, զինակիցներն ու մտերիմները այցելում են դպրոց, հիշում նրա անցած մարտական ուղին: Օպերայի հրապարակում էին ծանոթացել տղաները, մտերմացել: Երբ հասկացան, որ հանրահավաքներով, նստացույցերով չեն հասնի իրենց նպատակի իրականացմանը, մարտախմբեր կազմեցին եւ հասան սահման: Ռուբիկը Երեւանի ջոկատում էր, որը հետագայում կոչեցին ընկերոջ` ջոկատի առաջին զոհ Վարդան Հովակիմյանի անունով: Առաջին մարտական թռիչքը կատարեցին դեպի Բերդաձոր` «Երեւանը քեզ հետ է, Արցախ» նշանաբանով:

Ռուբենը գնդացրորդ էր: Քանի դեռ չէր գործում Լաչինի միջանցքը, Ռուբենը եւ ընկերները ուղղաթիռով զենք ու զինամթերք էին տեղափոխում ռազմաճակատ, իսկ այնտեղից էլ վիրավորներին հասցնում Հայաստան: Ջոկատը տեղակայված էր երեւանամերձ օդանավակայանում, եւ երբ ահազանգ էր ստացվում, ջոկատի տղաները հասնում էին մարտադաշտ, ուղղաթիռներում տեղադրված գնդացիրներից կրակ տեղում, ինչից հակառակորդը անկանոն նահանջում էր: Ջոկատի կամավորականների ծառայությունն անգնահատելի էր հատկապես բարձունքներ նվաճելիս. 4-5 հոգանոց փոքր խումբը օրհասական պահերին միշտ օգնության էր հասնում, օր էր լինում` երեք անգամ թռիչքի էին դուրս գալիս: Ռուբիկի եղբայրը` պատերազմի մասնակից փոխգնդապետ Էդվարդ Բաղդասարյանը, հիշում է. «Ռուբենը օգնության էր հասնում բոլորին: Երբ առաջին փախստականները եկան Հայաստան, ինչ ուներ-չուներ, նաեւ կնոջ օժիտը, բաժանեց նրանց, քանի որ չէին հասցրել ինչ-որ բան իրենց ունեցածից հետները վերցնել: Շահումյանի համար դժվար օրերին 18 երեխայի մեկ ամիս իր տանը պահեց եւ կաթողիկոսի օրհնությամբ Էջմիածնում կնքեց նրանց: 1991 թ. դեկտեմբերի 21-ին վիրավորվեց, 5 ամիս պառկեց եւ այդպես էլ ոտքը չբուժած` հողաթափերով նորից մեկնեց ռազմաճակատ: Չլսեց անգամ ծնողներիս հորդորները»:

Հայրենի գյուղում` Նոր Խարբերդում, ծնողներից բացի, Ռուբենի վերադարձին էին սպասում կինն ու երեխաները, եւ երբ նա Երեւան էր գալիս` հերթական մարտական առաջադրանքը ստանալու, հուսադրում էր նրանց, սակայն հերթական հանդիպումներից մեկը մի օր վերջինը դարձավ: Ռուբենը մահից չէր վախենում, նա ասում էր. «Մահից թող վախենա նա, ով գալիս է զավթելու ուրիշի օջախը, սպանելու անմեղ երեխաներին, ով փորձում է իր բիրտ թաթը դնել իրեն չպատկանող հողին»:

Ռազմի դաշտում թրծված եղբայրությունն այսօր շարունակում են Ռուբենի եղբայրներն ու որդիները, իսկ կրտսեր որդու` Անդրանիկի որդին կրում է հերոս պապի անունը:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ճակատագրեր


11/07/2012