Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՈԹՐԻԻ ԲՈՒՅՐԸ



Մյասնիկ Գասպարյանը «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հիմնադիր անդամներից էր։ Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ գործող «Սասունցի Դավիթ» ջոկատը մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանության համար մղված մարտերին։

1992թ. մայիսին Մ. Գասպարյանն արժանացել է լեյտենանտի զինվորական կոչման։

Մյասնիկ Գասպարյանը 1992թ. սեպտեմբերի 13-ից ծառայել է Ստեփանակերտի հակատանկային գումարտակում։ Հետևակի մարտական մեքենայի մեխանիկ-վարորդը բազում սխրանքներ էր գործում ու տալիս խիզախության աննախադեպ օրինակներ։

Ինչ մարտական գործողությունների էլ որ նա մասնակցել է, աչքի է ընկել անձնազոհությամբ ու քաջագործություններով։ Բավական է նշել, որ նա երկու տանկ է ռազմավար վերցրել մարտերից մեկի ժամանակ, ականապատել Ղաջարի բարձունքը՝ խոչընդոտելով թշնամու առաջխաղացումը։

Պաշտպանության բանակի կազմավորման օրվանից Մ.Ռ.Գասպարյանը ծառայությունը շարունակել է Ճարտարի գումարտակում։

1992 թվականի նոյեմբերի 16-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մատույցներում մարտական առաջադրանք կատարելիս նա ընկնում է շրջապատման մեջ՝ չընկրկելով հակառակորդի գերակշռող ուժերի առջև։ Տղաները մարտը վարում են մինչև վերջ ու վերջին մի նռնակով իրենք իրենց պայթեցնում։

Մյասնիկ Գասպարյանը հետմահու արժանացել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալների։

Գասպարյանների օջախում չգիտես տխրությա՞ն, թե՞ ուրախության արցունքներն էին ծորում։ Նրանց առաջնեկի՝ Մյասնիկ Գասպարյանի՝ Միրոյի ծննդյան օրն էր։

Նայում էի Մյասնիկի՝ կամավոր մահապարտ զինվորի նորաբաց վարդերով շրջապատված մեծադիր նկարին, ու թվում էր՝ զրույցը ոչ միայն սեղանի շուրջը հավաքվածներիս, այլև Միրոյի հետ էր։

Վախենում եմ ասել, որ Միրոյի երազներն անկատար մնացին, քանզի ինչպես մեծն Շիրազն է ասում. «…Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»… 22-ամյա ֆիդային էլ կարոտ ուներ, մի անչափ կարոտ՝ վերահաս պատերազմում Արցախ աշխարհն ազատագրված տեսնելը։

Արցախը կանչում էր նրան։

Մյասնիկի հայրը խոնարհ էր, իր մտքերի ու տանջող ցավերի հետ, իսկ մայրը՝ Սուսաննան, այնպես հպարտ էր խոսում որդու սխրանքների մասին՝ մերթ ծիծաղերես, մերթ էլ լացը կոկորդում սեղմած։ Թվում էր՝ ամեն մի հուշ-պատմություն նրա հոգում պղնձաձույլ արձան է, երկնաթռիչ սխրանք, որդեկորույս մոր անբուժելի վերքերը սպիացնող բալասան։

Զոհված որդու հետքերով Արցախ աշխարհ այցելող մորը ծանոթ էին ամեն մի թուփ ու ծառ, ժայռ ու կածան։ Ինչքան ճանապարհ էր անցնում նա, մինչև հասնում էր այն բարձունքին, որտեղ մոտ 20 տարի է, ինչ կանգնած է Միրոյի տանկը՝ հաղթանակի վկան։

-Անցած տարվա այս օրերն էին,- հիշում է Սուսաննան,- դարձյալ Արցախում էի։ Որդուս հուշաքարի մոտ էի կանգնած։ Մի բուռ հող էի տարել խառնելու Արցախի հողին։ Հուշաքարին թարմ ծաղիկներ էին դրված։ Որդուս հետ պատերազմի ճամփան անցած շատ արցախցիներ ի՜նչ ոգևորությամբ էին պատմում նրա մասին։ Արցունքներս թաքցնել այլևս անհնար էր։

Մինչ այդ չէի նկատել Մաճկալաշենի հեքիաթային գեղեցկությունը. ի՜նչ բույս, ի՜նչ թուփ, ի՜նչ բուրմունք…

Քայլերս ինձ տարան մի անծանոթ վայր։ Կանգնեցի, ծոթրիով լի հրաշք մի տարածք էր։ Ծոթրիի բույրից արբա՞ծ, թե՞ անասելի հուզմունքից արցունքներս հոսում էին։ Արցունքներիս միջից հանկարծ տեսա, թե ինչպես թփերից ցողը կաթ-կաթ իջնում է գետնին։

Միջօրե էր, ի՞նչ ցող օրվա այդ պահին։ Եվ ինձ թվաց՝ ծոթրիի թփերից արցունք է կաթում… մի խուրձ պոկեցի ու դրեցի գրպանս, որտեղ որդուս հուշաքարի տակից վերցված մի բուռ հող կար։ Հողը տանում էի Շիրակ աշխարհ՝ Արթիկ, Միրոյիս շիրմին խառնելու։

…Մի քանի օր անց այցի գնացի որդուս շիրմին։ Ձեռքս տարա գրպանս, հանեցի Արցախից բերած մի բուռ հողը և խառնեցի շիրմահողին։ Գրպանումս էր դեռ մնացել ծոթրիի թառամած փունջը, որը դեռ պահում էր Արցախի բույրը։ Արմատներն անփույթ խրեցի շիրմահողի մեջ…

Կրկին գարուն բացվեց։ Մի օր ծնկած որդուս խաչքարն էի մաքրում, երբ հանկարծ ծանոթ բույրն առա…Եվ աչքս առավ «մաճկալաշենցուն», զարմացա։ Ինչպե՞ս էր Արթիկի քարքարոտ հողում նորից կյանք առել թառամած ծոթրիի փոքրիկ խուրձը։ Նա այլևս չէր լալիս, այլ հպարտ նայում էր հայոց արևին ու փորձում ուղղաձիգ բարձրանալ՝ որդուս խաչքարին թիկնած…

ՎԻՆԵՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ուսուցչուհի, ք. Արթիկ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ճակատագրեր


11/07/2012