Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈԼՔԼԵՆԴՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐԸ



ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ նրանց դաշնակիցները չթողեցին, որ 1982-ին ԽՍՀՄ-ը պաշտպանի Արգենտինան

Սրանից 30 տարի առաջ` 1982-ի ապրիլի կեսերին, Պենտագոնը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ԽՍՀՄ-ի հանդեպ ռազմաքաղաքական կտրուկ ճնշում գործադրելու միասնական ծրագիր մշակեցին: Ծրագիրը նախատեսված էր այն դեպքի համար, եթե ԽՍՀՄ կառավարությունը վճռեր ռազմական կամ նույնիսկ ռազմատեխնիկական օժանդակություն ցույց տալ Արգենտինային: Հայտնի է, որ 1982-ի ապրիլի սկզբից անգլիացիներն ու արգենտինացիները Ֆոլքլենդյան (արգենտինացիներն անվանում էին Մալվինյան) և հարակից կղզիների համար ռազմական գործողություններ էին վարում, կղզեխումբ, որ բրիտանացիները զավթել էին 1830-ականներին:

Լոնդոնը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց իր սահմաններից հազարավոր մղոններ հեռու: Տեղեկությունների համաձայն` պատճառը նավթի և գազի հարուստ պաշարներն էին, ինչպես և կղզիների շրջանում տեղակայված անգլիական գերգաղտնի ռազմական և հետախուզական հենակետերի առկայությունը: Գործողությունն իրականացնելիս էական էր նաև Միացյալ Նահանգների ներդրումը: Եվ թերևս Հնդկաչինի ու Դատաստանի օրվա (1970-ականների սկիզբ) պատերազմներից հետո սա առաջին դեպքն էր, որ ԽՍՀՄ-ն ուղղակի օգնություն չցուցաբերեց հարձակման ենթարկված կողմին:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Արգենտինայի, Պակիստանի և «Թալիբանի» ռազմական և քաղաքական արխիվների 2010-12 թթ. գաղտնազերծված նյութերը ցույց են տալիս, որ 1982-ի ծրագիրը համակողմանի մշակման էր ենթարկվել: ԽՍՀՄ-ում տիրող ընկերային-տնտեսական բարդ իրավիճակը հեշտացնում էր նախագծի իրագործումը: Սակայն գլխավոր գործոնը Աֆղանստանում վարվող ԽՍՀՄ քաղաքականությունն էր, որի դեմ համախմբվել էին Պակիստանը, Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, արևմտյան տերությունները և Ուզբեկստանի ու Տաջիկստանի ծայրահեղ մահմեդական ընդհատակյա կազմակերպությունները:

Բրիտանական «Գարդիան»-ի 2012 թ. ապրիլի 6-ի հրապարակումից իմանում ենք, որ «…Մարգրեթ Թետչերի կառավարությունն ի սկզբանե վճռական էր տրամադրված և գործնականում չէր քննարկում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: …Իսկ Վաշինգտոնում զգուշանում էին, թե ԽՍՀՄ-ը կարող է հանդես գալ Արգենտինայի կողմից: Այդ իսկ պատճառով Սպիտակ տունը որոշեց գործուն աջակցություն ցուցաբերել»: Ի մասնավորի՝ Լոնդոնին տրամադրվեցին ամերիկյան արբանյակներից ստացված արգենտինյան զորախմբերի տեղակայման մասին տվյալները: Ռեյգանին ուղղված նամակում պետքարտուղարն ընդգծում էր. «Բացահայտ է, որ Թետչերը պատրաստ է ուժ գործադրել…», և այդ պարագային Վաշինգտոնի համար մղձավանջային տեսիլք էր ԽՍՀՄ-ի միջամտությունը: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Մոսկվան պատրաստ էր Արգենտինային տրամադրել նավեր, ինքնաթիռներ և ՍՍ հրթիռներ, դրա փոխարեն ստանալով հացահատիկի և մսամթերքի ձեռք բերման արտոնյալ պայմաններ:

Սակայն ԱՄՆ-ի վարչակազմը և ամերիկյան ընկերությունները հմուտ կերպով գործադրեցին Արգենտինայի վրա ազդելու բոլոր հնարավոր լծակները և ոչ միայն կանխեցին Արգենտինայի և ԽՍՀՄ ռազմաքաղաքական մերձեցումը, այլև ստիպեցին նվազեցնել ԽՍՀՄ արտահանվող ապրանքների խմբաքանակը: Ամերիկացիները նաև հասան այն բանին, որ Արգենտինայի հարևանները հայտարարեցին չեզոքության մասին: Սրան զուգահեռ, արգենտինացի վերլուծաբանները պնդում են, որ խորհրդա-արգենտինյան մերձեցումը ԱՄՆ-ն կանխել էր Ֆոլքլենդյան պատերազմից շատ առաջ:

Թե ինչ էր իրենից ներկայացնում ամերիկա-բրիտանական ծրագիրը, կարելի է դատել վերջինիս հիմնադրույթներից.

Ա. Աջակցություն Տաջիկստանի և Ուզբեկստանի իսլամական ծայրահեղականներին ու անջատողականներին, ի մասնավորի` Հեզբ-ութ-Թահրիր «Մուսուլման եղբայրներ» և այլն: Հնարավորության դեպքում ահաբեկչական գործողությունների կազմակերպում` ընդհուպ մինչև հիդրոկայանների կամ արդյունաբերական շենք-շինությունների պայթեցում: Ընդ որում՝ «աջակցողների» դերում պետք է հանդես գային թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ Պակիստանի, Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի «ոչ կառավարական, մարդասիրական կազմակերպությունները»: Իրավիճակը պետք է վատթարանար նաև Աֆղանստանում:

Բ. Ամերիկյան և Բրիտանական օդուժի ու տորմիղի ներկայության կտրուկ ուժեղացում աշխարհի հանգուցային կետերում: Նախատեսված էր նաև խոչընդոտել խորհրդային նավերի հնարավոր անցումը նեղուցներով` հատկապես Ջիբրալթարով:

Գ. Միացյալ ազգերի կազմակերպությանն ուղղված «խմբակային» հայցադիմում էր նախապատրաստվել, որում սուր քննադատության էր ենթարկվում Աֆղանստանում տիրող վիճակը:

Դ. Ապրիլ-մայիսին արհեստականորեն լարված իրավիճակ ստեղծվեց Սիրիայի և Իսրայելի սահմանին: Բացի այդ, Իսրայելն սկսեց հաճախակի խախտել Լիբանանի սահմանն ու ռմբակոծել այն: Նոր թափ ստացան նաև ամերիկա-հարավկորեական սադրանքները ԿԺԴՀ դեմ, որի հետ ԽՍՀՄ-ը ռազմական փոխօգնության պայմանագիր ուներ (1961 թ.):

Ե. Նույն ապրիլ-մայիսին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձախողեցին ԽՍՀՄ-Արևմտյան Եվրոպա գազատարի կառուցումը:

Զ. Չէին դադարում «Վարշավայի պայմանագիրը» ներսից կազմալուծելու փորձերը:

Թերևս այս և մի շարք հանգամանքներ խանգարեցին, որ ԽՍՀՄ-ն ուղղակիորեն միջամտի հակամարտությանը: Անուղղակի կապակցությամբ բրիտանական ԶԼՄ-ները 1980-ականներին պնդում էին, թե խորհրդային «Կոսմոս-1345» և «Կոսմոս-1346» արբանյակները, որոնք արձակվել էին 1982 թ. մարտի 31-ին (ֆոլքլենդյան պատերազմի նախօրեին), հետևում էին կղզեխմբի շրջանում տիրող իրադրությանը և բրիտանական նավատորմի տեղաշարժերին: Նշվում է` իբրև ստացված տեղեկությունները Կուբայի միջոցով փոխանցվել են Արգենտինայի կառավարությանը: Նույն կերպ փոխանցվում էին նաև Արգենտինա ուղևորվող բրիտանական ծովուժին հետևող խորհրդային հետախուզական ինքնաթիռների հավաքած տեղեկությունները: 1982 թ. մայիսի 14-ին ԽՍՀՄ ԱԳՆ հրավիրվեց Մեծ Բրիտանիայի դեսպանը: Նրան բողոք ներկայացվեց առ այն, որ «բրիտանական կողմը, հավանաբար ի մտի ունենալով դիվանագիտական ուղիներով կոծկել հարավատլանտյան տարածքներում իր ծավալած գործողությունների էությունը, մի քանի անգամ խորհրդային կողմին դիմել է, այսպես ասած, «նախազգուշացումներով», որոնք կատարելապես անտեղի են և նպատակ ունեն մտացածին կերպով Խորհրդային Միությանը ներկայացնել իբրև բրիտանա-արգենտինյան հակամարտության մեջ ներգրավվածի»:

Այդ շրջանում խորհրդային հեռահար հետախուզության Տու-95 ինքնաթիռները Գվինեայի և Անգոլայի օդակայաններում էին և մարտական թռիչքների ժամանակ մշտապես հետևում էին բրիտանական նավերին:

Հետախուզական ինքնաթիռի օդաչու` գնդապետ Գ. Բուլբենկովի խոսքերով՝ «մենք անգլիացիներին հետևում էինք այն պահից սկսած, երբ նրանք դուրս եկան Բիսկայան ծոցից»: Գնդապետի հուշերից նկատելի է նաև, որ խորհրդային օդաչուները անգլիացիների «անբաժան ուղեկիցն» էին նաև հետադարձի ճանապարհին, երբ մայիսի երկրորդ կեսին, ջախջախելով արգենտինյան զորքերը, վերադառնում էին տուն: Այս առումով ուշագրավ է Անգոլայի լրատվական գործակալության տարածած հայտարարությունը, որը «կտրականապես հերքում է լոնդոնյան մամուլում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որոնց` իբրև թե Անգոլայի տարածքում տեղակայված են հետախուզական ինքնաթիռներ, որոնք նկատվել են Ֆոլքլենդյան կղզիներ ուղևորվող անգլիական ռազմանավերի մերձակայքում թռիչքներ կատարելիս»: Հայտարարության մեջ հատուկ հերքվում էր օտարերկրյա ռազմաբազաների և մասնագետների առկայությունը Անգոլայում:

1982 թ. մայիսի 10-ին Արգենտինայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցելիս չէր բացառել, որ իր երկիրը կարող է ռազմական օգնության խնդրանքով դիմել ԽՍՀՄ կառավարությանը: Այս հայտարարությունն Արևմուտքում մեծ աղմուկ բարձրացրեց:

Մայիսի 15-ին Արգենտինային ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց Պերուն` հարավամերիկյան միակ երկիրը, որ զենք էր գնում ԽՍՀՄ-ից: Պերուի կառավարությունը մտադիր էր նվազագույն գներով Արգենտինային վաճառել կործանիչներ և հետախուզական ինքնաթիռներ: Սակայն գործարքը չկայացավ, որովհետև ֆոլքլենդյան պատերազմը շատ կարճ տևեց:

Սակայն ինչպես հետագայում խոստովանեցին արգենտինացի զինվորականները՝ հակամարտության ժամանակ իրենք օգտագործել են խորհրդային զենքը, հատկապես «Ստրելա» շարժական զենիթահրթիռային կայանները: Ամենայն հավանականությամբ՝ զենքը Պերուով է հասել Արգենտինա, որովհետև այդ ժամանակ Կուբան Վաշինգտոնի և Լոնդոնի խիստ հսկողության տակ էր:

Այնպես որ, կարելի է ասել՝ ԽՍՀՄ կառավարությունն անուղղակի աջակցել է Արգենտինային: Ստեղծված իրավիճակում ավելին անել անհնար էր:

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ
«Столетие», 12.04.2012
Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Պատմության էջերից


11/07/2012