Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎ, Ի՛Մ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ



Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անունը կրող դպրոցի բակում բացվում է հերոսի կիսանդրին։ Ներկա են հերոսի մարտական ընկերները՝ Արամ Աբրահամյանը՝ քեռին, Վարդան Կարապետյանը, Աշոտ Սուքիասյանը, Բաղդասար Վարդանյանը, Ժորա Ալեքսանյանը, եղբայրը՝ Պետրոսը, Բավական մայրիկը։ Այս դպրոցն ազատամարտին տվել է 46 զինվոր, որոնցից զոհվել են 5-ը։ Նրանցից մեկն էլ Ջիվան Աբրահամյանն էր։ Կենսաբանության ուսուցչուհի Սվետլանա Մկրտչյանը, որն այսօր միակն է այն ուսուցիչներից, ովքեր դաս են տվել հերոսին, վերհիշում է. «Ամենից շատ իմ առարկան էր սիրում։ Աշխույժ էր, ժիր, դեռ այն ժամանակ զգացվում էր՝ պատվախնդիր, սկզբունքային տղա է։ Սերում է հայրենասեր մշեցու ընտանիքից՝ երեք եղբայր են, մեկ քույր։ Հատկապես հիշում եմ Բավական մայրիկին, ժրաջան էր՝ մեղվի պես աշխատասեր։ Հետևում էր երեխաների ուսմանը»։

Հետո ելույթ ունեցավ հերոսի մայրը։ Թեև կարճ, սակայն չափազանց հուզիչ ու ոգևորող էր Բավական մայրիկի խոսքը. «Բարև, իմ սիրելի ժողովուրդ։ Փառք մեր տղաներին։ Ես հպարտ եմ, որ Ջիվանի նման որդի եմ ունեցել ու դաստիարակել հայրենասիրությամբ։ Իմ չորս զավակներն էլ՝ Ջիվանս, Պետրոսս, Արշակս, Թամարաս, մասնակցել են ղարաբաղյան ազատագրական պայքարին։ Ջիվանը զոհվեց հերոսի մահով, տղաներս վիրավորվեցին, աղջիկս՝ Թամարան, երկրորդ կարգի հաշմանդամ է, հիմա ապրում է Բերձորում։ Ես տառապած, սակայն երջանիկ մայր եմ։ Բոլոր նրանք, ովքեր թշնամուն դուրս վռնդեցին մեր հողից, Ջիվանիս նման հերոսներ են։ Օրհնում եմ բոլորին, ովքեր ամեն ինչ անում են, որ հայրենիքի հերոսների անունները չմոռացվեն, և հայրենասիրական, դաստիարակչական դաս լինի ներկա և գալիք սերունդների համար»…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Հոգևոր-մշակութային


11/07/2012