Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՐԻՆՉԱՆ



Հանդես է եկել «Բոտաֆոգո», «Կորինտիանս», «Ֆլամենգո», «Ռեդ Սթար» ակումբներում: «Բոտաֆոգայի» կազմում մասնակցել է 579 խաղի, խփել 249 գոլ: Ազգային հավաքականում անցկացրել է 57 խաղ, խփել 17 գոլ: 1958 և 1962թթ. աշխարհի չեմպիոն (1962-ի լավագույն խաղացող), 1966թ. առաջնության մասնակից:

Ֆուտբոլում սակավաթիվ են այն խաղացողները, որոնք, ի հեճուկս իրենց ֆիզիկական անկատարության, դարձել են առաջին մեծության աստղեր: Նրանցից է Գարինչան: Վաղ տարիքում հիվանդության պատճառով նրա ոտքերը ծռվել էին, և աջ ոտքը 6սմ-ով կարճացել էր:

Գարինչան` Մանուել Ֆրանսիսկո դոս Սանթոսը, ծնվել է 1933թ. Ռիո դե Ժանեյրոյից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Պաու-Գրանդե գյուղում: Նրա ընտանիքը ծայրահեղ աղքատ էր, և ապագա մեծագույն ֆուտբոլիստը ստիպված էր աշխատել գործարանում` որպես մանող բանվոր: Ինչպես բրազիլացի բոլոր տղաները, Մանուելն էլ վաղ տարիքից է ֆուտբոլ խաղացել: Մանածագործական ֆաբրիկայի մոտ կար մարզադաշտ, որտեղ խաղում էին Պաու-Գրանդեի բոլոր` այդ թվում նաև մանկական թիմերը: Գարինչան փայլում էր հարձակման գծում: Դեռևս այդ ժամանակ կարողանում էր մեծ արագության և անկրկնելի հնարքների շնորհիվ շրջանցել մի քանի պաշտպանների, որից հետո նպատակային փոխանցում կատարել խաղընկերոջը կամ ինքը դառնալ գոլի հեղինակ: Մանկական տարիներին էլ որոշվեց խաղային նրա դիրքը` աջ եզրային հարձակվող: Այդ ժամանակ էլ Մանուելը ստացավ Գարինչա անունը: Գարինչան թռչնի մի տեսակ է, որը շատ է տարածված ֆուտբոլիստի ծննդավայրի անտառներում:

Արդեն 16 տարեկանում Գարինչան հանդես էր գալիս «Պաու-Գրանդե» սիրողական ակումբի հիմնական կազմում: Հանդիսականները հաճախում էին մարզադաշտ` հատուկ ականատես լինելու, թե ինչպես է դեռահաս ֆուտբոլիստը շրջանցում բարձրահասակ ու ամրակազմ պաշտպաններին:

Գարինչայի համար շրջադարձային եղավ մայրաքաղաքի «Բոտաֆոգո» թիմի նախկին դարպասապահ Արուտիի այցելությունը Պաու-Գրանդե: Արուտին տեսնելով Գարինչայի խաղը` նրան իր հետ տարավ Ռիո դե Ժանեյրո: Թե ինչ պատահեց «Բոտաֆոգոյում» Գարինչայի առաջին մարզման ժամանակ, լեգենդի է վերածվել: Մարզմանը ներկա երկրպագուների շրջանում անզուսպ ծիծաղ տարածվեց, երբ խաղադաշտ մտավ Գարինչան: Թիմի մարզիչ Ժենտիլ Կարդոզան, տեսնելով 19-ամյա ծուռ ոտքերով ֆուտբոլիստին, շտապեց եզրակացնել. «Նա ֆուտբոլի համար պիտանի չէ»: Սակայն մարզիչը չէր կարող չհարգել Արուտիին և որոշեց ստուգել նորեկի կարողությունները: Մարզիչը, հազիվ զսպելով ժպիտը, խնդրեց ցույց տալ, թե կարո՞ղ է Մանուելը խաբս տալ պաշտպանին: Գարինչան հեշտությամբ շրջանցեց նրան, և դա կատարեց նաև երկրորդ փորձի ժամանակ: Իսկ պաշտպանը Բրազիլիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստ Նիլթոն Սանթոսն էր: Դրանից հետո Գարինչան դարձավ «Բոտաֆոգոյի» խաղացող: Առաջին իսկ խաղից թիմի երկրպագուները սիրեցին նորեկին: Գարինչան այդ հանդիպմանը դարձավ երեք գոլի հեղինակ: Նրա հետ պայմանագիր կնքելով` «Բոտաֆոգոյի» ղեկավարներն այնքան էլ շռայլ չգտնվեցին: Նրանք շատ լավ գիտակցում էին, որ չքավոր ընտանիքի զավակին կբավականացնի չնչին գումարը: Իսկ Գարինչան երջանիկ էր, որ կրում էր հանրահայտ ֆուտբոլային ակումբի համազգեստը: Նրա խաղը հիացմունք էր առաջացնում, և մարդիկ հատուկ հաճախում էին մարզադաշտ` դիտելու Գարինչայի անկրկնելի վարպետությունը:

1958թ. Գարինչան Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցեց Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությանը: Բրազիլացիները փայլուն անցկացրին մրցաշարը և առաջին անգամ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Այդ աննախադեպ նվաճման մեջ մեծ էր Գարինչայի ներդրումը: 1962թ. Չիլիում անցկացված հերթական աշխարհի առաջնությունում բրազիլացիները կրկնեցին հաջողությունը: Հավաքականի առաջատար Պելեն խմբային մրցաշարում վնասվածք ստացավ, սակայն Գարինչան արժանիորեն փոխարինեց նրան` դառնալով Բրազիլիայի ընտրանու հերոսը: Այդ առաջնությունում 28-ամյա Գարինչան ոչ միայն գրոհների կազմակերպիչ էր, այլ նաև ինքն էր գոլեր խփում: Խփած 4 գոլով նա առաջնությունում լավագույն ռմբարկուների մեջ 6-րդն էր: Մասնագետները միահամուռ նշում էին Գարինչայի անկրկնելի վարպետությունը: Պատահական չէ, որ հենց նա ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Աշխարհի առաջնությունից հետո եվրոպական առաջատար ակումբները հրավիրեցին Գարինչային` խոստանալով բարձր վարձավճարներ, սակայն մեծագույն ֆուտբոլիստը «Բոտաֆոգոյի» սեփականությունն էր, և ակումբի ղեկավարությունը չէր ցանկանում ձեռքից բաց թողնել նրան, ով ակումբի համար ապահովում էր բարձր եկամուտներ: Իսկ ինքը` Գարինչան, շարունակում էր վաստակել չնչին գումար: 1964թ. Գարինչան ստացավ ծնկի ծանր վնասվածք և ստիպված վիրահատվեց:

Նա մասնակցեց նաև աշխարհի հաջորդ առաջնությանը, սակայն Բրազիլիայի հավաքականն Անգլիայում ոչնչով աչքի չընկավ և խմբային մրցաշարից հետո դադարեցրեց հետագա պայքարը: Անգլիայում Գարինչան վերջին հանդիպումն անցկացրեց հավաքականի կազմում: 1973թ. «Մարականա» մարզադաշտում կազմակերպվեց Գարինչայի հրաժեշտի խաղը:

Կյանքի վերջին տասը տարիները հռչակավոր ֆուտբոլիստի համար հեշտ չէին: Նա բաժանվեց կնոջից և ապրում էր չքավոր կյանքով:

Միայն նրա մահից հետո (1983թ.) Բրազիլիան հիշեց իր կուռքին: Հարյուր-հազարավոր մարզիկներ էին եկել վերջին հրաժեշտին: «Բոտաֆոգո» մարզադաշտը մեկ տարի անց արդեն կրում էր նրա անունը: Իսկ Բրազիլիայի գլխավոր մարզադաշտում` «Մարականայում», տեղադրվեց նրա կիսանդրին:

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Գարինչային ընդգրկել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում:

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Մարզաշխարհ


11/07/2012