Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ կառավարական եւ գերատեսչական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր: Միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով եւ պետական դրոշի ներսբերմամբ: Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով բոլորին հիրավի համաժողովրդական տոնի` Ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ, նախարարը միանգամայն բնական եւ հասկանալի համարեց յուրաքանչյուր զինծառայողի` զինվորի, թե գեներալի համակած հուզմունքն ու հպարտությունը. նրանք պատերազմին զուգընթաց ստեղծված բանակի, մեր անկախության առաջամարտիկ-պահապաններն են:
-2011 թվականը հոբելյանական է մեր պետության համար: Լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը: Այս բոլոր տարիներին Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում աներեր կանգնած են եղել մեր զինված ուժերը: Հայ զինվորականությունն իր առաքելությունը շարունակելու է հավատարմորեն կատարել ժողովրդի աջակցությամբ: Ազգային բանակի հզորացման գործում իրենց ներդրումն ունեն նաեւ ուժային մյուս կառույցները: Եվ պատահական չէ, որ այս տոնական միջոցառմանը մասնակցում են նաեւ այդ կառույցների ղեկավարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները:
Ազգային բանակն իր կենսագրության երկրորդ տասնամյակն ավարտում է որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով, անձնակազմի բարձր արհեստավարժությամբ, հաջողություններն ու ձեռքբերումներն անընդհատ զարգացնելու վճռականությամբ: Սրանք ինքնագովասանքի խոսքեր չեն, այլ իրողություններ, որոնք բազմիցս հաստատվել են թե՛ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված միջազգային զորավարժություններում հայկական ստորաբաժանումների ստացած բարձր գնահատականներով եւ թե՛ միջազգային խաղաղապահ գործունեությանը մասնակցած հայ խաղաղապահների ծառայությամբ Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում,- ասաց նախարարը:
Նախարարը նաեւ հավելեց, որ զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները, շատ են ձեռքբերումները, սակայն եղածով բավարարվելու իրավունք չունենք: Տարեդարձը պատեհ առիթ է ամփոփելու անցած տարիների աշխատանքը, նախանշելու հետագա անելիքները, ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխանեցնելու զինված ուժերի զարգացման եւ կատարելագործման ընթացքը:
-Սիրելի՛ բարեկամներ, այսօր ձեզ հանձնվող կառավարական պարգեւները վկայում են, որ մեր պետությունն ու իշխանությունները գնահատում են ձեզ եւ մեծարում զինվորականի դժվարին ծառայությունը, ինչն էլ պարտավորեցնում է լինել ավելի ուշադիր ու հոգատար ձեր ենթակաների նկատմամբ, միեւնույն ժամանակ՝ ավելի անհանդուրժող եւ խստապահանջ ծառայության մեջ տեղ գտած նույնիսկ ամենափոքր թերացումների հանդեպ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամուր եւ հուսալիորեն պաշտպանում են հայ ժողովրդի այնքան թանկ գնով նվաճած պետականությունն ու ինքնիշխանությունը,- ասաց Սեյրան Օհանյանը:
Շնորհավորանքի խոսքեր ասացին մասնակից այլ գերատեսչությունների ղեկավարները՝ մասնավորապես կարեւորելով բոլոր կառույցների համատեղ աշխատանքն ու բանակի անփոխարինելի դերը, որից հետո տարբեր աստիճանի զինվորականների պարգեւատրեցին նաեւ մեդալներով ու պատվոգրերով:
Միջոցառման ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտական պատրաստության գործում իրենց մասնագիտական պարտականությունները լավագույնս կատարելու համար մի շարք զինծառայողների եւ ազատամարտիկների հանձնեց մեդալներ եւ թանկարժեք նվերներ: Պաշտպանական կառույցի հետ սերտորեն համագործակցելու եւ օբյեկտիվ լուսաբանման համար խրախուսվեցին լրագրողներ Արամ Աբրահամյանը, Արթուր Գրիգորյանը, Շավարշ Գեւորգյանը:
Դահլիճում չէին լռում ծափահարությունները, երբ նախարարը պարգեւներ էր հանձնում ժամկետային զինծառայողներին, որոնց քաջության ու աչալրջության շնորհիվ էլ մեր սահմանն այսօր ամուր է ու անառիկ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Ազգային բանակ


10/02/2011