Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2005-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ



2005 թվական. հոկտեմբերին ձերբակալվեց «Տոշիբա» կոնցեռնի դուստր ձեռնարկության աշխատակիցը, որը էլեկտրոնային սարքերի ցուցահանդեսում ծանոթանալով ՌԴ առևտրական ներկայացուցչության նախկին աշխատակցի հետ, 2004 թվականի սեպտեմբերից 2005 թվականի մայիս ամիսների ընթացքում ինն անգամ նրան էր փոխանցել սուզանավերում, հրթիռների ուղղորդման համակարգերում և կործանիչ ինքնաթիռների ռադարներում տեղադրվող էլեկտրոնային սարքերի մասին գաղտնի փաստաթղթեր` փոխարենը ստանալով մեկ միլիոն ճապոնական իեն՝ շուրջ 10.000 ԱՄՆ դոլար:

2006 թվական. հունվարին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտեց Մոսկվայում աշխատելիս դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող բրիտանական չորս հետախույզների, առգրավեց լրտեսման նորագույն էլեկտրոնային սարքը, ինչպես նաև ձերբակալեց ՌԴ մեկ քաղաքացու, որը փորձում էր ռադիոկապ հաստատել բրիտանական հատուկ ծառայությունների հետ:

Փետրվարի 15-ին շվեդական ոստիկանությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալեց երիտասարդ գիտնական, ՌԴ քաղաքացի Անդրեյ Զամյատինին, որը պայմանագրով աշխատում էր Ուպսալայի գյուղատնտեսական համալսարանում: Երկամսյա նախնական կալանքից հետո, մեղադրանքների անբավարար լինելու պատճառով, գործը կարճվեց, իսկ գիտնականին վճարվեց 80.000 շվեդական կրոն՝ մոտ 11.400 ԱՄՆ դոլար փոխհատուցում:

Հոկտեմբերին ՌԴ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց կառավարության աշխատակազմի մի քանի պատասխանատու աշխատակիցների նկատմամբ, որոնք «ՁծԽ ԹՀ» կորպորացիային էին փոխանցել կառավարության նիստին ներկայացվելու պատրաստ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պատճենները: Գլխավոր դատախազության պնդմամբ, այդ փաստաթղթերը կարող էին օգտագործվել էներգետիկայի ասպարեզում ՌԴ ռազմավարական շահերին հակասող նպատակներով եւ բացասաբար անդրադառնալ երկրի էներգետիկ ու տնտեսական անվտանգության, էներգակիրների միջազգային շուկայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման վրա:

2007 թվականի հունիսին ՌԴ անվտանգության մարմիններին դիմեց հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Վյաչեսլավ Ժարկոն, որը հայտնեց, թե իրեն հավաքագրել են բրիտանական հատուկ ծառայությունները, և հայտնեց «ԾԼ-6»-ի չորս գործակալների անունները: Հետաքննության ընթացքում նա նաև ճանաչեց «ԾԼ-6»-ի գործակալ Պաբլո Միլլերին, որն էլ հավաքագրել էր իրեն:

2008 թվական. հունվարին տեղեկությունների արտահոսք բացահայտվեց Ճապոնիայի կառավարության գրասենյակից: Վարչապետ Յասոու Ֆուկուդիի գրասենյակի աշխատակիցը 2007 թվականի ընթացքում ՌԴ դեսպանատան նախկին աշխատակցին բազմիցս փոխանցել էր երկրում հասարակական կարծիքի փոփոխությունների, Ճապոնիայի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ արտասահմանյան պետությունների արձագանքի և այդ ամենի առնչությամբ՝ կառավարությանը ներկայացված առաջարկների մասին գաղտնի տեղեկություններ պարունակող նյութեր:

Փետրվարին Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով Կալիֆոռնիայում ձերբակալվեց պաշտպանական ձեռնարկության նախկին ինժեներ, 72-ամյա Դոնգֆան Չանգը, որն ավելի քան երեք տասնամյակ աշխատել էր տիեզերական տեխնիկայի ու ռազմական ինքնաթիռների մշակմամբ զբաղվող «Rockwell International» ընկերությունում: Չանգը մեղադրվում էր չինական կողմին «Շաթլ» ծրագրի, «C 17» ռազմական ինքնաթիռի և «Delta 4» հրթիռների մասին տեղեկություններ փոխանցելու համար:

Գրեթե միաժամանակ Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանք ներկայացվեց Պենտագոնի աշխատակից, սպառազինությունների համակարգերի քաղաքականության վերլուծաբան Գրեգ Վիլյամ Բարգերսենին և նրա հանցակիցներին` Լուիզիանա նահանգից երկու չինացի վտարանդիների, որոնք փորձում էին Պեկին փոխանցել ԱՄՆ ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ:

Պենտագոնի նախկին աշխատակից Բեն-Ամի Կադիշը դեկտեմբերին պաշտոնապես խոստովանեց, որ 1980-1985 թվականներին սպառազինությունների մշակման կենտրոնում ծառայելու ընթացքում զբաղվել է Իսրայելի օգտին լրտեսությամբ և Թել Ավիվին տրամադրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին տեղեկություններ:

Մարտի 12-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին եղբայրներ, «ՁծԽ ԹՀ ԾպվպՊՋՎպվՑ» ընկերության աշխատակից Իլյա Զասլավսկուն և Բրիտանական խորհրդի ծրագրի ղեկավար Ալեքսանդր Զասլավսկուն: Նրանց ներկայացվեց արդյունաբերական լրտեսությամբ զբաղվելու և արտասահմանյան մի շարք նավթագազային ընկերությունների համար ՌԴ նավթագազային համալիրի մասին առևտրական գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերելու մեղադրանք:

Սեպտեմբերին Էստոնիայում պետական դավաճանության և 1995-2008 թվականներին ՌԴ արտաքին հետախուզության աշխատակցին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով ձերբակալվեցին 2000-2006 թվականներին Էստոնիայի պաշտպանության նախարարության պետական գաղտնիքների պահպանության բաժնի պետ Հերման Սիմը և նրա կինը: Սիմը դատապարտվեց 12,5 տարվա ազատազրկման:

2009 թվական. մարտին Բուխարեստում ձերբակալվեցին մեկ ռումինացի զինվորական և Բուլղարիայի մեկ քաղաքացի: Ըստ տեղեկությունների, սպան բուլղարացուն էր տրամադրում գաղտնի քարտեզներ ու ռադարներին վերաբերող գաղտնի տվյալներ, որոնք վերջինս փոխանցում էր Բուխարեստում Ուկրաինայի դեսպանատան աշխատակցին: Ի պատասխան այս ամենի, Կիևը սպառնաց «Ուկրաինայի անվտանգությանը վնաս հասցնելու» մեղադրանքով երկրից վտարել ռումինացի երկու դիվանագետների:

Ուկրաինայի քաղաքացի Ռուսլան Պիլիպենկոն, որը ՌԴ ԱԴԾ-ին հայտնի էր որպես Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակից, հոկտեմբերին Տիրասպոլում ձերբակալվեց ռուսաստանյան ռազմական օբյեկտում: Նրանից առգրավվեցին թվային ֆոտոխցիկը և «Գաղտնի» ու «Հույժ գաղտնի» դրոշմներով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Պիլիպենկոն ոչ միայն խոստովանեց իր մեղքը, այլև պատրաստակամություն հայտնեց տեղեկություններ տրամադրելու Ռուսաստանի դեմ գործող գործակալական ցանցի և նախկինում իրականացված հետախուզական գործողությունների մասին:

2010 թվական. Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոն փետրվարին հայտարարեց երկրի տարածքում լրտեսական գործունեություն իրականացնող ռուսաստանյան խմբի բացահայտման մասին և տեղեկացրեց, որ խմբի անդամները վտարվել են Ուկրաինայից, իսկ ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է:

Ապրիլին Պակիստանի «Ըռ նր Ըռ (Inter Services Intelligence, ISI)» միջգերատեսչական հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվեց Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարը, որն արդեն իսկ գտնվում էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Ապրիլին հարավկորեական հատուկ ծառայությունները ձերբակալեցին երկու հոգու` նրանց ներկայացնելով «բարձրաստիճան փախստականին»՝ ԿԺԴՀ աշխատանքային կուսակցության նախկին քարտուղար Խվան Դյան Օբին Փխենյանի հանձնարարությամբ սպանելու նպատակով իբրև փախստական երկիր ներթափանցելու մեղադրանք:

Օգոստոսին Մոսկվայում ՌԴ քաղաքացուց ռազմական բովանդակությամբ գաղտնի տեղեկություններ ստանալիս ձերբակալվեց Ռումինիայի արտաքին տեղեկատվության ծառայության աշխատակից Գաբրիել Գրեկուն, որն աշխատում էր Ռուսաստանում Ռումինիայի դեսպանատանը: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ «ձերբակալվածից առգրավված տեխնիկական միջոցները վկայում են ՌԴ նկատմամբ վերջինիս լրտեսական գործունեություն իրականացնելու մասին»:

Ի պատասխան ձերբակալության` Բուխարեստը Ռումինիայում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Անատոլի Ակոպովին հայտարարեց «անցանկալի անձ» և պահանջեց 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը:

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայի օգտին լրտեսության կասկածանքով Մեծ Բրիտանիայում ձերբակալվեց Համայնքների պալատի պատգամավոր Մայք Հենքոկի նախկին օգնական Եկատերինա Զատուլիվետերը: Նա հայտնվել էր բրիտանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, երբ պատգամավորի անունից փորձել էր տեղեկություններ ստանալ Լոնդոնի միջուկային ծրագրերի, միջուկային սուզանավերի և պետության անվտանգությանն առնչվող այլ ասպարեզների մասին:

Զատուլիվետերը շուտով գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ 2011 թվականի նոյեմբերին էմիգրացիոն բողոքարկումների հատուկ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց նրան երկրից վտարելու վերաբերյալ ներքգործնախարարության որոշումը:

2011 թվական. մարտի վերջին Քուվեյթում ավարտվեց Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մի խմբի դատավարությունը: Մեղադրյալներից երեքը դատապարտվեցին մահապատժի, իսկ մեկը՝ ցմահ ազատազրկման: Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարեցին, որ երկրի անվտանգության ծառայությունները 2003 թվականից ի վեր բացահայտել են իրանական լրտեսական ութ ցանց:

Մայիսի 12-ին ՌԴ քաղաքացուց ԱՊՀ անդամ և արաբական մի շարք պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ ստանալու պահին Մոսկվայում ձերբակալվեց Իսրայելի ռազմական կցորդ, կադրային հետախույզ, գնդապետ Վադիմ Լեյդերմանը: Հայտարարվելով «անցանկալի անձ»` մայիսի 14-ին նա լքեց Ռուսաստանը:

Մայիսի 13-ին Կիևն «անցանկալի անձ» հայտարարեց չեխ երկու դիվանագետի` նրանց մեղադրելով Ռուսաստանի համար հրթիռատիեզերական համակարգերի մշակումների մասին տեղեկություններ հավաքելու համար: Ի պատասխան` Պրագան եւս երկրից վտարեց երկու ուկրաինացի դիվանագետի և հայտարարեց, որ Կիևի քայլը քաղաքական ենթատեքստ ուներ ու պայմանավորված էր Ուկրաինայի տնտեսության նախկին նախարար Բոգդան Դանիլիշինին քաղաքական ապաստան տալու հանգամանքով:

Մայիսի 20-ին Իրանը հայտարարեց երկրում և նրա սահմաններից դուրս ԿՀՎ-ի հետ կապված 30 հոգանոց լրտեսական ցանցի բացահայտման մասին:

Հուլիսի 7-ին Թբիլիսիում ձերբակալվեցին չորս ֆոտոթղթակիցներ, այդ թվում նաև Վրաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Նատիյա Գեդենիձեն, որոնց ներկայացվեց Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանք: Լուսանկարիչները դատապարտվեցին պայմանական ազատազրկման:

Հոկտեմբերի 5-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց Չինաստանի պետանվտանգության նախարարության հանձնարարությամբ «հ-300» համալիրներում օգտագործվող տեխնոլոգիաների մասին տվյալներ հավաքող Տուն Շենյունի ձերբակալման մասին:

Պատրաստեց Տ.ԴԵՎՐԻԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմաքաղաքական


04/07/2012