Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ՏԻԵԶԵՐՔԸ



Չինաստանն ամբողջովին տիրապետել է ուղեծրում տիեզերական ապարատների մոտեցման և կցման տեխնոլոգիային: Հունիսի 24-ին չինական Շենչժոու-9 տիեզերանավը, կառավարվելով մեխանիկական ռեժիմում, հաջողությամբ միացել է Տյանգուն-1 լաբորատոր կայանին: Այսպիսով, Չինաստանը ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո դարձավ երրորդ պետությունը, որն ամբողջովին տիրապետում է այս տեխնոլոգիային: Գործողությունը կառավարել է չինացի 43-ամյա տիեզերանավորդ Լյու Վանը, որը մինչ այդ երկրի վրա ավելի քան 1500 հատուկ պարապմունք է անցկացրել:

Չինացիները տիեզերական ապարատների առաջին միացումը ավտոմատ ռեժիմով կատարել են 2011թ.: Իսկ մեխանիկական ռեժիմով վերջին հաջող փորձից հետո չինացի մասնագետները հայտարարել են, որ Չինաստանն ունի բոլոր հնարավորությունները սեփական տիեզերակայան կառուցելու համար: Ավտոմատ ռեժիմում սարքավորումները ինքնուրույն կատարում են բոլոր խնդիրները, և նախապես ճիշտ ծրագրավորման դեպքում արդյունքը դրական է լինում: Մեխանիկական ռեժիմում պահանջվում է օդաչուի վարպետության չափազանց բարձր մակարդակ և համապատասխան սարքավորումների առկայություն, դրանցով աշխատելու կարողություն:

Տիեզերական ապարատները միմյանց համակցելու տեխնոլոգիային տիրապետելու նախագծի վերջնական փուլը կավարտվի Շենչժոու-10 տիեզերանավի արձակմամբ, իսկ մինչ այդ ծրագրի համար ծախսվել է ավելի քան 6 միլիարդ դոլար:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012