Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑ…



Այսօր՝ Բանակի օրը, ծերունի կենսաթոշակառուիս թույլ տվեք հպարտանալ. ես՝ գյուղական ուսուցիչս, նախարար եմ կրթել, այն էլ ինչ նախարար՝ պաշտպանության…
Չեք հավատա. իմ նախկին աշակերտին ճանաչեցի գրագետ, տրամաբանված խոսքից, կիրթ, չափված-ձեւված պահվածքից, ուղիղ կեցվածքից։ Հեռուստացույցով նայում էի ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ելույթն ու մտածում, թե՝ տեսնես ո՞վ է այս զինվորականի ուսուցիչը եղել, որտե՞ղ է դաստիարակվել, ո՞ւմ տղան է… «Օհանյան» ազգանունն ինձ կասկածի մեջ գցեց։ Սկսեցի հետաքրքրվել… Պարզվեց՝ Մրգաշենի դպրոցի, որտեղ ես տնօրեն եմ աշխատել, մեր ռուսաց լեզվի վաստակաշատ ուսուցիչ Մուշեղ Օհանյանի եւ հարգված դասվար Լ. Ամիրջանյանի տղան է, իմ գերազանցիկ շրջանավարտը։ Փառք տվեցի Աստծուն։ Մի օր էլ, երբ մի հարցազրույց կարդացի «Հայ զինվոր» թերթում, որտեղ նախարարը պատասխանելով հարցին, ասում է, որ զինվորական դառնալու ցանկությունն իր մեջ առաջացել է դեռ դպրոցական տարիներից, որոշեցի, ինչ գնով էլ լինի, գնալ իմ երբեմնի աշակերտին տեսության, մանավանդ որ նա հիմա ավելի մոտ է՝ Հայաստանի պաշտպանության նախարարն է։ Գյուղից հասա Երեւան, գտա պաշտպանության նախարարության շենքը։ Ներս չէին թողնում։ Խնդրեցի, ասացի. «Դուք նախարարին միայն տեղեկացրեք, որ իր ուսուցիչն է եկել, դռան մոտ սպասում»։ Սիրտս տագնապում էր. ուղիղ 30 տարի էր անցել այն օրերից, նախարարն ինձ կհիշի՞, կճանաչի՞, կընդունի՞… Այս մտքերի մեջ էի, երբ մի երիտասարդ մոտեցավ ինձ. «Դո՞ւք եք Զավեն Վարդանյանը»։ Երբ ասացի՝ այո՛, նա թեւանցուկ ինձ ուղեկցեց երկար միջանցքներով մինչեւ նախարարի ընդունարան։ Եվ հանկարծ դուռը բացվեց, եւ ինձ ընդառաջ եկավ ինքը՝ Հայաստանի պաշտպանության նախարարը։ Այդ պահը ես երբեք չեմ մոռանա։ Հուզմունքից լաց եղա։ Երեսուն տարի հետո կրկին հանդիպեցին նախկին աշակերտն ու ուսուցիչը… Մեր հուշերը շատ ջերմ էին. վերհիշեցինք Մրգաշենի դպրոցը, ֆիզիկայի լաբորատորիան, զինկաբինետը, մեր դպրոցի հաղթանակը Նոր Հաճնում անցկացված «Փայլակ» ռազմահայրենասիրական միջշրջանային մրցույթում, մեր գերազանց ելույթները Կիրովականի հանրապետական մրցումներում… Վերջում նախարարն ինձ նվիրեց իր «21-րդ դարի բանակը» գիրքը։ Այդ գիրքը հիմա իմ սեղանի գիրքն է։ Ես նախարարից նաեւ մի թանկարժեք նամակ եմ պահում։ Այն առանձնապես ինձ համար թանկ է, որովհետեւ այնտեղ այսպիսի խոսքեր կան. «Դուք՝ որպես հայ ուսուցիչ, մնացել եք Ձեր կոչման բարձրության վրա, մշտապես արթուն եք պահել ազգային ինքնագիտակցության գաղափարը եւ հոգեւոր արժեքները պահպանելու ու գալիք սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը։ Մեծ է Ձեզ նման ուսուցիչների դերը մեր պետականության կերտման, ապագա սերունդների՝ որպես հայրենյաց պաշտպանների դաստիարակման գործում։ Ուրախ եմ, որ արդարացրել եմ Ձեր հույսերը, եւ Դուք հպարտանում եք մեզնով ու մեր բանակի հաջողություններով»։
Այս տողերը, որ գրված են մեր պաշտպանության նախարարի ձեռքով, ես կարդում եմ ամեն օր, ամեն օր, որովհետեւ դրանք ինձ հուշում են, որ իմ կյանքը, իմ ձգտումը՝ հայրենասեր, գրագետ սերունդ մեծացնել, իզուր չի անցել։ Ծերունի կենսաթոշակառուիս այդ տողերն ապրեցնում են։
Շնորհավոր քո տոնը, սիրելի՛ որդի։
Շնորհավոր Բանակի օրը, հարգարժան պաշտպանության նախարար։
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
վաստակավոր մանկավարժ,
Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Բանակ և հասարակություն


10/02/2011