Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԸ



2010թ. մարտական առաջադրանքների կատարման արդյունքում երկրորդ տարին անընդմեջ ավիացիայի լավագույն զորամաս ճանաչվեց եւ երկրորդ անգամ «ՀՀ ԶՈՒ ավիացիայի լավագույն զորամաս» պատվադրոշով պարգեւատրվեց գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ուղղաթիռային զորամասը։
Սովորաբար որեւէ բարձունքի, հաջողության հասնելը, մրցանակ նվաճելը ավելի հեշտ է, քան ձեռքբերումը պահպանելը։ Ուղղաթիռների օդաչուներին մի քանի տարի չէր հաջողվում առաջինը լինել, բայց նրանք չէին ընկճվում։ Գնդապետ Սիանոսյանը վստահ էր, որ անվտանգության կանոնների պահպանման եւ ծառայողական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները, առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերվող խոհեմությունը, ուսուցման համար հատկացված ժամանակի ճիշտ օգտագործումը տալու են սպասված արդյունքը։
Շնորհավորելով օդաչուներին զորատեսակի կազմում լավագույնը ճանաչվելու եւ ազգային բանակի ստեղծման տասնիններորդ տարեդարձի առթիվ՝ գնդապետին խնդրեցինք ներկայացնել անցած՝ 2010թ. հիշարժան իրադարձությունները։
-Օդաչուների համար ամենակարեւորը թռչելն է՝ լինի դա մարզվելու, թե մարտական առաջադրանք կատարելու նպատակով։ Տարիներ շարունակ վառելիքի տնտեսման կամ այլ հանգամանքների պատճառով որեւէ թռիչք չի հետաձգվել։ Իմ հրամանատար եղած տարիներին նախատեսված բոլոր պարապմունքները կատարվել եւ կատարվում են։ Հենց այս փաստը մեր երկրի ղեկավարության, բանակի հրամանատարության՝ ռազմական ավիացիայի նկատմամբ դրսեւորած հոգատարության վկայությունն է,- ասաց գնդապետ Ս. Սիանոսյանը եւ շարունակեց։ -Անցած ուսումնական տարին չափազանց հագեցած էր ինչպես մարտական պատրաստության ծրագրով նախատեսված մարզումային թռիչքների, այնպես էլ տարբեր զորավարժությունների ժամանակ կատարած թռիչքների քանակով։
Ուզում եմ հատկապես առանձնացնել ռուսական ռազմակայանի, ՆԱՏՕ-ի կազմակերպած արտակարգ իրավիճակների եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հետ անցկացված զորավարժությունները, որոնց ժամանակ մեր անձնակազմերն առաջադրանքները կատարեցին բացարձակ ճշտությամբ։ Անցած տարում մարտական պատրաստության եւ զորավարժությունների համար նախատեսված թռիչքային ու հատկացված զինամթերքի օգտագործման ծրագիրը կատարվել է գրեթե հարյուր տոկոսով։ Վարպետության կատարելագործման համար հնարավորություններն ու պայմանները եղել են լիարժեք։ Մասնակցել ենք նաեւ զորամիավորումների, առանձին զորամասերի կազմով անցկացված զորավարժություններին։ Հաջող համագործակցել ենք հետախուզական զորամասերի հետ, իսկ հակաօդային պաշտպանության զորքերի համար իրականացրել ենք նախատեսված բոլոր շրջաթռիչքները։

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

-2010թ. սկզբին ավիացիայի վարչության նախաձեռնությամբ փոխանցիկ դրոշի մրցույթ հայտարարվեց ենթակա զորամասերի էսկադրիլիաների եւ ապահովման ստորաբաժանումների համար։ Լավագույնը ճանաչվեցին եւ փոխանցիկ դրոշներին տիրեցին մեր զորամասի Մի-24 ուղղաթիռային էսկադրիլիան եւ ապահովման գումարտակը։
Չեմ կարող չնշել նաեւ տեխնիկական շահագործման անձնակազմի բարեխիղճ ծառայությունը։

ԿԱԴՐԵՐԸ

-Ինչպես գիտեք մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտը մեզ ապահովում է անհրաժեշտ մասնագետներով։ Կուրսանտները սովորելու ընթացքում փորձաշրջանն անցնում են հիմնականում մեր զորամասում, մենք էլ մասնակցում ենք նրանց պետական քննություններին։ Անցած տարում զորամասը դարձյալ համալրվել է երիտասարդ օդաչուներով։ Միաժամանակ երկու օդաչուներ պատրաստվել եւ դարձել են Մի-24-ի հրամանատարներ, մեկը՝ Մի-8-ի, մի քանիսը պատրաստվել եւ իրավունք են ստացել մարտական գործողությունների մասնակցելու օղակի, էսկադրիլիայի եւ ամենաբարձր՝ զորամասի կազմով։ Բարձրացվել է օդաչուներից երկուսի որակավորումը, շուտով կբարձրացվի եւս չորսինը, նրանցից մեկը կստանա «Ռազմական օդաչուի» որակավորում։ Զորամասի վերջին տարիների ձեռքբերումները մի շարք զինծառայողների, հատկապես ծառայությունների պետերի եւ ստորաբաժանումների հրամանատարների հետեւողական աշխատանքի արդյունքն է։ Եվ ես ուզում եմ ասել, որ, առանց մեր սպաների գործադրած ջանքերի, զորամասը դժվար թե կարողանար երկրորդ անգամ անընդմեջ նվաճել փոխանցիկ դրոշը։

2011Թ. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

-Ուսումնական տարին սկսել ենք հաջողությամբ։ Մարտավարաշարային պարապմունքներն անցկացվել են ծրագրին համապատասխան։ 2010թ. համեմատ՝ այս տարվա միջոցառումներն ավելի շատ են։ Անցկացվելու են ներկայացուցչական զորավարժություններ, նշվելու է մեր երկրի անկախության քսաներորդ տարեդարձը, պետք է շատ աշխատենք եւ միշտ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրը։
***
Ազգային բանակի տասնիններորդ տարեդարձի առթիվ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալներով են պարգեւատրվել մայոր Ա. Վարդանյանը եւ կապիտան Գ. Ղազարյանը։ Զինծառայողներից շատերն էլ պարգեւատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով ու թանկարժեք նվերներով։ Հունվարի 27-ին գնդապետ Ս. Սիանոսյանը կազմակերպեց պարգեւատրման արարողությունը, որից հետո հանդիպեցինք փոխանցիկ դրոշներ շահած լավագույն ստորաբաժանումների զինծառայողների հետ։

ՄԻ-24 ԷՍԿԱԴՐԻԼԻԱՆ

Ազգությամբ ռուս փոխգնդապետ Վյաչեսլավ Վասկովսկին էսկադրիլիայի հրամանատարն է։ Նրա հայրը՝ ենթասպա Վալերի Վասկովսկին, հին զինվորական է եւ մեծ հարգանք է վայելում օդաչուների շրջանում։ Նա պահեստազոր անցնելուց հետո էլ շարունակում է աշխատանքը եւ օգնում երիտասարդ օդաչուներին, տեխնիկներին։
-Պապս՝ Վիկտոր Վասկովսկին, Հայրենական պատերազմի մասնակից է։ 1946թ. գալիս է Հայաստան՝ Գյումրի եւ այստեղ էլ ծանոթանում տատիս՝ Վալենտինայի հետ, որը զինվորական օդաչուների խոհարար էր։ Մեր ընտանիքում միշտ էլ մեծ հարգանք է եղել զինվորականների նկատմամբ, եւ ես 1993թ., երբ ավարտեցի Գյումրիի N8 միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էի, որ պիտի զինվորական դառնամ,- ասում է փոխգնդապետ Վասկովսկին։
Հայկական առաջին զինվորական ուսումնական հաստատության՝ Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարանի օդաչուական խմբի կուրսանտների մեջ Վյաչեսլավն առանձնանում էր ինչպես սովորելու, այնպես էլ փորձաշրջանների ընթացքում։ Երիտասարդ կուրսանտը շատ արագ էր կատարելագործում իր մասնագիտական հմտությունները, եւ այն ժամանակվա զորամասի հրամանատարները, փորձառու օդաչուները չզգացին էլ, թե ինչպես սկսեցին երիտասարդ սպային վստահել բարդ ու պատասխանատու առաջադրանքների կատարումը։ Մեկ-երկու կարեւոր զորավարժություն, եւ Վյաչեսլավի անունն արդեն իսկ հիշատակվեց փորձառուների շարքում։ Այսօր նա երկրորդ կարգի օդաչուի որակավորում ունի, գրեթե ամեն տարի աշխատում է երիտասարդ օդաչուների հետ, լինում նրանց փորձաշրջանի ղեկավարը։
-Անցած ուսումնական տարում մասնակցել ենք մի շարք զորավարժությունների եւ միշտ ստացել «գերազանց» գնահատականներ։ Հաջողության մեջ իրենց լուրջ ներդրումն ունեն մայոր Վ. Սարգսյանը, մայոր Ա. Ապիկյանը, մայոր Ա. Մարդանյանը, կապիտան Ռ. Խաչատրյանը եւ մյուսները,- ավելացրեց փոխգնդապետը։
-Ընտանիքում զինվորական գործի շարունակողներ կա՞ն,- հարցրի Վյաչեսլավին։
-Դեռեւս չկա, բայց հույսս չեմ կտրում, առայժմ երկու աղջիկ ունեմ։
Ավելացնենք, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վյաչեսլավ Վասկովսկին պարգեւատրել է առաջին եւ երկրորդ աստիճանի «Անբասիր ծառայության համար» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով։
Մայոր Ա. Ապիկյանը եւ կապիտան Ռ. Խաչատրյանը նոր էին ստանձնել մարտական հերթապահությունը։ Թռիչքահրապարակում նրանք ուղղաթիռի տեխնիկական վիճակն էին ստուգում։ Նրանց օգնում էին հերթապահությունը հանձնող օդաչուներ կապիտաններ Ի. Մանգասարյանը, Ֆ. Անտոնյանը եւ լեյտենանտներ Ե. Միրզոյանն ու Լ. Վիրաբյանը։
-Այստեղ գործն ավարտելուց հետո գնալու ենք լսարան եւ զբաղվելու ենք ինքնապատրաստությամբ,- ասաց մայոր Ապիկյանը։ Նա նույնպես փորձառու օդաչու է, թռիչքատեխնիկական ուսումնարանի առաջին շրջանավարտներից։ Ծնվել է Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։ 1988թ. ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Կրասնոդարի ավիացիոն ինստիտուտ։
– ԽՍՀՄ փլուզումից հետո ինստիտուտի ղեկավարությունը պահանջում էր, որ մեր հանրապետությունը կուրսանտների համար ուսման վարձ վճարի, բայց այն ժամանակ ո՛չ միջպետական օրենքներ կային, ո՛չ էլ պայմանագիր։ Մեր հանրապետությունում էլ ամեն ինչ նոր էր ստեղծվում, եւ պարզ չէր, թե ում կարելի է դիմել, ինչպես անել։ Հարկադրված վերադարձա Հայաստան ու շատ չանցած իմացա, որ Երեւանում թռիչքատեխնիկական ուսումնարան է բացվում, ընդունվեցի, իսկ ավարտելիս կուրսանտների մեջ առաջին թռիչք կատարողը ես եղա,- հիշում է Արմենը։
Մասնակցել է բազմաթիվ զորավարժությունների, տոնական շքերթների, պարգեւատրվել է առաջին եւ երկրորդ աստիճանի «Անբասիր ծառայության համար» մեդալներով։ Արմենը երկու աղջիկ ունի, իսկ շատ շուտով, հենց այս ամսվա մեջ կծնվի նրա տղան։
-Համոզվա՞ծ եք։
-Հաստատ տղա է,- վստահաբար ասաց Արմենը։
***
2010թ. թռիչքներ, առաջադրանքներ կատարելու առումով հաջողակ էր նաեւ կապիտան Ռ. Խաչատրյանի համար։ Բազմաթիվ զորավարժություններից նա առանձնացնում է նոյեմբեր ամսին ԼՂՀ պաշտպանության բանակի հետ անցկացրածը, որից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նրան պարգեւատրեց պատվոգրով։
-Այդ զորավարժությունը, իրոք, շատ հզոր էր, լայնամասշտաբ, եւ իզուր չէր ադրբեջանցիների բարձրացրած վայնասունը։ Նրանք շոշափելիորեն զգացին պաշտպանության բանակի ուժը,- հիշում է Ռուստամը։
Նա երեւանցի է։ 1994թ. ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան N11 միջնակարգ դպրոցը եւ նույն տարում էլ ընդունվել թռիչքատեխնիկական ուսումնարան։ Պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով։
-Մարզումների ժամանակ հնարքներ կիրառո՞ւմ եք,- հարցնում եմ օդաչուներին։
-Իհարկե, թե չէ հենց էնպես թռչելը ում է պետք, մենք նաեւ տարբեր խոչընդոտներ ենք հաղթահարում։ Միաժամանակ կատարում ենք շրջապտույտներ, մարտական շրջադարձեր, առաջադրանք ենք կատարում զույգ ուղղաթիռներով, քառյակով եւ էսկադրիլիայի կազմով։ Ունենք ավելի բարդ վարժություններ, որոնցից է բարձրադիր թռիչքավայրէջքային հարթակների պատրաստման վարժությունը եւ այլն,- ասաց մայոր Ա. Ապիկյանը։

ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Զորամասում այս ծառայությունը ղեկավարում է հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Սաղաթելյանը։ Իրականացնում է իրային, պարենային, վառելիքաքսուքային, ավիացիոն-տեխնիկական, ավիացիոն-սպառազինության եւ օդանավակայանների տեխնիկական ապահովման ծառայություն։
-Մենք ամեն ինչ անում ենք, որ թիկունքային ապահովումը լինի լիարժեք, եւ մեր օդաչուները կենտրոնանան միմիայն ռազմական ուսուցման, մարտական խնդիրների կատարման վրա։ Լավագույնը ճանաչվելու եւ փոխանցիկ դրոշը շահելու գործում մեծ է մայոր Կ. Մալխասյանի, ենթասպաներ Աշոտ Պետրոսյանի եւ Արթուր Գեւորգյանի, կապիտան Կ. Օհանյանի, ենթասպա Նորիկ Պետրոսյանի, Սեդա Թումասյանի, մայոր Ե. Հակոբյանի, ենթասպաներ Սահարոն Հունանյանի, Օֆելյա Հայրապետյանի, կապիտան Ա. Բադալյանի, ավագ ենթասպա Հ. Կարապետյանի, ենթասպա Ինգա Գյուրջյանի, Թամարա Պապոյանի, ինչպես նաեւ կապիտաններ Դ. Սարգսյանի եւ Հ. Հակոբյանի վաստակը։ Նրանք տարիներ շարունակ իրենց նվիրված աշխատանքով նպաստում են ընդհանուր գործի հաջողությանը,- ներկայացրեց փոխգնդապետ Գ. Սաղաթելյանը։

ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Զորամասի անձնակազմը հպարտանում է ոչ միայն իր օդաչուների խիզախությամբ, երբեմն անհավատալի մարտական թռիչքներով, այլեւ իրենց կողքին իր համեստ աշխատանքը կատարող ենթասպա Աշոտ Պետրոսյանի ձեռքբերումներով, անձնական ռեկորդներով։ Նա հինգ անգամ՝ 2005-2010թթ. ընթացքում լողալով կտրել-անցել է Սեւանա լիճը երկարությամբ, այսինքն՝ ամեն անգամ նա հաղթահարել է վաթսուն կիլոմետր ջրային տարածք։ Նրա սահմանած համաշխարհային ռեկորդները, որոնց մի մասը նա սահմանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, երբ նա պաշտպանության նախարար էր, ժամանակին լուսաբանվել են հանրային եւ մյուս հեռուստաալիքներով։ Այժմ Աշոտն իր առջեւ խնդիր է դրել մեկնել Ֆրանսիա եւ լողալով անցել Լա Մանշի նեղուցը։ Միայն լողով չէ, որ նա զբաղվում է։ Աշոտ Պետրոսյանը նաեւ այկիդոյի, յոգայի եւ հսկաների (ծանրություններ բարձրացնողների) ֆեդերացիաների անդամ է եւ զբաղվում է բոլոր այդ մարզաձեւերով։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Ավիացիոն ուղղաթիռային զորամասը ստանձնել եւ պատասխանատվությամբ է կատարում տասներկու դպրոցների շեֆությունը։ Փոխադարձ այցերը, հայրենասիրական, աշխարհաճանաչողության դասերը, աշակերտների ծանոթությունը ռազմական գործին կանոնակարգված են եւ չեն ընդհատվում։
Հունվարի 27-ին՝ ազգային բանակի կազմավորման տասնիններորդ տարեդարձի նախօրեին, զորամաս էին այցելել N 52 միջնակարգ դպրոցի (տնօրեն Լյուբա Բլեյան) մի մեծ խումբ աշակերտներ։ ՆԶՊ ուսուցիչ Խաչիկ Դավթյանի, կազմակերպիչներ Գայանե Ղազարյանի, Գոհար Բլեյանի, հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Սիմոնյանի ղեկավարությամբ աշակերտները եղան զորանոցի տարբեր ստորաբաժանումներում, ծանոթացան ինժեներատեխնիկական, կապի եւ օդաչուական անձնակազմերի ծառայությանը։ Մի-8 էսկադրիլիայի թռիչքահրապարակներից մեկում անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Սարգսյանը եւ մյուս սպաները մատչելի լեզվով աշակերտներին ներկայացրին ուղղաթիռի կառուցվածքը, նշանակությունը, նրանով թռչելու եւ այն ղեկավարելու ձեւերը։ Աշակերտները բարձրացան ուղղաթիռ, օդաչուների հետ զրուցելով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ փոքրիկ Հարությունն ու Նարեկը, իրենց ղեկապետի դերում փորձելուց հետո, ասացին, որ անպայման ռազմական օդաչուներ են դառնալու։
-Միջոցառման վերջում դպրոցի սաներն ու մանկավարժները օդաչուներին նվիրեցին գեղեցիկ ձեւավորված տորթ՝ «Շնորհավոր տոնդ, զինվոր» մակագրությամբ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Ազգային բանակ


10/02/2011