Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Հայոց բանակի օրվա առթիվ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախօրեին այցելեց մարզի տարածքում տեղակայված հակաօդային պաշպանության զորքերի ստորաբաժանումներ, ուր մարզի ղեկավարին դիմավորեցին զինվորական ողջույններով:
Ողջունելով ու շնորհավորելով զինվորներին ու սպայական անձնակազմին Հայոց բանակի ստեղծման 19-ամյակի կապակցությամբ` մարզպետն ընդգծեց Հայոց բանակի զինվորի ու սպայի հանդեպ բացառիկ ուշադրությունն ու հոգատարությունը, որ դրսեւորվում է երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի եւ ընդհանուր ազգաբնակչության կողմից:
-Դուք` հայ ժողովրդի զավակներդ, հաղթանակած բանակի զինվորներ եք, այն բանակի, որին դարեր շարունակ երազել է հայ մարդը: Խորհրդածելու առիթ է տալիս… հայ ժողովրդի հազարամյակների պատմություն եւ` 19 տարեկան հայոց բանակ… Հպարտ եղեք, միշտ զգոն, պատրաստ ոչնչացնելու մեր պետության սահմանը ոտնակոխ անողին: Հիշեք իմաստուն խոսքը. «Երկրի սահմանները զինվորն է գծում»:
Պրն. Սահակյանը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների ու սպաների հանձնեց Արագածոտնի մարզպետի պատվոգրեր: Այնուհետեւ նրա առաջարկությամբ անձնակազմերի հետ զրույցը շարունակվում էր «ավելի մոտիկից»` լսարանում:
Համառոտ ներկայացնելով մարզի պատկերը` սոցիալ-տնտեսական խնդիրները` պրն. Սահակյանը վկայեց այն դրական տեղաշարժերը, որոնք նկատելի են վերջին տարիներին եւ առավել չափով շարունակվում են ներկայումս, ընդգծելով` հզոր բանակի հիմքը հզոր տնտեսությունն է: Անկեղծ զրույցի ընթացքում մարզպետը պատրաստակամություն հայտնեց իր եւ մարզի ղեկավարության հնարավոր օգնությունն ու աջակցությունը ստորաբաժանումների զինվորների ու սպաների` մարզում բնակվող ընտանիքներին:
-Զինվոր, սպա, թե պետական պաշտոնյա կամ հասարակ աշխատող, առաջին հերթին պետք է կարեւորենք մարդկային հարաբերությունները, փոխադարձ վստահությունն ու հարգանքը, պատասխանատվությունը քեզ վստահված գործին: Ամուր կոլեկտիվ, որի ամեն մի անդամ իրեն պետք է զգա ընդհանուրի մի մասը, որը ոչինչ չի խնայում ընդհանուրի շահի համար: Այս որակները անզեն աչքով տեսանելի են: Դրա վկայությունը նաեւ ձեր իսկ ձեռքով ստեղծած հիանալի պայմաններն են, անչափ ջերմ միջավայրը, որոնք ապահովում են ստորաբաժանման առջեւ դրված անչափ պատասխանատու առաջադրանքների գերազանց կատարումը: Ես հիացմունք ապրեցի, տեղեկանալով, որ ստեղծման օրից մինչ հիմա, մեր մարզի տարածքում տեղակայված ձեր ստորաբաժանումներում արտասովոր ոչ մի դեպք չի գրանցվել: Անկասկած, այդ ամենը առաջին հերթին ստորաբաժանումների հրամանատարների ջանքերի արդյունքն են: Կրկին շնորհավոր ձեր տոնը, որը մեր ընդհանուրի տոնն է նաեւ:
Մարզպետը ստորաբաժանումներին հանձնեց հեռուստացույց եւ DVD: Շնորհակալությամբ ընդունելով նվերը` հրամանատարներն անչափ կարեւորեցին այն հանգամանքը, որ մարզի ղեկավարը Հայոց բանակի հիշարժան բոլոր օրերին իրենց այցելելուց զատ, մշտական կապի մեջ է իրենց հետ, որն իրենց ավելի է պարտավորեցնում ոչ միայն որպես զինվորականի, այլեւ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Ա. ԱՎԱԳՅԱՆ