Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՐԴԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
ՔՐԴԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Քրդստանը Առաջավոր Ասիայի պատմաաշխարհագրական շրջանն է, որտեղ քրդերը էթնիկական մեծամասնություն են կազմում: Հյուսիսից նրանք սահմանակից են հայերին, արևմուտքից` թուրքերին, իսկ հյուսիս-արևելքից` ադրբեջանցիներին: Միանշանակ խոսել քրդերի էթնոհոգեբանության մասին, կարելի է ասել, անհնար է, քանի որ, լինելով բավականին խոշոր էթնոս, ներկա պահին չունեն իրենց պետականությունը: Այստեղ տեղին է հիշատակել Բ.Անդերսոնի խոսքը. «Բնորոշել ազգը, ազգությունը շատ դժվար է, իսկ վերլուծելը` կրկնակի»: Այսօր Քրդստանի տարածքը բաժանված է չորս պետությունների միջև` Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան: Արդյունքում՝ ի հայտ են եկել պատմաաշխարհագրական հասկացություններ` թուրքական (հյուսիսային) Քրդստան, սիրիական (հյուսիսարևմտյան) Քրդստան, իրաքյան (հարավային) Քրդստան և իրանական (արևելյան) Քրդստան:

Քրդերի ճնշող մեծամասնությունը սուննի մահմեդականներ են, որոնք մեծարում են սուֆիզմը` որպես գիտություն հավերժական իմաստության մասին: Այնուամենայնիվ, նրանց մեջ այլ կրոններ ևս տարածված են, ուստի կարող ենք ասել, որ կրոնի դերը քրդական հասարակության մեջ առանձնապես մեծ չէ, հատկապես ազգային նույնականացման առումով:

Իրենց գոյության ողջ ընթացքում և հատկապես այսօր քրդերին սպառնում է ազգային ինքնորոշման հետ կապված վտանգը: Այս հանգամանքը նրանց ազգային ենթագիտակցականի մեջ արդեն իսկ ձևավորել է «սեփականի կորստյան» բարդույթը, և դա է թերևս այն հիմնական պատճառը, որ իրենք ծայրահեղ պահանջկոտ են ազգային արժեքների պահպանման, դրանք սերունդներին փոխանցելու հարցում և նույնչափ էլ դյուրագրգիռ են` ի դեմս ազգայինին սպառնացող ցանկացած չնչին գործոնի: Այս երևույթը դրսևորվում է նրանց և՛ քաղաքականության մեջ, և՛ սովորույթներում ու ավանդույթներում: Նշված բարդույթը փոխհատուցող դրսևորումներից է նաև այն, որ այլազգիները քրդերին, որպես կանոն, «եղբայր» կամ «քույր» չեն անվանում, քանզի համոզված են, որ «Քուրդ կարելի է միայն ծնվել»:

Դևիդ Մաքդովալը ենթադրում է, որ քրդերի պատմության ցանկացած փուլ պետք է դիտարկել «քուրդ ժողովրդի և այն կառավարությունների միջև պայքարի ենթատեքստում, որոնց նրանք ենթարկվում են»: Իսկ Մայքլ Գանթրը հաստատում է, որ «քուրդ հասարակությունը 20-րդ դարում մեծապես զարգացել է` իրեն ճնշող ազգությունների և պետությունների` Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի դեմ էթնիկական հակազդման շնորհիվ»: Կարելի է ենթադրել, որ քրդերի նկատմամբ խտրական և բռնի քաղաքականությունը որոշիչ ազդեցություն ունի ժամանակակից քրդական ազգայնականության ձևավորման գործում:

Թերևս դա է պատճառը, որ քրդերն այժմ ծայրահեղ կոնֆլիկտային են այն դեպքերում, երբ իրենց փորձում են զրկել ազգային ինքնությունից, ինքնորոշումից, երբ, օրինակ, այլ պետություններ փորձում են նրանց մեջ ներմուծել օտար երաժշտություն, լեզու, սովորույթներ և այլն: Այսպես, օրինակ՝ թուրքական կառավարության` քրդերի նկատմամբ վարած պարտադիր ուծացման քաղաքականությունը, որի դրսևորումներից են թուրքալեզու կրթության կամ թուրքերի հետ համատեղ զինծառայության պարտադրանքը, նպաստում են քուրդ ազգայնական ծայրահեղական անհատների ձևավորմանը: Պատահական չէ, որ Թուրքիայի քրդերի Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության ղեկավար Սելաադդին Դեմիթրաշը, անդրադառնալով Թուրքիայում քրդերի ազատություններին, հայտարարեց. «Անկարան պետք է քուրդ ժողովրդին տա է՛լ ավելի լայն մշակութային հնարավորություններ, որպեսզի նա կարողանա իր լեզվով խոսել դատարաններում, դպրոցներում և այլուր»: Նույն կերպ թուրքերի կողմից քրդերի ազգային պատմագրության մերժումը և թուրքական ազգային խորհրդանիշների պատկերումը քրդական բնապատկերների վրա քրդերի շրջանում հանգեցրեց ազգայնամոլական դրսևորումների:

Միևնույն ժամանակ, այս երևույթը տվյալ ժողովրդի` այլ պետություններից չգիտակցված կախվածության տեսակ է, որը դրսևորվում է ծայրահեղ հակադրության ձևով: Այդ կախվածության վկայությունն է օրինակ այն, որ 2007թ. Էլյազիգում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ քրդերը միահամուռ գոչում էին. «Մենք բոլորս թուրք ենք, բոլորս մեմեթ ենք» (թուրքական բանակի զինվորների ընդհանուր անվանումը):

Ի՞նչ է ստացվում. մի կողմից նրանք շատ են պայքարում ազգային միասնականության համար, մյուս կողմից՝ այդ ամենը այնքան է ծայրահեղացված, որ պառակտում է առաջացնում, և արդյունքում՝ քրդերը, այնուամենայնիվ, չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, քանի որ բացի տարածքային, կրոնական տարբերություններից, նրանք միասնական չեն նաև իրենց քաղաքական հայացքներում:

Սակայն փաստ է, որ քրդերը պատրաստ են հակամարտության և «երկրորդ կարգի քաղաքացու» իրենց կարգավիճակի վերացման: Ազատության և պայքարի հանդեպ քրդերի սերն արտահայտվում է նաև իրենց հին ասացվածքներում և ժողովրդական իմաստություններում. «Պայքարն անգործությունից գերադասելի է», «Թշնամին երբեք ընկեր չի դառնա», «Թող ճանապարհը լինի թեկուզև երկար, թող անդունդ լինի թեկուզև խոր», «Յուրաքանչյուր թռչուն գեղեցիկ է իր երամում», «Բարձր լեռը վատ հարևանից լավ է», «Որքան էլ սարը բարձր է, մի օր նրա վրա ճանապարհ են հարթելու» և այլն: Այստեղ պարզորոշ արտահայտվում են միասնականությունը, պայքարելու և չհանձնվելու ձգտումը և ազգային ներուժը: Նույն որակներն արտահայտվում են նաև ազգային տոներում, օրինակ՝ հայտնի Նովրուզի մեջ: Վերջինս քրդերի ամենասիրելի տոնն է` Ամանորը: Նախկինում զրադաշտական այս տոնը, որը նշվում էր մարտի 21-ին, այժմ դարձել է քրդերի ազգային ինքնության տոն: Նրանք այդ օրը համախմբվում են, վերհիշում իրենց պատմությունը, պարում են խարույկի շուրջ: Այսպես է արդեն հազարավոր տարիներ:

Պատահական չէ նաև քրդերի «Ազադիի»` ազատության խորհրդանիշը, որն առանցքային տեղ է զբաղեցնում քրդական բանահյուսության մեջ:

Վերոնշյալը քրդերի հիմնական դրական առանձնահատկության` անկախության և ազատության հանդեպ սիրո վկայությունն է: Մի կողմից այն լրացնում է նրանց ազգային միասնականության, վճռականության որակները, մյուս կողմից ծայրահեղականության դրսևորում է:

Անդրադառնանք այս ազգին բնորոշ ևս մի քանի առանձնահատկությունների:

Քրդերն ընտանեպաշտ են` «Միայնակ մարդը անթև թռչուն է` չի թռչի»: Նրանց ընտանիքներում կնոջ և տղամարդու դերերի հստակ բաշխում կա, որը երբեմն հակվում է դեպի տղամարդու բացարձակ ինքնիշխանություն. «Վայ այն տղամարդուն, որի կինը նայում է դռանը», «Տունն առանց ղեկավարի կքանդվի», «Հարգիր կնոջդ, բայց սանձերը բաց մի թող»: Կանացի հագուստն անգամ ունի պահպանողական բնույթ` խիստ է և կոկիկ: Ի դեպ` նշենք, որ թեպետ իսլամը բավականին վաղ և լայն տարածում է ստացել քրդերի մեջ, բայցեւ քրդուհին երբեք չի ծածկում իր դեմքը, ինչը վկայում է կանանց և աղջիկների հանդեպ հարգանքի մասին. «Կինը տան սյունն է»:

Ընտանիքի, օջախի և դրա արժևորման դրսևորումներից է քրդերի հյուրասիրությունը: Դա օրենք է` անկախ այն բանից, թե ով է հյուրը: Որքան ավելի հյուրասեր է քուրդը, այնքան ավելի մեծ հարգանքի է արժանանում իր ազգակիցների կողմից: Քրդերից շատերն ունեն նույնիսկ հատուկ «հյուրատներ», որտեղ ընդունում և պատվում են հյուրերին: Եթե հյուրը քրդի տան մեջ ինչ-որ իր է հավանել, բավական է արտահայտի իր հիացմունքը, և տանտերը հաճույքով դա որպես նվեր է առաջարկում նրան: Միևնույն ժամանակ, ամեն ոք չէ, որ արժանանում է քրդի տանը հյուրընկալվելու պատվին. այն դեռ պետք է վաստակել անհատական որակներով:

«Մեծ սիրտը չի ծերանում»,-ասում են քրդերը: Նրանք իրենց տղամարդկանց հագուստների գույների խստությունը, լայն և հարմար անդրավարտիքները համարում են քուրդ ժողովրդի մեծ հոգու խորհրդանիշ` որպես ժլատությունն ու դաժանությունը մերժելու վկայություն:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ