Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՃԱՌՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանում կարող են ստեղծվել մասնավոր ռազմական ընկերություններ, ըստ էության` «կորպորատիվ բանակներ»: Չի բացառվում, որ խոսքը վերաբերում է «Транснефт» և «Газпром» ընկերությունների մեծաքանակ ու լավ զինված անվտանգության ծառայություններին:

Այս գաղափարը Ռուսաստան է եկել Արևմուտքից. ի վերջո, «Walmart» ընկերությունից հետո աշխարհում երկրորդ գործատուն համարվում է «G4S» («Ջիֆորս») գլոբալ պահակային ընկերությունը, որում ընդգրկված է 625.000 մարդ: Ընդհանրապես, 1990-ական թվականներից ի վեր «անվտանգությունը» դարձել է խոշոր բիզնես:

Վարձկանության «ոսկե դարը» համարվում են 1960-ական թվականները, երբ հեղաշրջումներ էին իրականացնում 30-50 հոգանոց ջոկատները: 1961-1963 թվականներին կոնգոլեզիական Կատանգա նահանգում կռվում էին ընդամենը 3.000 «վայրի սագեր», ինչը յուրատեսակ ռեկորդ էր համարվում, իսկ Ռոդեզիայում կռվող բազմաթիվ վարձկանները չկարողացան կազմել ինքնուրույն կառույցներ և ընդհանուր հիմունքներով անդամագրվեցին կանոնավոր բանակին:

1970-ականներից «հաջողության զինվորների» թիվն էապես մեծացավ, և պետությունները սկսեցին նրանց միջոցով լուծել արտաքին քաղաքական խնդիրները: «Northrop Grumman»-ին պատկանող «Vinnell Corp.» ընկերությունը 1974 թվականին կես միլիարդ ԱՄՆ դոլար ստացավ Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիան մարզելու համար: Գործարքի յուրահատկությունն այն էր, որ գվարդիան կազմված լինելով «արտոնյալ» բեդվին ցեղերի ներկայացուցիչներից, ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից Ալ-Սաուդների հարստության հենարանն էր: Եվ «Vinnell Corp.»-ին հաջողվեց փոքրաքանակ ու վատ զինված ցեղերի աշխարհազորից շուտով ստեղծել միանգամայն մարտունակ զորամասեր:

1990-ականներին արդեն մասնավոր ռազմական ընկերությունները, ուսուցումից բացի, սկսեցին անմիջականորեն մասնակցել մարտական գործողություններին: Մասնավորապես՝ հարավաֆրիկյան «Executive Outcomes»-ը 1994-1996 թվականներին Անգոլայում ջախջախելով «Ոինիտայի» ջոկատներին` ընդդիմությանը ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջ և փաստորեն վերջ դրեց քաղաքացիական պատերազմին: Հատկանշական է, որ այս ընթացքում Անգոլայի բանակի զորամասերը վերաենթարկեցվել էին այս ընկերությանը, որը 1995-1996 թվականներին զուգահեռաբար մեկ այլ «հակաապստամբական» գործողություն էր իրականացնում Սյերրա-Լեոնեում, որտեղ «Executive Outcomes»-ի ընդամենը 300 մարտիկները վերջ դրեցին քաղաքացիական պատերազմին:

Նույն ժամանակահատվածում Եվրոպայում գործում էր ամերիկյան «MPRI»-ին, որը մարզեց խորվաթական բանակը և մշակեց սերբական Կրայինայի գրավման գործողությունը, որն էլ իրականացվեց ընդամենը երեք օրվա ընթացքում: 1998-1999 թվականներին արդեն «MPRI»-ի հովանու ներքո էին Կոսովոյի ալբանացի գրոհայինները:

Մինչդեռ մասնավոր ռազմական ընկերությունների իրական «ոսկեդարը» վրա հասավ դեպի Մեծ Մերձավոր Արևելք Միացյալ Նահանգների առաջանալուն զուգընթաց. միայն 2007 թվականին Իրաքում ընթացող մարտական գործողություններում 160.000 կանոնավոր զորքի հետ ընդգրկված էին նաև 127.000 «մասնավոր» զինվորներ: Իսկ Աֆղանստանում վերջիններս կազմում են որակավորված մարտիկների մեծամասնությունը:

«Մասնավոր բանակներն» այսօր իրականացնում են Միացյալ Նահանգների ներկայացուցչությունների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նավթահանքերի, խողովակաշարերի, էլեկտրակայանների, բանտերի, զինապահեստների ու օդանավակայանների պահպանությունը, ռազմականացված ուղեկցումը, բանակի թիկունքային ապահովումն ու թմրանյութերի վաճառքի դեմ պայքարը, իսկ հակամարտության գոտիներից դուրս՝ տիեզերակայանների և հակահրթիռային պաշտպանության ռադարների պահպանությունը: Առավել ինտելեկտուալ ոլորտում արդեն, «հաջողության սպաները» զբաղվում են պատվիրատու պետությունների բանակների համար սպառազինության ընտրությամբ ու գնմամբ, զինված ուժերի բարեփոխումներով ու ղեկավարությամբ, ռազմական դոկտրինների մշակմամբ: Ի վերջո, նույն «MPRI»-ն է հեղինակել Վրաստանի ռազմական դոկտրինը…

Թե ինչ են խոշոր ռազմական ընկերությունները, կարելի է հասկանալ «Academi» (մինչև 2009 թվականը՝ «Բլեքուոտեր») ընկերության օրինակով: Այն ունի 21.000 աշխատակից, դեռ 2006 թվականին կարող էր մարտադաշտ հանել մեկ բրիգադ անձնակազմ, ունի ռազմափոխադրական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թեթև զրահատեխնիկա և անօդաչու սարքեր մշակող սեփական ստորաբաժանումներ: 2001 թվականին ընկերության հետ կնքված գործարքների ընդհանուր գումարը չէր գերազանցում մեկ միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ այժմ արդեն գերազանցել է մեկ միլիարդը, և 11 տարում հազարապատիկ այս աճը լավագույնս է բնութագրում մասնավոր ռազմական ընկերությունների զարգացման տեմպերը: Իսկ «մերձռազմական» ծառայությունների համաշխարհային շուկայում տարեկան շրջանառվում է շուրջ 200 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը եռապատիկ գերազանցում է Ռուսաստանի տարեկան ռազմական բյուջեն:

Աշխարհում վարձկանների պահանջարկն այնքան մեծ է, որ նրանց ստիպված շատ բան է ներվում: Դրա բնութագրական օրինակն է 2006 թվականի դեկտեմբերին տեղի ունեցածը, երբ «Բլեքուոտեր»-ի հարբած մարտիկը գնդակահարեց Իրաքի փոխնախագահի թիկնապահին, ինչի համար ընդամենը… վտարվեց Իրաքից և չկրեց որևէ այլ պատիժ:

Նույն ընկերության աշխատակիցները հաջորդ տարվա սեպտեմբերին Բաղդադի կենտրոնում դիվանագիտական շարասյունն ուղեկցելիս ուժեղ փոխհրաձգություն հրահրեցին, ինչի հետևանքով զոհվեց 17 խաղաղ բնակիչ: Դրանից հետո սկսված քննությունը պարզեց, որ 2005 թվականից ի վեր վարձկանները հրահրել են 195 փոխհրաձգություն, որից 163-ում առաջինն են կրակ բացել: Որպես պատիժ` ընկերությունը զրկվեց արտոնագրից, սակայն ընդամենը մեկ շաբաթ անց հերթական գործարքը կնքեց կառավարության հետ:

Օրենքի հետ մի շարք խնդիրներ ունի նաև նրա մրցակից «KBR»-ը, որը միշտ հայտնվում է հարկերից խուսափելու աղմկահարույց պատմությունների կիզակետում, բայց շարունակում է մնալ ամերիկյան կառավարության «վստահելի գործընկերը»:

Մասնավոր ռազմական ընկերությունների հետ բավական հաճախ նույնացող ընկերություններ են մասնավոր հետախուզական ընկերությունները: Սրանք, իհարկե, դեռ չեն հասել «ստվերային ԿՀՎ»-ի մակարդակի, սակայն ընդհանուր միտումը հստակ է. Կենտրոնական հետախուզական վարչությունը բախվել է կադրային սովի, քանի որ մեծ է մասնագետների հոսքը դեպի մասնավոր սեկտոր: Նման պայմաններում ընթանում է պետության ու բիզնեսի միջեւ յուրահատուկ «հանդիպակաց շարժում». մինչ մասնավոր ընկերությունները ներթափանցում են հետախուզական կառույցներ, վերջիններս իրենք են «առևտրականացվում»: Օրինակ, սկսած 1990-ական թվականներից, ամերիկյան հետախուզությունը լրիվ օրինական հիմունքներով տվյալներ է վաճառում «կորպորատիվ հաճախորդներին», իսկ հետախուզության գերակայությունների շարքում ներառվել են ազգային անվտանգության ապահովման ասպարեզում խոշոր բիզնեսի հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու հարցերը:

Այսպիսով, թեև մասնավոր ռազմական ընկերությունների մշտական ուղեկիցն են դարձել աղմկահարույց սկանդալները, պետությունը շարունակում է ընդլայնել իր կարևորագույն գործառույթներից մի քանիսը վերջիններիս միջոցով իրականացնելու գործելակերպը: Եվ մենք ականատեսն ենք լինում XVI-XVIII դարերի իրականության յուրատեսակ կրկնության, երբ ծաղկում ու բարգավաճում էին ամենատարբեր Օստ և Վեստ Հնդկական ընկերությունները, որոնք տիրում էին հսկայական տարածքների, ունեին մասնավոր հզոր բանակներ և հաճախ մեծ հաջողությամբ դիմակայում էին այլ պետություններին: Օրինակ, Օստ-Հնդկական ընկերությունը 1699 թվականին ուներ գրեթե 200 ռազմական ու առևտրային նավ, 10.000-անոց բանակ և հաջողությամբ գաղութարար պատերազմներ էր մղում պորտուգալացիների դեմ: Իսկ 1796 թվականին ընկերությունն ուներ 158500 հոգանոց բանակ, որն ավելի մեծ էր, քան… Մեծ Բրիտանիայի բանակը:

Պատրաստեց Տ. ԴԵՎՐԻԿՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012