Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ
ԽԱՂԱՂ ԵՐԿԻՆՔ

Թեև հայ ժողովուրդը շատ մեծ ավանդ ուներ նախկին ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերի ստեղծման ու զարգացման գործում, այնուամենայնիվ, կայսրության փլուզումից հետո այդ զորատեսակի ունեցվածքից գրեթե ոչինչ չստացավ։ Մինչդեռ, հաշվի առնելով ժամանակի հրամայականը, ռազմական ավիացիայի հայ մասնագետները, ապավինելով սեփական ուժերին, ձեռնամուխ եղան խիստ անհրաժեշտ զորատեսակի ստեղծման աշխատանքներին։ Շրջափակման մեջ գտնվող մեր երկիրը դժվարությամբ ձեռք բերեց և տեղ հասցրեց առաջին ուղղաթիռներն ու ինքնաթիռները, ստեղծվեց օդաչուների, մասնագետների պատրաստման սեփական դպրոցը՝ թռիչքատեխնիկական ուսումնարանը։ Նորաստեղծ զորամասերի առաջին ներկայացուցիչները մասնակցեցին մարտական գործողություններին և իրենց ներդրումն ունեցան հայրենիքի սահմանների պաշտպանության գործում։ Առանց ավիացիայի կիրառման շատ ավելի դժվար կլիներ չեզոքացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի, հատկապես արևելյան և հյուսիսարևելյան սահմանային գոտիներում։

1994թ. հրադադարի հաստատումից հետո ռազմական ավիացիայի շինարարությանը նոր թափ հաղորդվեց։ Ձևավորվեցին և ամբողջացան զորամասերը. ստեղծվեց սպասարկման ամուր բազա։ Գործընկերային պայմանագրերով մեր երկրի տարածքային անվտանգության պահպանման մեջ ներգրավվեց ռուսական ավիացիան, որը համալրված է հիմնականում Միգ-29 ինքնաթիռներով։

Վերջին երեք տարիներին մարտական պատրաստության առումով միշտ բարձր արդյունքներ է ցույց տալիս գնդապետ Սամվել Սիանոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը, որը 2011թ. երրորդ անգամ նվաճեց զորատեսակի պատվո դրոշը։ Լավագույնը ճանաչվելու և պանծալի մրցանակը կրկին իրենց մոտ վերադարձնելու վճռականությամբ են այս ուսումնական տարին սկսել փոխգնդապետ Արմեն Ներսեսյանի զորամասի ստորաբաժանումները։ Տեղում այդպես հավաստեցին զորամասի փորձառու և երիտասարդ օդաչուները, որոնց այցելեցինք զորատեսակի տոնի նախօրեին։

Փոխգնդապետ Ա. Ներսեսյանն այս ուսումնական տարվա սկզբին է ստանձնել զորամասի հրամանատարությունը։ Օրը թռիչքային էր, և հանդիպեցինք րոպեներ անց։ Մայոր Ռ. Մարկոսյանը զեկուցեց թռիչքի համար ինքնաթիռի պատրաստ լինելու մասին։ Մարտական-ուսումնական ՍՈՒ-25 ինքնաթիռով հրամանատարի հետ թռչում էր նաև երիտասարդ օդաչու ավագ լեյտենանտ Էդմոն Սուքիասյանը։ Նա վերապատրաստվում, անհրաժեշտ փորձ էր կուտակում ՍՈՒ-25-ով թռչելու իրավունք ստանալու համար։

Թռիչքահրապարակում հաջորդաբար գործարկվում են ինքնաթիռների շարժիչները։ Փոխգնդապետ Ա. Ներսեսյանից հետո թռիչքուղի են դուրս գալիս և հաջորդաբար օդ են բարձրանում փոխգնդապետ Հ. Վարդանյանը՝ L-39 ինքնաթիռով, փոխգնդապետ Հ. Զաքարյանը՝ ՍՈՒ-25 ինքնաթիռով, մայոր Ս. Հակոբյանը, ավագ լեյտենանտներ Ս. Սարգսյանը, Մ. Մանուկյանը, մյուսները։ 35-40 րոպե հետո առաջին թռչողները գալիս են վայրէջքի։ Եվ այսպես ամբողջ օրը։ Թռչում են, կատարում նախատեսված վայրէջքները, հետո սնվում, հանգստանում և նախապատրաստվում հաջորդ թռիչքին։

♦♦♦

-Ծնվել եմ Շահումյանում։ 1992թ. հունիսի 12-ին, երբ նոր էի ավարտել դպրոցը, տեղի ունեցավ իմ կյանքի առաջին մեծ ողբերգությունը՝ Շահումյանի անկումը։ Մենք էլ ընտանիքով, բոլորի հետ, ոտքով հասանք Հաթերք, այնտեղից էլ Ստեփանակերտ։ Իրավիճակը շատ ծանր էր ու տեղափոխվեցինք Վանաձոր։ Այն ժամանակվա Վանաձորի պարետ գնդապետ Վարդանյանը խորհուրդ տվեց ընդունվել զինվորական ուսումնական հաստատություն։ Ես ընտրեցի Կրասնոդարի ավիացիոն բարձրագույն ուսումնարանը։ Զորակոչի հանրապետական հավաքակայանում հանձնեցի քննությունները և ընդունվեցի։ 1996թ. ավարտելով ուսումս վերադարձա Հայաստան ու որպես օդաչու ծառայության անցա։ 2002-2004թթ. սովորեցի ՌԴ Յու. Գագարինի անվան ակադեմիայում։ Այս տարվա սկզբին, երբ գնդապետ Իգոր Մարտիրոսյանն ավարտեց ծառայությունը և աշխատանքի անցավ քաղավիացիայում, նշանակվեցի զորամասի հրամանատար։

Նշենք, որ փոխգնդապետ Արմեն Ներսեսյանն առաջին կարգի օդաչու է, նա մասնակցել է բազմաթիվ զորավարժությունների, զորահանդեսների, պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի, «ՀԱՊԿ. 15 տարի» մեդալներով, այլ պարգևներով, ամուսնացած է, ունի երկու աղջիկ։

-Զորամասը միշտ եղել է լավագույններից մեկը զորատեսակի կազմում և ազգային բանակում և երկու անգամ պարգևատրվել է պատվո դրոշով,- ասաց փոխգնդապետը։ -Այստեղ իրենց զինվորական ծառայությունն են անցկացրել մեր ճանաչված օդաչուներից գնդապետ Իգոր Մարտիրոսյանը, փոխգնդապետներ Սամվել Թավադյանը, Արթուր Կարապետյանը, մայորներ Հովհաննես Հայրապետյանը, Արթուր Կարապետյանը, կապիտան Արսեն Մաղաքյանը և ուրիշներ։ Այն փաստը, որ մեր տղաները զինվորական ծառայությունից հետո, առանց խնդիրներ ունենալու, աշխատանքի են անցնում քաղաքացիական ավիացիայում, խոսում է մեր օդաչուների բարձր կարգի մասին։ Դարձյալ մեզ հետ է և թռչելու առիթը բաց չի թողնում զորատեսակի հիմնադիրներից ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։ Ասեմ, որ չունենք որևէ էական խնդիր և ուսումնական ծրագիրը, վարժական թռիչքների ծրագիրը կատարում ենք ամբողջությամբ։ Մայիս ամսին մոտոհրաձգային գնդերից մեկի հետ մասնակցել ենք մարտավարական զորավարժության։ Հունիսի 2-ին ավարտվեցին ձմեռային-գարնանային ուսումնական փուլի քննությունները։ Ստորաբաժանումները և առանձին օդաչուներ քննություններ հանձնեցին թռիչքային պատրաստությունից, կրակային պատրաստությունից՝ ինքնաթիռով և ինքնաձիգից, համազորային բոլոր առարկաներից։ Արդյունքները լավ էին։

♦♦♦

Փոխգնդապետ Հ. Զաքարյանն առաջին կարգի օդաչու հրահանգիչ է։ Նա ավարտել է Աշտարակի` Ներսես Աշտարակեցու անվան N 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Խարկովի ռազմաավիացիոն բարձրագույն օդաչուական դպրոց։ Փոխգնդապետ Հ.Զաքարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի Հանրապետության զինված ուժերի բազմաթիվ մեդալներով։ Նա ունի մեկ աղջիկ, որն այս տարի ավարտում է Սլավոնական համալսարանը, և քանի որ շատ լավ է սովորել ու տիրապետում է շուրջ տասը լեզուների, համալսարանի ղեկավարությունից դասախոսական աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել։

♦♦♦

Ինչպես վերը նշեց զորամասի հրամանատարը, փորձառու և վաստակաշատ օդաչուներից մեկն էլ փոխգնդապետ Հ. Վարդանյանն է։ Նա Ջավախքի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից է։ Ավարտելով դպրոցը, Հովհաննեսը եկել է Երևան և ընդունվել թռիչքատեխնիկական ուսումնարան։ 2007-2009թթ. փոխգնդապետ Հ. Վարդանյանը սովորել է ՌԴ Յու. Գագարինի անվան ակադեմիայում։ Նա մասնակցել է մի շարք զորավարժությունների, 2006, 2011թթ. զորահանդեսներին, պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ աստիճանի մեդալներով։

-Օդաչուի մասնագիտությունը շատ նման է մարզիկի մասնագիտությանը։ Միշտ պետք է մարզվես, որ, ինչպես ասում են, լավ մարզավիճակում լինես։ Բացթողումն անմիջապես զգացվում է։ Կարևոր է, որ քո թռիչքից հաճույք ստանաս, զգաս ինքնաթիռի ճախրանքը, սլացքը։ Միայն մեխանիկական գործողություններ կատարելով լավ օդաչու չես դառնա։ Հենց այդ է պատճառը, որ երբեմն ինստիտուտում «գերազանց» գնահատականներով սովորող կուրսանտները չեն կարողանում լավ օդաչու դառնալ։ Այս ամենը լավ իմանալով` մենք կուրսանտներին, երիտասարդ օդաչուներին բացատրում ենք թռիչքի նրբությունները, հորդորում ենք, որ չկաշկանդվեն, սովորեն արագությանը և այդ պայմաններում հանգիստ օգտվեն սարքավորումներից…

♦♦♦

Մայոր Ս. Հակոբյանը նույնպես միջին սերնդի փորձառու օդաչուներից է։ Նա Պռոշյան գյուղից է։ Ավարտել է դպրոցը և ընդունվել թռիչքատեխնիկական ուսումնարան։ Սիրում է աշխատել կուրսանտների, երիտասարդ օդաչուների հետ։ Նա պարգևատրվել է առաջին և երկրորդ աստիճանի «Անբասիր ծառայության» մեդալներով։

♦♦♦

Փոխգնդապետ Գ. Խնուսյանը չափազանց նվիրված, աշխատասեր և համեստ մի անձնավորություն է։ Օդաչուների այս «ինտելեկտուալ» ընտանիքում գնահատում ու հարգում են նրան։ Առաջիններից է, ովքեր ընդունվեցին և ավարտեցին թռիչքատեխնիկական ուսումնարանը։

Փոխգնդապետ Գ. Խնուսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան» և «Անբասիր ծառայության» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

♦♦♦

Երիտասարդ օդաչուներից է ավագ լեյտենանտ Է. Սուքիասյանը։ Նա այն տղաներից է, որոնց հետ մեծ հույսեր են կապում և աշխատում են, որ աճեն, դառնան ՍՈՒ-25-ի օդաչուներ։

-Գյումրեցի եմ, սովորել եմ տեղի N 44 միջնակարգ դպրոցում, հետո՝ 2004-2008թթ.՝ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում։ Իմ հաշվին ունեմ 190 թռիչքաժամ, խրախուսվել եմ պատվոգրերով և շնորհակալագրով,- ասաց երիտասարդ սպան։

♦♦♦

Թռիչքային օրերին այստեղ իրենց վարժանքներն են կատարում նաև ավիացիայի վարչության օդաչուները։ Նրանցից մեկն էլ մայոր Ա. Ղումաշյանն է, նույնպես երիտասարդ ու փորձառու օդաչու։ Նա երևանցի է, սովորել է N 148 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1996-ին ընդունվել է թռիչքատեխնիկական ուսումնարան։ Նա երրորդ կարգի օդաչու է, մասնակցել է մի շարք զորավարժությունների, 2011-ի սեպտեմբերյան զորահանդեսին։ Մայոր Ա.Ղումաշյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ աստիճանի և այլ մեդալներով։

Մայոր Ա.Ղումաշյանը որքան իրեն լավ է զգում երկնքում, նույնքան էլ ջրում, հատկապես ջրի տակ։ Նա զբաղվում է դայվինգով՝ (խորասուզում)։ Ութ տարի պարապել է ջրացատկ և ստորջրյա լող։ Այժմ նա ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի անդամ է։

-Սևանում սուզվել եմ մինչև 22 մետր, ինչը բավական լավ ցուցանիշ է համարվում, ներկա եմ լինում ակումբի կազմակերպած մրցումներին, բայց չեմ մասնակցում, ինձ խնայում եմ թռչելու համար, որովհետև դա ավելի կարևոր է ինչպես իմ, այնպես էլ մեր երկրի համար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան