Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՊՏՂՈՒՆՑ ՎԱՍՏԱԿ



1991 թվականն էր, երբ մեր ուսումնարանը վերաորակավորվեց և դարձավ ռազմամարզական վարժարան։ Սաներից շատերը խուճապի էին մատնվել՝ ո՞ւր գնալ սովորելու, թեև նոր ղեկավարությունը ոչ միայն դեմ չէր, այլև շահագրգիռ էր, որ տղաները մնան և ստանան ռազմական կրթություն։ Հենց այդ օրերին էր, որ ինձ մոտեցավ իմ լավագույն սաներից մեկը՝ Դավիթ Թարոյանը.

-Ի՞նչ խորհուրդ կտաք, ընկեր Դանիելյան, շարունակե՞մ ուսումս այստեղ…

Եվ ես, որ ներքուստ անսահման ուրախ էի և հպարտ, որ իմ սանը նման որոշում է կայացրել, մանավանդ նրան շատ էի սիրում, անմիջապես ասացի.

-Անկեղծ ասած, ես քո մեջ տեսնում եմ վաղվա գեներալին…

…Շատ կարճ, բայց ճակատագրական մի զրույց, որ երբեք չեմ կարողացել մոռանալ ու չեմ մոռանում։

Եվ դարձյալ հիշում եմ. ուսումնարանում էի, միջոցառման էինք նախապատրաստվում։ Տղաների խումբը խրոխտ երգում էր «Դաշնակ Դրոն», երբ բացվեց դահլիճի դուռը, դանդաղ ու ծանր քայլերով ներս մտավ իմ սաներից մեկը՝ Անուշավանը, ու ասաց.

-Ընկեր Դանիելյանը, շատ վատ լուր եմ բերել, Դավիթը զոհվել է Հորադիզում։

Դեռ ամբողջովին չընկալած ողբերգության ողջ մեծությունն ու ահավորությունը` ակամայից հիշեցի մեր այն կարճ զրույցը ուսումնարանի միջանցքում ու մրմնջացի. «Ների՛ր ինձ, տղա՛ս, քո մահվան մեջ գուցե ես էլ իմ մեղքն ունեմ»։

Այս միտքը հետագայում ես այնքան ինքս իմ մեջ կրկնեցի, երբեմն էլ բարձրաձայն, որ հղկվեցին, բանաստեղծական տողեր դարձան.

Քո մահվան համար,

Անշուշտ ունեմ մաս,

Եթե կարող ես,

Ների՛ր ինձ, տղա՛ս։

Մտածում էի՝ թերևս կյանքը նրան բոլորովին ուրիշ ուղղությամբ տաներ, եթե չլիներ այդ չարաբաստիկ հարցուպատասխանը, եթե չուղղորդեի իմ աշակերտին ու չարտասանեի՝ «ես քո մեջ տեսնում եմ ապագա գեներալին»։

Այո՛, այդպես էի մտածում, խորապես մտատանջվում, մինչև այն օրը, երբ իմ մեղավորության մասին մտատանջությունները, որոնք, ինչպես ասացի, բանաստեղծական քառյակի էին վերածվել, չկարդացի նրա գերեզմանաքարի վրա, այսինքն՝ այնտեղ, որտեղ հավերժորեն ննջում էր ոչ թե Դավիթը՝ սլացիկ, ամրակազմ, գեղեցիկ դիմագծերով ու խոհուն աչքերով իմ սանը, այլ հերոսը։ «Ուրեմն, այդ մեղավորության զգացումը,- մտածում էի,- ունեցել են բոլորը՝ Դավիթի ծնողները, շրջապատի մարդիկ, ընկերները… Փաստորեն, մենք՝ բոլորս, մեր «մեղքի» բաժինն ունենք նրա ոչ թե մահվան, այլ հերոսացման մեջ։ Որովհետև ամեն նման մահ ոչ թե մահ է, այլ անմահություն»։

Ահա ուղիղ 18 տարի է, ինչ Դավիթը չկա, և վաղուց արդեն առաջին օրերի տխրությունն իր տեղը զիջել է անսահման մի հպարտության, որ դու էլ մի պտղունց վաստակ, ներդրում ունես նրա հերոսացման ճանապարհին։ Եվ գուցե այս ամենը յուրաքանչյուրիս՝ նրա ծնողների, ընկերների, մտերիմների, նաև իմ փառասիրության արդյունքն է. չէ՞ որ բոլորն են ուզում հերոսին մոտ լինել, նրա լույսով լուսավորվել, նրա փառքով փառավորվել… Թերևս մի ճշմարտություն կա. հերոս չեն դառնում, հերոս ծնվում են։ Հերոսներն աշխարհ են գալիս ի վերուստ լուսապսակով, և Դավթի կյանքի ճանապարհը գծված էր դեռ «էն գլխից»։ Տեսեք որքան նմանություն կա Դավթի մանկության մի դրվագի և նրա զոհվելու հանգամանքների միջև։ Մի առիթով նրա հայրը՝ Մարտինը, պատմում էր, որ առաջին դասարանում Դավիթն ընկերություն էր անում մի փոքրամարմին ու թուլակազմ տղայի հետ։ Երբ հետաքրքրվում են, թե ինչու է հենց այդ տղային ընտրել, Դավիթը պատասխանել է. «Հայրի՛կ, ես չեմ թողնի նրան նեղացնեն։ Նա փոքրիկ է, բայց լավ տղա է»։

Ահա և մարտական ընկերոջ պատմածը.

-Դավիթը մեր ջոկի սիրելի հրամանատարն էր, և մենք նրա հրամանատարությամբ ամեն անգամ մարտական առաջադրանքից հաղթանակով էինք վերադառնում։ Հորադիզի մարտերն էին։ Հերթական առաջադրանքից վերադառնալիս Դավիթը նկատում է վիրավոր մարտընկերոջը և անմիջապես, առանց որևէ բառ ասելու` նետվում է նրան փրկելու… Տիրում է երկար լռություն… Դավիթը չի վերադառնում, նա զոհվում է վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելու ժամանակ. դարանակալ մի փամփուշտ ընդհատում է նրա կյանքը»։

Ուղիղ 18 տարի է անցել Դավիթ Թարոյանի զոհվելուց, բայց նրա շունչն ու ոգին դեռ թևածում է մեր նախկին ուսումնարանում, ներկայիս ռազմամարզական վարժարանում։ Եվ բոլորովին պատահական չէ, որ մեր սաները, ովքեր նրան չեն էլ տեսել, երգեր են ձոնել նրա հիշատակին.

Դավիթ, Դավիթ,

Դու Արցախյան գոյամարտի

Քաջ զինվոր,

Ազնիվ եղբայր,

Առաջնորդիր դու մեզ

Քո ճանապարհով։

Հիշատակդ վառ,

Հիշատակդ անմար։

ԼԻԼԻԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Ճակատագրեր


20/06/2012