Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



1994թ. մայիսին Բիշքեկում ստորագրված հրադադարի պայմանագիրը դիվանագիտական մեծ հաջողություն էր Ադրբեջանի ղեկավարության համար։ Փաստացի լուծված խնդրի անտեսումն ու առկախումը բխում էր Ալիևների կոռումպացված վարչակարգի և որոշ արտաքին ուժերի շահերից։ Թե քանի անգամ են ամենաբարձր մակարդակով հրադադարի պայմանագրի պահանջները հարգելու, առաջնագծում դիպուկահարներ չպահելու, չկրակելու պայմանավորվածություններ ձեռք բերվել, արդեն դժվար է հաշվել։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանը վարում է ջայլամի քաղաքականություն և մշտապես, օրական տասնյակ, հարյուրավոր կրակոցներով խախտում է բոլոր պայմանավորվածությունները և առաջնագծում ստեղծում ավելորդ լարվածություն։ Ասում ենք ավելորդ, որովհետև այդ կրակոցներն ի վերջո ոչինչ չեն տալիս ադրբեջանցիներին։ Հայկական կողմի պատժիչ գործողությունների ընթացքում, որոնց մասին նախօրոք բարձրաձայնվում է, ադրբեջանական կողմի կորուստներն ավելի շատ են լինում։ Դավադիր կրակոցների այս մարտավարությունը ոչինչ է ամենօրյա աշխատանքով բանակի մարտունակությունն ավելացնող, տնտեսությունը զարգացնող հպարտ ու քաջակորով արցախցու հաստատակամության հանդեպ։

Մարտական հերթապահություն կատարող զինվորը երբեք մենակ չի լինում, երբեք ուշադրության և հոգատարության պակաս չի ունենում։ Զորամասի հրամանատար գնդապետ Ս.Գրիգորյանն առաջնագծի ճամփին էր, երբ նրան տեղեկացրին մեր այցի և սահմանի պահպանությունն իրականացնող զինվորների հետ շփվելու մտադրության մասին։ Հրամանատարը սպասեց, որ հասնենք իրեն։ Քիչ անց արդեն միասին էինք, բայց նրան սպասարկող մեքենայում դժվարությամբ տեղավորվեցինք, որովհետև այն բեռնված էր սառը զովացուցիչ ջրերով՝ «Ջերմուկ», «Հայ կոլա», «Ֆանտա»…

-Դե, ոնց կլինի, որ դատարկ ձեռքերով գնամ, արդեն սովորություն է դարձել,- ասաց նա։

Գնում ենք երկար։ Ամենուր ինժեներական, պաշտպանական կառույցներ են…

-Կրակո՞ւմ են…

-Ամեն օր, շատ, մենք մեր զինվորներից պահանջում ենք պահպանել ծառայողական կարգապահությունը, սադրանքների չենթարկվել, չկրակել, եթե չկա դրա անհրաժեշտությունը,- պարզաբանում է զորամասի հրամանատարը։

Հենակետերից մեկի մոտ գնդապետին դիմավորում և իրավիճակի մասին զեկուցում է գումարտակի հրամանատարը։ Մինչ զորամասի ու գումարտակի հրամանատարներն օպերատիվ իրավիճակն են վերլուծում, մենք ծանոթանում, զրուցում ենք մոտակա հենակետի զինծառայողների հետ։ Ավագը սերժանտ Արմեն Դադյանն է, ասացին, որ նա դիտակետում է։ Տեղում հանգստանում են ավագ հեռախոսավար շարքային Աբգար Կեսոյանը, նյութապահովման դասակի վարորդ եֆրեյտոր Լյովա Լոբյանը, ջոկի հրաձիգ շարքային Գրիգոր Ասատրյանը, ինչպես նաև շարքայիններ Աշոտ Դավոյանը, Վանիկ Մելքոնյանը, Գարիկ Պողոսյանը, Էդիկ Ավագյանը և մի շարք պայմանագրային զինծառայողներ։ Տղաները ցույց տվեցին իրենց կենցաղային պայմանները, զինանոցը, հանգստի գոտին, սուրճ հյուրասիրեցին…

-Ծառայությունը լավ կազմակերպելու համար ոչ մի խնդիր չունենք։ Սպաները մեր կողքին են, հետևում են, որ ամեն ինչ ճիշտ կատարենք, այսինքն՝ ինքնագլուխ բաներ չանենք, չհեռանանք տարածքից, դուրս չգանք խրամատից,- ասաց Գրիգոր Ասատրյանը։

-Թաքստոցից կրակելով՝ թշնամին քաջ է ձևանում, բայց իրականում վախկոտի մեկն է, մեզ թողնեն` մենք էլ ամեն օր կկրակենք և նրանցից ավելի լավ,- հավելեց Աշոտ Դավոյանը։

♦♦♦

Խրամուղին տանում է դիտակետ։ Այստեղ էլ հանդիպում ենք սերժանտ Արմեն Դադայանին և շարքային Ենոք Նալբանդյանին։ Նրանք զինված են «Իգլա» ԴԶՀՀ-ով և, իհարկե, ինքնաձիգով։ Սերժանտը չափազանց բանիմաց անձնավորություն և կազմակերպական հատկանիշներով օժտված զինվորական է։ Նա Ստեփանակերտից է։ Նրա հայրը՝ Գառնիկ Դադյանը, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է։

-Ես սովորում եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ Զորակոչվել եմ երկրորդ կուրսն ավարտելուց հետո։ Երկու եղբայր ենք, մեծը՝ Արսենը, պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց որոշ ժամանակ անց կրկին վերադարձավ բանակ, այժմ պայմանագրային հիմունքներով ծառայում է վերանորոգման զորամասում։ Հենակետի անձնակազմը, որի ավագն եմ, առանձնանում է համերաշխությամբ ու ընկերասիրությամբ։ Բոլորն էլ լավ ընտանիքների տղաներ են, հասկանում են, որ զինվորական ծառայության այս շրջանն իրենց կյանքի ամենապատասխանատու ժամանակն է, որովհետև կանգնած են թշնամու դեմ ու հայրենիքն են պաշտպանում։

Շարքային Ենոք Նալբանդյանը նույնպես կիրթ տղա է, մինչ զորակոչվելը աշխատել է ամսագրի խմբագրությունում։ Նա մեկ առ մեկ ներկայացրեց հատկացված զենքի՝ «Իգլա»-ի հնարավորությունները։

-Ընդհանրապես մեզ մոտ շատ մեծ ուշադրություն է դարձվում զորային ՀՕՊ-ի խնդիրներին։ Ունենք վարժասարքեր ու միշտ պարապում ենք,- ասաց Ենոքը։

♦♦♦

Զրուցեցինք նաև փոխգնդապետ Հ. Դանիելյանի, կապիտան Արամ Աբրահամյանի, ավագ լեյտենանտ Նարեկ Ենոքյանի, բուժակ ենթասպա Դավիթ Ենգիբարյանի հետ։

-Ծառայությունն առաջնագծում միշտ էլ բարդ է ու պատասխանատու, որովհետև պարտված թշնամին լցված է ռևանշի հասնելու մտքերով։ Բայց նա իր ուժերի վրա վստահ չէ, որովհետև գիտի, որ մենք մեր տեղում ենք և մշտապես պատրաստ ենք հնարավոր անցանկալի զարգացումներին։ Այն սպաները և զինվորները, որոնք ծառայում են մեր զորամասում, արժանի են ամենաբարձր գնահատականի։ Բոլորն էլ, ինչպես ասում են, հոգով արի տղաներ են։ Բոլոր մարզումները, զորավարժությունները, կրակային պատրաստության պարապմունքները և ստուգարքները ցույց են տալիս, որ զորամասը պատրաստ է լուծելու իր առջև դրված մարտական խնդիրները,- ասաց փոխգնդապետ Հ. Դանիելյանը։

-Փառք Աստծո, երկար ժամանակ մենք ոչ մի դեպք չենք ունեցել, զինվորների առողջության հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Ապահովված ենք անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով։ Ամռանը շոգ է լինում, բայց մինչ այժմ մեզ մոտ սանիտարական նորմերի շեղումներ, զինվորների շրջանում վարակիչ հիվանդություններ չեն եղել,- իր աշխատանքը ներկայացրեց բուժակը։

♦♦♦

Եկավ հաջորդ հենակետ գնալու ժամանակը։

-Հաճա՞խ եք ստուգում առաջնագծի իրավիճակը,- հարցրինք գնդապետ Ս. Գրիգորյանին։

-Միշտ անցնում եմ առաջնագծի երկայնքով և մտնում բոլոր հենակետերը, զրուցում սպաների ու զինվորների հետ։ Մյուս օրերին իրավիճակը առավոտյան, կեսօրին և երեկոյան ճշտում եմ գումարտակների հրամանատարներից։ Լինում են նաև բազմաթիվ այլ պատճառներ` առաջնագծի պատասխանատուների հետ հաղորդակցվելու։ Գրեթե ամեն օր առաջնագծում գտնվող յոթ, ութ, երբեմն տասը զինվորի ծննդյան օրն է լինում։ Եթե անձամբ չեմ այցելում ու տեղում չեմ շնորհավորում, ապա շնորհավորում եմ հեռախոսով։ Չէ, զինվորը մենակ չէ, իսկ լարված օրերին պաշտպանությունն ուժեղացվում է ինչպես անձամբ իմ, այնպես էլ պաշտպանության բանակի հրամանատարության ջանքերով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/06/2012