Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԸ` ԹՌՉՈՂ ԳՈՐԳԻ ՎՐԱ
ՀԱՅԸ` ԹՌՉՈՂ ԳՈՐԳԻ ՎՐԱ

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, «Տրասինդա Քորփորեյշն»-ի գործադիր տնօրեն: Համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2007թ. նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ԱՄՆ դոլարի: Քըրք Քըրքորյանը համարվում է Լաս Վեգասի հայրը: 1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ: Քըրք Քըրքորյանը շատ է օգնել Հայաստանին ու Արցախին: 2004թ. մայիսի 27-ին Քըրք Քըրքորյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում:

ԴԺՎԱՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Գրիգորյան) ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնոյում: Եղեռնը վերապրած Լիլի և Ահարոն Գրիգորյանների չորրորդ երեխան է: Մանուկ հասակից Քըրքը մտապահեց այն տպավորությունը, որ եթե մարդն աղքատ է, նա ցածր դասին է պատկանում, ու ոչ ոք նրանով չի հետաքրքրվում:

Փող աշխատելու ձգտումն այնքան մեծ էր, որ արդեն 9 տարեկանից Քըրքը դասերից բացակայում էր՝ թերթ վաճառելու համար, իսկ երեկոյան մեքենաներ լվանալով էր գումար վաստակում: 14 տարեկանում Քըրքը կիսատ թողեց ուսումը՝ նույնիսկ 8-րդ դասարանը չավարտած. ինչ իմաստ ունի սովորելը, եթե փող չունես բուհ ընդունվելու համար: Դեռահաս Քըրքը փող էր վաստակում՝ ավտոմեխանիկի օգնական աշխատելով ու մեքենաներ լվանալով, և անընդհատ մտածում էր՝ ինչպես դուրս գալ աղքատության ճիրաններից:

16 տարեկանում նա նիհար տղա էր՝ 1,78 մ հասակով, 62 կգ քաշով: Իր իրական տարիքին մի քանի տարի ավելացնելով՝ վաստակում էր ծառ կտրելով, շինարարությունում աշխատելով. չէր խորշում նույնիսկ ամենակեղտոտ ու ցածր վարձատրվող աշխատանքից՝ տուն փող բերելու համար: «Հենց արևի տակ իմ տեղը գտնելու ձգտումն ինձ օգնեց դառնալ այն, ինչ դարձել եմ»,- հաստատում է ինքը՝ միլիարդատերը:

Այդ տարիքում նա սկսեց պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել՝ ավագ եղբոր գլխավորությամբ, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր: Դա Քըրքի համար փող աշխատելու իրական միջոց էր. ռինգում տարած հաղթանակը բարձր էր վճարվում: Բռնցքամարտիկի կարիերայի մասին երազանքներին վիճակված չէր իրականություն դառնալ. նա թույլ հակառակորդ էր:

ՊԱՅՔԱՐ՝ ԱՐԵՎԻ ՏԱԿ ԻՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մինչև 18 տարեկանը Քըրքը սովորական տղա էր. նրան նայելով՝ ոչ ոք չէր էլ ենթադրի, որ միլիարդատեր է դառնալու: Հիմա նա հետաքրքրվում էր ֆուտբոլով ու բասկետբոլով ու դեռ մտածում էր կյանքը կապել սպորտի հետ:

Մոտավորապես այս շրջանում Քըրքն իր առաջին քայլերն արեց բիզնեսում. նա աշխատում էր ավտոլվացման կետում: Շարժիչները լվանալիս մտածում էր՝ ինչպես սեփական գործ հիմնել: Շուտով նա սկսում է գնել ճանապարհատրանսպորտային պատահարների ենթարկված մեքենաներ ու վերանորոգել դրանք վաճառքի համար: Այն դեպքում, երբ ավտոսպասարկման կետի սեփականատերը բավականին մեծ գումար էր աշխատում, ամեն վերանորոգված մեքենայից Քըրքը չնչին աշխատավարձ էր ստանում՝ 5-10 դոլար: Այդ ժամանակները Քըրքը ժպիտով է հիշում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՈՒՌ ՏՎԵՑ

22 տարեկանում Քըրքը դեռ պատահական աշխատանքներով էր գլուխը պահում: Մի օր էլ որպես աշակերտ սկսեց օգնել ջեռուցման սարքեր տեղադրող վարպետին: Ծանր աշխատանքի համար ժամը 45 ցենտ էր վաստակում, բայց նա սրանով էլ էր գոհանում. մոտենում էր ձմեռը, պետք էր տաք հագուստ և ուտելիք գնել:

Մի օր վարպետը նրան օդակայան տարավ ու առաջարկեց թռչել: Հետաքրքրասեր Քըրքը ուրախությամբ համաձայնեց: Թռիչքից հետո նա հասկացավ՝ օդագնացությունն իր կյանքն է: Բայց քանի որ ընտանիքը նրան ուսման տալու փող չուներ, նա համոզեց ինստրուկտորին՝ իրեն թռչել սովորեցնել՝ փոխարենը խոստանալով խնամել նրա կովերը:

Բազային գիտելիքներ ստանալով՝ Քըրքն ընդունվեց ավիացիայի բարձրագույն դպրոց, որտեղ մասնագիտացավ որպես օդաչու-ինստրուկտոր: Ստացած գիտելիքները նրան օգտակար եղան. Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա կանադական կործանիչները Շոտլանդիա էր հասցնում: Վտանգը նրան չէր վախեցնում. կյանքում առաջին անգամ սկսել էր պատշաճ գումար վաստակել՝ 1000 դոլար թռիչքի համար՝ այն ժամանակ խոշոր գումար: Հենց այս աշխատանքն օգնեց Քըրքին գումար հավաքել ու սկսել իր ուղին դեպի վեր:

Հիշելով ավտոմեքենաների վերավաճառքի իր հմտությունները՝ Քըրքը նույն գործով էր զբաղվում, ճիշտ է, այժմ նա ինքնաթիռներ էր վերավաճառում՝ կարգի բերելով դրանց հին տեխնիկան: Այս դեպքում վարձատրությունն ավելի մեծ էր՝ 10 հազար դոլար յուրաքանչյուր վերանորոգված ինքնաթիռի դիմաց:

Զուգահեռաբար նա սեփական ինքնաթիռով թռիչքներ էր կազմակերպում: Թռիչքներից մեկի ժամանակ էլ ծանոթանում է Ջերի Վիլյամսի հետ, որը Լաս Վեգասի խաղատներից մեկի այցելուներից էր. նա էլ առաջարկում է Քըրքին միանալ իրեն: Այսպես երիտասարդ Քըրքը դարձավ խաղատների մշտական այցելու և սուզվեց ազարտի ճահիճը: Շուտով նա ստեղծում է իր հեղինակային ազարտային խաղը ու դառնում մեծ բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը:

Բավականին մեծ կարողություն կուտակելով՝ Քըրքը դարձավ Ամերիկայի խոշորագույն ավիացիոն ընկերության համասեփականատերն ու Los Angeles Air մասնավոր ավիաուղիների սեփականատերը:

Նա սկսում է շահավետ պայմանագրեր կնքել համաշխարհային հայտնի ավիաընկերությունների հետ՝ Transinternational Airlines և Transamerika Corporation: Ասում են՝ հենց այդ ժամանակ Քըրք Քըրքորյանը վաստակեց իր առաջին միլիոնը:

48 տարեկանում նա գնում է Transinternational Airlines ավիաընկերությունը և կատարում արժեթղթերի տեղաբաշխում: Հետագա մի քանի տարիների ընթացքում արժեթղթերի գինը եռակի աճեց, և Քըրքը վաճառեց դրանք՝ վաստակելով ավելի քան 100 մլն դոլար ու ձեռք բերելով Transamerika Corporation-ի արժեթղթերի փաթեթը, որը գրեթե նույնքան արժեր:

Ի դեպ, Քըրք Քըրքորյանի նվիրական երազանքը վաղուց արդեն իրականացել էր. նա հեքիաթային հարստության տեր էր դարձել:

Դրանից հետո սկսվեց Քըրքորյանի լուսավոր ուղին: Համաշխարհային վերլուծաբանները նրան միլիոնատեր էին ճանաչել, իսկ կինոարդյունաբերության կառուցման ու զարգացման մեջ նրա կատարած ներդրումները կայուն եկամուտ էին ապահովում:

ՍԵՓԱԿԱՆ ԵՍԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ

Քըրքն իր ողջ կյանքում ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում՝ շինարարություն, ավիացիա, կինոստուդիաներ և այլն: Արդյոք այս ներդրումները մանրակրկիտ ծրագրված քայլեր են եղել, թե՞ նա պարզապես հոգեհարազատ զբաղմունք էր գտել: Դժվար է պատասխանել, բայց հարկ է նշել՝ ինչ գործ էլ սկսում էր Քըրքը, նրան եկամուտ ու համաշխարհային ճանաչում էր բերում:

Այսպիսով, մասնավոր ավիաուղիները վաճառելով ու միլիոնատեր դառնալով՝ նա թողեց ավիաբիզնեսն ու սկսեց զբաղվել անշարժ գույքով: 1968թ. նա Լաս Վեգասում կառուցեց «Ֆլամինգո Ինտերնեյշնլ» հյուրանոցն ու վաճառեց այն՝ վաստակելով 140 մլն դոլար: Դրանից հետո նա մտավ կինոարդյունաբերություն՝ դառնալով «Մետրո Գոլդվին Մայեր»-ի տնօրեն, տարիներ անց նա հիմնում է United Artists, Columbia Pictures և 20 Century Fox կինոստուդիաները:

Քըրքորյանի կյանքի մյուս շրջանը բնութագրվում է որպես համատարած անկումների փուլ: Նրա գլխավորած կինոստուդիան վնասներ էր կրում, Քըրքն էլ, մտածելով, որ կսնանկանա, վաճառեց Columbia Pictures-ը: Ստացած գումարով նա ներդրում կատարեց խաղային բիզնեսում ու նորից չսխալվեց: Արդեն առաջին տարվա ընթացքում սկսեց կայուն եկամուտ ստանալ: Շուտով նա վաճառեց նաև United Artists-ը 1 մլրդ դոլարով:

1991թ. Քըրք Քըրքորյանը նշեց իր 71-ամյակը: Ինչպես նշում է ինքը՝ միլիարդատերը, հենց այդ շրջանից էլ սկսվում է իսկական վերելքը՝ թեպետ նա արդեն միլիարդատեր էր, հյուրանոցների, խաղատների, ավիաուղիների ցանցերի սեփականատեր: Բայց չէր պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:

Կա՛մ խաղային բիզնեսն այն եկամուտը չէր ապահովում, կա՛մ Քըրքորյանը կրկին հոգնել էր միօրինակությունից ու որոշել փոխել գործունեության ոլորտը: Նա սկսում է ձեռք բերել Chrysler Corporation-ի արժեթղթերը, որոնց գնի բարձրացման արդյունքում նա ընդամենը մեկ օրվա ընթացքում վաստակեց ավելի քան 650 մլն դոլար:

ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԱՐԾԻՎԸ

«Հայը թռչող գորգի վրա». հենց այսպես կոչեցին նրան լրագրողները ֆինանսական վերելքի համար: Նրա անունը տեղ գտավ նույնիսկ Դեյվիդ Լենգի «Հայեր. ստեղծագործ ազգ» գրքում, որում հեղինակը, միլիարդատիրոջ կենսագրությունը շարադրելով, նշել է, որ նրա հաջողություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանք նկարագրել մեկ գրքի էջերում:

Այդ ժամանակներից Քըրքորյանի անունն սկսեց հայտնվել համաշխարհային մամուլի առաջին էջերում՝ թեև ֆինանսական հանճարը շարունակում էր խուսափել հրապարակային ելույթներից ու կտրականապես հրաժարվում էր հարցազրույց տալ: Լրագրողները նրան համեմատում են մուլտիմիլիարդատեր Հովարդ Հյուզի հետ և ավելացնում, որ Քըրքը նրան իր ֆինանսական կարողությամբ շատ քիչ է զիջում: «Լաս Վեգասի արծիվ» և «Հայը թռչող գորգի վրա» մականունները տարիներ շարունակ ուղեկցում են նրան:

Քըրքորյանի հետագա կյանքը բնութագրվում է նյութական բարեկեցության հսկայական մակարդակով: Նրա կարողությունն օր օրի աճում էր, իսկ անունն ավելի ու ավելի հաճախ էր տեղ գտնում համաշխարհային մամուլի էջերում՝ որտեղ հրապարակելով նորություններ այն ճյուղերի զարգացման մասին, որոնցում միլիարդատերը ներդրումներ էր կատարում:

Այնուամենայնիվ, հիմնական ոլորտը, որում Քըրքորյանը ներդրումներ էր անում, մնում էր խաղային բիզնեսը: Արդյունքում այն Քըրքին ավելի մեծ եկամուտ էր ապահովում, քան նրան պատկանող աշխարհով մեկ հայտնի կինոստուդիաները մղելով նրան Չինաստանում և Մեծ Բրիտանիայում բիզնեսն ընդլայնելու որոշման: Տարիներ անց նա որոշեց խաղային բիզնեսում ներդնել իր կարողության մեծ մասը՝ այդ նպատակով վաճառելով Ford-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերը:

ԱՄՆ-ի գործարար թերթերը մինչ օրս էլ չեն դադարում հետևել Քըրքորյանի բիզնեսի զարգացմանը: Համաշխարհային ԶԼՄ-ները կանոնավորապես լուսաբանում են Հայաստանին օգնելու միջոցառումները. հայկական արմատներ ունեցող միլիարդատերը չի մոռանում հայրենիքը: 1998թ. ստորագրվեց հուշագիր՝ Լինսի բարեգործական հիմնադրամից Հայաստանին միջոցներ տրամադրելու մասին, որով երկրի զարգացմանն ուղղվեց մոտ 150 մլն դոլար: Մինչ օրս 1 միլիարդից ավելի գումար է տրամադրվել Հայաստանին՝ ճանապարհների նորոգման, մշակութային և տնտեսական կյանքի բարելավման, ինչպես նաև երկրաշարժից տուժածների կենսապայմանների բարելավման, մասնավորապես՝ նոր բնակելի տների շինարարության համար:

Նույնիսկ 95 տարեկանում միլիարդատերը չի պատրաստվում հանգստի գնալ: Այսօր Քըրքորյանը շարունակում է ակտիվորեն բիզնեսով զբաղվել:

ԱՎԱ ՔՈՉԱՐՅԱՆ
www.youandworld.am