Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՌՉՈՂ ՀՈԼԱՆԴԱՑԻՆ
ԹՌՉՈՂ ՀՈԼԱՆԴԱՑԻՆ

Ծնվել է 1947թ., խաղացել` «Այաքս», «Ֆեյնորդ» (Հոլանդիա), «Բարսելոնա», «Լեւանտե» (Իսպանիա), «Լոս-Անջելես Ացթեքս» եւ «Վաշինգտոն Դիփլոմատս» (ԱՄՆ) ակումբներում: 1966-1977թթ. Հոլանդիայի հավաքականում անցկացրել է 49 խաղ:

Կարելի է ասել, որ Յոհան Կրույֆը «Այաքս» ակումբի հետ կապվեց անմիջապես իր ծննդից հետո: Մանուկ հասակում նա խիստ կարիքի մեջ էր, քանի որ հայրը վաղ էր մահացել: Մայրը աշխատում էր «Այաքսի» լվացքատանը, եւ Յոհանը հաճախ էր դիտում ֆուտբոլիստների մարզումները: Պատահական չէ, որ նա բավականին շուտ սկսեց գնդակով խաղալ: Երբ լրացավ նրա տասներկու տարին, մայրը խնդրեց «Այաքսի» մարզիչ Ռինուս Միխելսին, որ նա որդուն ընդունի ակումբի մարզադպրոց:

1963թ. Յոհանն ստորագրեց իր կյանքի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: 17 տարեկանում առաջին անգամ խաղաց «Այաքսի» հիմնական կազմում: Շուտով պարզվեց, որ Յոհան Կրույֆը ոչ միայն հարմար է մարզիչ Ռինուս Միխելսի տակտիկական մտահղացումներին, այլ նաեւ կարողանում է իր վրա վերցնել ամբողջ խաղը:

Խաղադաշտում թեթեւ ու ամենատես Կրույֆը անընդհատ տեղաշարժեր էր կատարում, որոնք շատ անսպասելի էին: Այդ հատկության շնորհիվ նա վաստակեց «թռչող հոլանդացի» մականունը: Առանց գնդակի խաղով նա հակառակորդներին գցում էր իրարանցման մեջ:

Կրույֆն ուներ մեծ մեկնարկային արագություն. 30 մետրը վազում էր 3,8 վայրկյանում: Նրանից գնդակ խլելը շատ դժվար էր: Թեեւ թեթեւ քաշ ուներ, բայց ամուր կանգնում էր ոտքերի վրա եւ գնդակը մարմնով փակելով` հանկարծակի փոխում շարժման ուղղությունը: Նա փայլում էր նաեւ ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ:

1966-ից մինչեւ 1973 թվականը, բացի 1969 եւ 1971 թվականներից, «Այաքսը» նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսը: 1971-ին թիմն առաջին անգամ տիրացավ Եվրոպայի չեմպիոնների գավաթին` եզրափակիչում հաղթելով «Պանատինայկոսին» (2:0): Նույն տարում Կրույֆն արժանացավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը եւ ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ): 1972թ. «Այաքսը» կրկին տիրացավ Եվրոպայի չեմպիոնների գավաթին` այս անգամ 2:0 հաշվով հաղթելով իտալական «Ինտերին»: Խփված երկու գոլերի հեղինակն էլ Կրույֆն էր: Հաջորդ տարի նույն հաջողությունը կրկնվեց: Եզրափակիչում «Այաքսը» հաղթեց մեկ այլ իտալական թիմի` «Յուվենթուսին» (1:0):

1973-1974թթ. Կրույֆը կրկին ստացավ «Ոսկե գնդակը»: «Այաքսի» հաջողությունների տարիներին նա խաղում էր նաեւ Հոլանդիայի հավաքականում: Կրույֆի նորամուտը Հոլանդիայի հավաքականում կայացավ Բելգիայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ, երբ 19 տարեկան էր եւ վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

«Այաքսի» հաղթարշավից հետո եվրոպական այլ ակումբները, հոլանդական աստղերի նկատմամբ մեծ հետաքրքրություն սկսեցին դրսեւորել, որի արդյունքում Կրույֆը հայտնվեց «Բարսելոնայում»: Հենց առաջին տարում նրա շնորհիվ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

«Այաքսի» մարզիչ Ռինուս Միխելսի «տոտալ ֆուտբոլը» կրկին փայլատակեց Գերմանիայի` 1974թ. աշխարհի առաջնությունում, որը ցուցադրում էր Հոլանդիայի հավաքականը՝ գրեթե ամբողջովին համալրված «Այաքսի» նախկին ֆուտբոլիստներով, որոնք արդեն խաղում էին եվրոպական այլ ակումբներում:

Առաջին խմբային փուլում Հոլանդիայի հավաքականը հաղթեց Ուրուգվայի (2:0) ու Բուլղարիայի (4:1) հավաքականներին եւ ոչ-ոքի (0:0) խաղաց Շվեդիայի ընտրանու հետ խաղում: Երկրորդ խմբային փուլում Հոլանդիան երեք խաղերում էլ հաղթեց «չոր» հաշվով: Բրազիլիայի եւ ԳԴՀ-ի հավաքականներին հաղթեց միեւնույն՝ 2:0 հաշվով, իսկ Արգենտինայի հավաքականը չորս անպատասխան գոլ ընդունեց:

Մինչեւ եզրափակիչի սկսելը, ֆուտբոլասերների մեծ մասը, մարզիչները եւ մարզական լրագրողները կանխագուշակում էին Յոհան Կրույֆի թիմի հաղթանակը: Գերմանիայի հավաքականի խաղը չէր առանձնանում դիտարժանությամբ եւ նման էր հզոր մեքենայի աշխատանքի: Որակներ, որոնք, թվում էր, քիչ էին հաղթանակի հասնելու համար: Եվ ինչպես պատահում է հաճախ` ֆուտբոլային կանխագուշակումները սխալ դուրս եկան:

Հենց առաջին րոպեին Կրույֆը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց: Կիսապաշտպան Հենեսը, խախտելով կանոնները, նրան վայր գցեց, իսկ Նեսկենսը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը` 1:0: Սակայն այս գոլը «արջի ծառայություն» մատուցեց Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին, եւ նրանք թուլացրին խաղի տեմպը, որից հակառակորդն օգտվեց: Շուտով Բրայտները 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 43-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերը խփեց հաղթական գոլը, եւ Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

1978թ. Արգենտինայի աշխարհի առաջնությունում Հոլանդիայի հավաքականը կրկին հասավ եզրափակիչ, սակայն Կրույֆը այս առաջնությանը չմասնակցեց, քանի որ անմիջապես առաջնությունից առաջ հայտարարեց իր հեռանալու մասին: Միեւնույն ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստը հեռացավ նաեւ «Բարսելոնայից»:

Սկզբում նա գնաց ԱՄՆ, որտեղ խաղաց «Լոս-Անջելես Ացթեքս» եւ «Վաշինգտոն Դիփլոմատս» ակումբներում: 1981թ. վերադարձավ Իսպանիա եւ խաղաց ցածր լիգայի «Լեւանտե» ակումբում: Իր ֆուտբոլային կարիերան ավարտեց հայրենիքում. 1981-1983թթ. խաղաց հարազատ «Այաքսում», իսկ 1983-1984թթ.` «Ֆեյնորդում»:

Կրույֆը հայտնի է նաեւ որպես հմուտ մարզիչ: 1986-1988թթ. գլխավորեց «Այաքսը»: Այդ ժամանակ «Այաքսում» հայտնվեցին նոր աստղեր, որոնցից մեկը լեգենդար Մարկո վան Բաստենն էր: 1987-ին թիմը տիրացավ Եվրոպայի Գավաթակիրների գավաթին:

1988-ին Կրույֆը գլխավորեց իսպանական «Բարսելոնան», եւ հաջորդ իսկ տարում «Բարսելոնան» տիրացավ Գավաթակիրների գավաթին, իսկ 1992-ին նվաճեց չեմպիոնների գավաթը: «Բարսելոնայի» հետ չորս անգամ Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո՝ 1996-ին, նա թողեց մարզչական աշխատանքը:

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության համաշխարհային ֆեդերացիան (IFFHS) Կրույֆին ընդգրկել է XX դարի տասը լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
ավագ լեյտենանտ