Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ»

Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ փառապանծ տարեդարձի առիթով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայազգի բոլոր զավակներին, մեր բանակի քաջարի զորահրամանատարներին, սպաներին, արիասիրտ զինվորներին եւ բանակի հոգեւոր սպասավորներին: Ժողովուրդների կյանքում կան սրբություններ, ժողովուրդների հոգու մեջ կան խարսխված զգացումներ, որոնք ապրում են այնքան, որքան այդ ժողովուրդն է ապրում: Մեր ժողովրդի գերագույն զգացումների ծնունդն է Հայոց բանակը:
Փառք Աստծո, որ Հայաստանում եւ Արցախում հայ ժողովուրդն այսօր ազատ եւ խաղաղ երկնքի ներքո է ապրում, որ այսօր առ Աստված խնկաբույր աղոթք է բարձրանում Գանձասարի Սուրբ Հովհաննես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներից. որ այսօր հայորդին ազատ կարողանում է գնալ Դադիվանք եւ իր սրտի աղոթքն ուղղել առ Աստված:
Գոհություն Ամենակալ Աստծուն, որ հայ զինվորականի միտքը, քաջությունը եւ նվիրականությունն ի սպաս են դրված անկախ Հայաստանի ազատության եւ խաղաղության նվիրական գործին:
Մեր իղձն ու ցանկությունն է` «խաղաղութիւն հեռաւորաց, խաղաղութիւն մերձաւորաց, խաղաղութիւն ամենեցուն»: Ամեն բանի մասին մարդիկ կարող են տարակարծիք լինել եւ բանավիճել, սակայն խաղաղությունը համամարդկային արժեք է եւ վեր ամեն ինչից:
Ժամանակին մարդիկ հարցնում էին՝ արդյոք պիտի բացվի՞ վերջապես տեւական խաղաղության արշալույսը: Արդյոք խաղաղության աղավնին թեւերն ազատ տարածած պիտի կարողանա՞ աներկյուղ սավառնել: Արդյոք ժողովուրդներն ու նրանց առաջնորդները պիտի շտապե՞ն գտնել միաբանություն եւ հոգեւոր խաղաղություն: Սակայն մեր հզոր բանակի շնորհիվ գտնվեց ամեն տեսակ խաղաղություն, եւ իզուր չէր, որ հայ զորքը հավատում էր Զաքարիա մարգարեի խոսքերին, թե պիտի խորտակվի թշնամու աղեղը, եւ ժողովուրդներն ու իշխանները խաղաղություն հաստատողներ կլինեն:
Այսօր մենք ուրախ ենք, որ կատարվել է մեր նախնիների դարավոր երազանքը. եւ հայ մարդն իրավունք ունի ապրելու եւ արարելու անկախ հայրենիքում:
Թող այսուհետ արդարությունն ու խաղաղությունն ազատ բաշխվի արեգակի լույսի ներքո հավասարապես բոլոր մարդկանց, բոլոր ազգերին եւ մեր սիրելի զինվորներին:
Այլեւս չտեսնենք ո՛չ մենք, ո՛չ մեր զավակները ոչ մի պատերազմ: Պետությունները թող խորտակեն մահ սփռող զենքերը եւ մանգաղներ ձուլեն նրանց երկաթով:
Մեր հորդորն է, որ այսուհետ բանակի յուրաքանչյուր սպա եւ զինվոր ներշնչվեն ու առաջնորդվեն Վարդանանց Սուրբ նահատակների եւ Արցախյան հերոս մարտիկների հայրենանվեր օրինակով:
Այսօր աղոթում ենք բոլոր հայորդիների հոգիների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ազգի խաղաղության: Խունկ, աղոթք եւ աստվածային օրհնություն նրանց լույս հոգիներին:
ԹՈՂ ՏԵՐՆ ՕՐՀՆԻ ՈՒ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀԻ ԵՐԿԻՐԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ` ԻՐ ԱՄԵՆԱԽՆԱՄ ՍՈՒՐԲ ԱՋԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԶՈՐԵՂ ՈՒ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀԵԼՈՎ ԲԱԶՈՒԿԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ԶՈՐԱԿԱՆԻ. ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆՍ. ԱՄԵՆ:
OՐՀՆՈՒԹՅԱՄԲ`

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ