Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով`անձնուրաց արարքի համար. միայնակ երկու զինվորի հանել է ականապատ դաշտից: Մեր ընտանիքում զինվորական էր պապս, ես շարունակում եմ զինվորականի գործը, հետեւելով նրա խորհրդին` լինել նվիրված ընտանիքիս, հայրենիքիս: Յուրաքանչյուր սպա պարտավոր է նաեւ հավատարիմ ու նվիրված լինել իր կոչմանն ու սկզբունքներին: Մեր բանակի տասնիննամյակն է, փորձությունների մի դժվար ճանապարհ հաղթահարված է նվիրյալների շնորհիվ, եւ մեր պարտքն է լինել արհեստավարժ ու կարգապահ՝ կայացած բանակի հզորացումը ապահովելու համար: Պետք է հիշել, որ անհաղթահարելի դժվարություններ չկան, իսկ մենք ուժեղ ենք եւ կազմակերպված, վճռական` անառիկ պահելու սահմանը, պաշտպանելու մեր տասնիննամյա ձեռքբերումը:


Բանակը մեծ կոլեկտիվ է, եւ հաջողությունների ու ձեռքբերումների այստեղ հասնում ենք, եթե ճիշտ ենք հասկանում անելիքները, պարտականությունները, ստեղծված իրավիճակը, ինքներս մեզ եւ, իհարկե՝ դիմացինին: Բանակում կարեւորում եմ ոսկե պատվիրանի պահպանումը` դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Այս սկզբունքին հետեւելով` զինվորական փոխհարաբերությունները կատարելության աստիճանի կհասնեն: Միմյանց հասկանալով եւ հարգելով է հնարավոր պաշտպանել ու պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը` տասնիննամյա հայկական բանակը, որը նորօրյա հերոսների դարբնոցն է:


Բանակը մենք ենք` շարքայինից մինչեւ հրամանատար: Մեզ միավորում է մեր ազգային պատկանելությունը, մենք հայ ենք: Մեզ միշտ հաջողվում է անհնարինը, մենք պատրաստ ենք անձնազոհության, ի զորու ենք դիմագրավելու բոլոր փորձություններն ու մարտահրավերները, վճռական ենք, մենք հուսահատվող տեսակ չենք, եւ այս ամենը մեզ դարձնում է անպարտելի: Տասնինը տարիների ընթացքում հայոց բանակի թե՛ զինվորը, թե՛ հրամանատարը ապացուցեցին, որ ընդունակ են հերոսական սխրագործությունների: Մեր պայքարը միշտ եղել է հանուն սիրո, որ տածում ենք մեր Հայրենիքի նկատմամբ:


Մեր բանակը տոնում է իր տասնիննամյակը, եւ ես ուրախ եմ, որ դիմավորում եմ այդ օրը՝ գտնվելով ծառայության մեջ: Երկու ամսվա ծառայության փորձ ունեմ, սակայն կարող եմ վստահեցնել, որ իմ կյանքը լիովին փոխվել է. ավելի կայուն եւ ինքնուրույն եմ դարձել, սկսել եմ գնահատել ժամանակը, ապրում եմ համակարգված եւ ռեժիմով, բանակը ինձ տղամարդ է դարձրել, եւ ես շնորհակալ եմ նրան: Բանակը ցանկացած երիտասարդի կարող է դարձնել առաքինի, ազնիվ, սկզբունքային, հպարտ, մեծահոգի եւ ուժեղ: Ի վերջո, մի ամբողջ ժողովուրդ մեր հզոր բանակի շնորհիվ է վայելում ազատությունը: