Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՇՈՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշոտ Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն տասը սաներից է, որոնք այս տարի մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Երիտասարդ հայրենասերներ» հավաք-մրցույթին ու թիմային արժանի հաղթանակ տարել` գրավելով երկրորդ տեղը: Պատանի կուրսանտը հավաքին մասնակցել էր նաև անցած տարի, թիմը այդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը:

Սկզբնական շրջանում վարժարանի սաներից ընտրվել էին 60 հոգի, որոնք հանձնել են քննությունները, եւ արդյունքների հիման վրա ընտրվել է տասը մասնակից. «Երկու անգամ էլ հաջողությամբ հաղթահարել եմ թե՛ ռազմական գիտելիքների, թե՛ ֆիզիկական և կրակային պատրաստվածության, թե՛ բժշկական և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու ստուգարքներն ու ընդգրկվել հիմնական կազմում»,-նշում է Աշոտն ու ավելացնում, որ ռուսերենի և պատմության պատշաճ իմացությունն էլ էր պարտադիր. «Այս տարի հավաքն անցել է վրաններում` 45 աստիճան ցրտի պայմաններում, ինչը դժվարություն էր, բայց հաղթահարելի: Բոլորիս միակ նպատակը Պերմում հայկական դրոշը բարձրացնելն էր, ինչը իրականություն դարձրեցինք` զիջելով միայն ռուսաստանյան թիմերից մեկին»:

Աշոտն ու ընկերները ոչ միայն զինպատրաստության, այլեւ մշակութային միջոցառումներում են աչքի ընկել` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, Երեւան քաղաքը, ՀՀ զինված ուժերի եւ ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային եւ մշակութային ցուցադրություններ. «Հավաքների ընթացքում անցկացվել է նաեւ մրցում «Օրվա հերոս» անվանակարգում, որի ժամանակ զբաղեցրել եմ 1-ին տեղը»:

Իր ուսումնառության տարիներին գրանցած հաջողությունների մասին խոսելիս ձիգ, կոկիկ հագնված, խրոխտ կեցվածքով կուրսանտի հայացքում ուժ, հոգու ամրություն և կատարյալ անձնուրացություն է դրոշմվում: Աշոտը այս տարի կավարտի ուսումն ու մի քանի շաբաթից հրաժեշտ կտա հարազատ դարձած վարժարանին, ընկերներին, որոնց հետ անպարտ եւ ուժեղ մի կոլեկտիվ էր կազմել: Բայց վհատվելու փոխարեն պատանի կուրսանտը պատրաստվում է նոր «թռիչքի». «Ուզում եմ ուսում ստանալ Ռուսաստանի բարձրագույն ռազմական բուհերից մեկում, իսկ վարժարանի շրջանավարտները Հայաստանի կամ արտասահմանյան որևէ երկրի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու հնարավորություն են ստանում»:

Աշոտը անկեղծանում է` վարժարան ընդունվել է մոր հորդորով. «9-րդ դասարանի աշակերտ էի, մայրս հարցրեց` արդյոք ցանկություն ունե՞մ ուսումս շարունակելու ռազմական թեքումով վարժարանում, պատասխանս միանշանակ դրական էր, մորս ցանկությունը ինձ համար շատ կարեւոր էր, բայց հիմա հասկանում եմ, որ իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Ընդունելության քննություններ հանձնեցի` ձգումներ կատարեցի ձողափայտի վրա, հաղթահարեցի 100մ եւ 1000մ վազքուղին, թելադրություն գրեցի, նաեւ մաթեմատիկայից` գրավոր աշխատանք, եւ ընդունվեցի»: Առաջին օրվա անցուդարձից կուրսանտի հիշողության մեջ տպավորվել է համազգեստ ստանալու պահը. այն փորձելուց հետո, ինչպես նշեց Աշոտը, իր «մարմնի ամեն մի բջիջ անպարտելի դարձավ». «Շաբաթվա հինգ օրը գիշերում եմ վարժարանում, երկու օրը` տանը: Երբ տուն եմ գնում, մայրս այնքան է ոգեւորվում իմ համազգեստով: Հիմա հասկանում եմ` ազգային բանակի համազգեստի հանդեպ ունեցած վերաբերմունքից ելնելով է մայրս ցանկացել ինձ զինվորական տեսնել»:

Ըստ կուրսանտի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը իր տարեկիցներին համախմբում է ազգային արժեքների շուրջ, նրանց հոգում սերմանում է սեր, հարգանք դեպի հայկական մշակույթը, կոփում է ֆիզիկապես եւ գաղափարապես. «Բազում միջոցառումներ են կազմակերպվում այստեղ, ես, օրինակ, միշտ կհիշեմ Գարեգին Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված բեմադրությունը. մեծ զորավարի եւ գաղափարախոսի դերակատարն էի: Մինչ վարժարան ընդունվելս այնքան քիչ բան գիտեի նրա մասին, բայց ուսումնասիրեցի նրա գործունեությունը եւ դարձա հետեւորդը: Կարծում եմ` Նժդեհի խոսքը` «Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասեր: Պարզ է, չարքաշ, անշահասեր», պետք հայ զինվորականի բնութագիրը դառնա»: Աշոտը նաեւ մասնակցել է պատմություն առարկայից վիկտորինայի, զբաղեցրել առաջին տեղն ու արժանացել «Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի, որը ստացել է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հունիս-օգոստոս ամիսներին կսկսի ընդունելության գործընթացը, Աշոտն էլ ընդունվել ցանկացող պատանիներին խորհուրդ է տալիս ձգտել, հավատալ հաջողությանը ու վճռականորեն կատարել առաջին քայլը, որ տանում է դեպի զինվորական դառնալու երազանքի իրականացում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ