Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԾԻՎ-ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ



1992թ.

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 12-ին թշնամու քարվաճառյան զորախումբը հզոր հարձակմամբ գրավեց Գետավանը, Չափարը, Զարդախաչն ու Հաթերքը, իսկ Մեծշեն-Մաղավուզ ուղղությամբ, ինչպես նաև Կրասնոսելսկի Վահան գյուղի մոտ ծանր մարտեր էին:

ԼՂՀ-ում հայտարարվեց 18-ից 45 տարեկան տղամարդկանց համընդհանուր զորակոչ, իսկ ԼՂՀ կառավարությունը Հայաստան տեղափոխված իր բոլոր քաղաքացիներից պահանջեց վերադառնալ:

Ճարտարում գերի ընկած թալիշ զինվորը, որի անձնագրում ազգության դիմաց նշված էր «ադրբեջանցի», հայտնեց, որ իրենց հարձակման են քշում օմոնականներն ու նախագահական գվարդիայի զինվորները, փախչելիս՝ տեղում գնդակահարում, դասալքելիս՝ ճնշումներ կիրառում ընտանիքի անդամների նկատմամբ, իսկ զինծառայությունից ազատվելու համար հարկավոր է 100.000 ռուբլի վճարել:

Օգոստոսի 13-ին Մարտակերտի շրջանի գրեթե կեսը դարձյալ գրավված էր, իսկ շրջապատված Պառավաքարում կռիվներ էին:

Օգոստոսի 14-ին շարունակվում էր Հայաստանի հարավային ու հյուսիսարևելյան շրջանների հրթիռահրետակոծումը, իսկ Մարտակերտի ճակատում ինքնապաշտպանության ուժերը հետ էին մղել Վաղուհաս, Մեծշեն ու Հարությունագոմեր գյուղերի ուղղությամբ թշնամու հարձակումը, ոչնչացնելով հինգ տանկ ու երեք զրահամեքենա: Հակառակորդը ևս հինգ զրահամեքենա կորցրեց Հադրութում Մելիքաշենի ուղղությամբ ձեռնարկած անհաջող հարձակման ընթացքում:

Նույն օրը, ԼՂՀ զինված ուժերի կենտրոնացված կառավարման միասնական համակարգ ստեղծելու և բոլոր ստորաբաժանումները կազմակերպական-հաստիքային կառուցվածքի փոխադրելու նպատակով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կենտրոնական, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի ու Շուշիի պաշտպանական շրջաններ ստեղծելու մասին:

Օգոստոսի 15-ին կազմավորվեց այսօր պահեստի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի ղեկավարած Հադրութի պաշտպանական շրջանը:

Նույն օրը ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագիր ստորագրեց զորակոչի իրականացման միջոցառումների խստացման մասին:

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ժողովրդին դիմեց իր հայտնի հեռուստաելույթով և հայտնեց հանրապետության յուրաքանչյուր շրջանի 10-12 ամենափորձառու կամավորներից «Մահապարտների» գնդի ստեղծման մասին, որը կռվելու էր ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներում, ուր, Սպարապետի իսկ բառերով, ողջ մնալու կամ զոհվելու հավանականությունը նույնն էր. «Սարսափելի ոչինչ չի կատարվել, իրականում դուք նույն զինվորն եք, այն կռվող զինվորը, որի առջևից ոսոխը փախչում էր: Ոսոխն էլի նույն ոսոխն է մնացել, ուղղակի մեր եղբայրները, հայրենակիցները կարողացան կոտրել հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ: Ըստ էության, այն, ինչ ուզում ենք մենք հիմա անել, այդ հավատի վերականգնումն է»:

Այդ ելույթն ու արագորեն ձեռնարկված միջոցառումները սթափեցրին ժողովրդին և օգնեցին վերագտնելու հավատն իր դեռ չստեղծված բանակի անպարտելի ուժի նկատմամբ…

Օգոստոսի 18-ին Մարտունին հետ մղեց լայնածավալ հարձակումը, եռօրյա կռիվներում ոչնչացնելով 26 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 9 տանկ:

Օգոստոսի 20-ին Մարտակերտի արևելքում ու Լաչինում սկսվեց հարձակման նոր ալիք, թշնամու երեք ուղղաթիռ գնդակոծեց Կապանն ու Դավիթ Բեկը, իսկ գրավյալ Շահումյանի հայդուկներն իրականացրին առաջին խոշոր ռազմագործողությունը:

Օգոստոսի 23-ի կռիվներում Դրմբոնը, Գյուլաթաղն ու Ջանյաթաղը ձեռքից ձեռք անցան, իսկ Տավուշում Մովսես ներխուժած թշնամին հետ շպրտվեց:

Օգոստոսի 18-ին, 22-ին և 23-ին գնդիկավոր ավիառումբերով օդային ռմբակոծություններից Ստեփանակերտում զոհվեց 40 մարդ, 200-ը՝ վիրավորվեց: Սկսվեց գաղթ դեպի Հայաստան:

Օգոստոսի 22-ին ստեղծվեց այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող ուսումնական զորամասը, որի խնդիրն էր պատրաստել և ռազմաճակատ ուղարկել հրաձգային ստորաբաժանումների մասնագետներ:

Օգոստոսի 24-ին Դրմբոնի համար մղվող մարտերում զոհվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը («Բեկոր Աշոտ», «Ասկոլկա»): Նա մասնակցել էր Արցախյան ազատամարտի գրեթե բոլոր խոշոր մարտական գործողություններին ու Շուշիի ազատագրմանը, եղել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի 1-ին վաշտի հրամանատարը:

Օգոստոսի 25-ին «ՕՍԱ-ՕԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով խոցվեց թշնամու ինքնաթիռը:

Ղարաբաղյան ուժերը վերահսկում էին Դրմբոն-Կճողուտ-Պողոսագոմեր գիծն ու առաջանում Սարսանգի հիդրոհանգույցի ուղղությամբ, իսկ Էլչիբեյի հրամանագրով Ֆիզուլու և Ջաբրայիլի շրջաններում հայտարարվեց արտակարգ դրություն:

Նույն օրը ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց հրթիռային զորքերի ու հրետանու վարչության շտաբի պետ, խորհրդային բանակի գվարդիայի գնդապետ Առնո Տատինցյանը, որ ղեկավարում էր մարդասիրական միջանցքի պաշտպանության հրետանային ապահովումը:

Օգոստոսի 27-ին «ՕՍԱ-ՕԿ» հմ. 21 մարտական մեքենայից արձակված հրթիռներով խոցվեց թշնամու ինքնաթիռը:

Օգոստոսի 29-ին Շահումյանի պարտիզանական ուժերը մտան Գյուլիստան ու ոչնչացրին թշնամու 40 զինվոր: Գրավյալ Շահումյանում օգոստոսի վերջին ծավալված պարտիզանական պայքարը Մարտակերտի ճակատում մեծ խուճապ առաջացրեց, և ադրբեջանական հրամանատարությունը սկսեց այնտեղից ուժեր հանելով նետել՝ ինքն էլ չիմանալով թե ուր:

Օգոստոսի 30-ին Մարտակերտում ճակատի գիծը նահանջեց դեպի Մեհմանա-Վերին Հոռաթաղ-Վաղուհաս հատված: Հակառակորդի խելագար հարձակումը շարունակվում էր:

Արագորեն կազմավորված հատուկ նշանակության «Արծիվ-Մահապարտներ» գումարտակը (375 մարտիկ), գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ իրականացված կարճատև մարզումներից հետո, մեկնելով Մարտակերտի ճեղքված ճակատ, մասնակցեց Վանքի, Չլդրանի, Վաղուհասի ու Հարությունագոմերի պաշտպանական ու ազատագրական մարտերին և բեկումնային դեր ունեցավ Մարտակերտի ճակատի պաշտպանության ամրապնդման գործում: Գումարտակի գործողությունների ընդհանուր համակարգողն էր Աստվածատուր Պետրոսյանը, հրամանատարը՝ Հովսեփ Հովսեփյանը: Հատուկ նշանակության «Արծիվ-Մահապարտներ» գումարտակի համաբանությամբ շուտով ստեղծվեց ևս 32 «Արծիվ» գումարտակ, որոնք մինչ կանոնավոր զինված ուժերի կազմավորումը մասնակցեցին ՀՀ ու ԼՂՀ սահմանների պաշտպանությանը:

Օգոստոսի 31-ին անհավասար մարտում զոհվեց Վահան գյուղի սահմանապահ ուղեկալի գրեթե ողջ անձնակազմը, օդից ռմբահարվեց մարդասիրական միջանցքը, Մարտակերտում ճակատի գիծը կայունացավ Մեհմանա-Վերին Հոռաթաղ-Վաղուհաս հատվածում, իսկ հայդուկները Գյուլիստանից զարգացնելով հարձակումը` տիրացան շրջանի ողջ հյուսիսարևմտյան հատվածին` ոչնչացնելով 43 զինվորի, Ղարաչինար-Թալիշ ճանապարհին պայթեցրին անձնակազմ տեղափոխող բեռնատարը՝ ոչնչացնելով ևս 10 զինվորի և վերահսկում էին շրջանի ճանապարհների շուրջ 70 տոկոսը:

Զանգվածային օդային հարձակման ենթարկվեց Ստեփանակերտը. հակառակորդը կորցրեց երկու ինքնաթիռ, որոնք ընկան Շուշիի ու Բալուջայի մոտակայքում, բայց մինչ այդ ուրիշ երեքը հասցրին գնդիկավոր ռումբեր նետել քաղաքի վրա: Զոհվեց 10-ը, վիրավորվեց 15 խաղաղ բնակիչ:

Հայկական կողմի պնդմամբ, ամառային հարձակման սկզբից ի վեր Ադրբեջանը կորցրել էր 3.000 զինվոր, 40 տանկ ու 60 զրահամեքենա:

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 1-ին տապալվեց կրակի դադարեցման վերաբերյալ Ալմա Աթայում ձեռք բերված համաձայնությունը: Աբուլֆազ Էլչիբեյը հայտարարեց, որ դա վերաբերում է միայն հայ-ադրբեջանական սահմանին, բայցեւ չէին դադարում ծանր կռիվները Տավուշի, Սյունիքի ու Եղեգնաձորի սահմաններում:

Նույն օրը ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն հայտարարեց, որ կոչնչացնի յուրաքանչյուր չճանաչված թռչող օբյեկտ, ու ԼՂՀ օդային տարածքը որպես հաղորդակցության ուղի օգտագործող պետություններին խնդրեց ողբերգական պատահարներից խուսափելու նպատակով վաղօրոք զգուշացնել ինքնաթիռների թռիչքների մասին: Այդ պահին Ստեփանակերտի շուրջ արդեն մարտական հերթապահություն էին ստանձնել «ՕՍԱ-ՕԿ» երեք զենիթահրթիռային ինքնագնաց համալիրները, որոնք պատերազմող հանրապետության օդային հարվածներից ավերվող մայրաքաղաքի համար դարձան «փրկության եռանկյունի»:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդը փորձելով վերահսկողություն սահմանել Գորիս-Կապան ավտոճանապարհի նկատմամբ, հարձակման անցավ Շուռնուխի ուղղությունում, սակայն հետ շպրտվեց, իսկ Չլդրանում թողեց 30 դիակ: Ուժգին հրետակոծման ենթարկվեցին մարդասիրական միջանցքը, Գորիսն ու Կոռնիձորը, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանեց, որ փախստական ադրբեջանցիները կտրականապես հրաժարվում են վերաբնակվել Մարտակերտի գրավված գյուղերում:

Սեպտեմբերի 4-ին, «ՕՍԱ-ՕԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով խոցվեց թշնամու ՍՈՒ-25 ինքնաթիռը:

Նույն օրը, նախընթաց ծանր մարտերից հետո ազատագրվեց Աբդալ-Գյուլափլու ելուստը, որը սեպի պես խրված էր Մարտունու պաշտպանական շրջանի սահմանների մեջ: Թշնամին մարտադաշտում թողեց շուրջ 5 տասնյակ սպանված, 2 ուղղաթիռ, 2 տանկ և 3 հրանոթ:

Ինքնապաշտպանության ուժերն Ասկերանում ազատագրեցին հունիսին զավթված Նախիջևանիկը, Փիրջամալն ու Արանզամին, իսկ Մարտակերտում` Հարությունագոմերի մերձակա բարձունքները:

Սեպտեմբերի 6-ին թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռն առանց թույլտվության մտավ ՀՀ օդային տարածք և պատճառաբանելով, թե տեղափոխում է ԻԿԱՕ-ի ներկայացուցիչներին` «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելու թույլտվություն խնդրեց, բայց մերժում ստանալով, մեկ ժամ անց հեռացավ: ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա ուղարկեց Թուրքիայի իշխանություններին:

Նույն օրը ԼՂՀ ռազմաճակատի ողջ երկայնքով հակառակորդն անցավ հարձակման, բայց կորցնելով 5 տանկ ու 2 ՀՄՄ, բոլոր հատվածներում հետ շպրտվեց ելման դիրքեր, իսկ Մարտակերտի ճակատում ինքնապաշտպանության ուժերը Սրխավենդ-Օրթա Գյունեփայա և Վաղուհաս-Դրմբոն հատվածներում գրավեցին մի շարք բարձունքներ: Հայկական ուժերը մարդկային կորուստներով ուղեկցվող ծանր մարտեր էին մղում Տավուշի սահմաններում և Կապան-Գորիս միջնատարածքում, որտեղ թշնամին փորձում էր փակել ավտոմայրուղին:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


23/05/2012