Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԿՌԻՎՆ ՈՒ ՄԵՆՔ
ՄԵՐ ԿՌԻՎՆ ՈՒ ՄԵՆՔ

Երբ մարտական ընկերներն են հանդիպում, իրար գլխի հավաքվում, կողմնակի մարդը (ասենք լրագրողը), հավատացեք՝ ավելորդ է: Մանավանդ՝ նրանց զրույցին միջամտելու, ավելորդ, հաճախ նաև անտեղի հարցեր տալու կարիքը չկա: Թերևս ամենախոհեմը լուռ մի կողմ քաշվելն ու նրանց զրույցը` անմիջակա՜ն, մանկակա՜ն, ունկնդրելն է…

Տղաները` (նրանք դեռ այդպես էլ իրար դիմում են` հին օրերի պես) Ռոբերտ Մուրադյանը, Նորիկ Հովհաննիսյանը և Ստյոպա Խաչատրյանը, առաջին անգամ հանդիպել են 1992 թ. հունիսի վերջին, երբ կազմավորվում էր «Մեծն Մուրադ» ինքնապաշտպանական ջոկատը, և առաջին մարտական մկրտությունը Մոխրաթաղի կռիվներում ստանալուց հետո մինչև օրս անբաժանելի ընկերներ են… Երբ հանդիպում ես մարտական ընկերների, ճիշտը կողքից նրանց նայելն է, նրանց խոսքերին, դեմքերի արտահայտություններին, ձեռքերի շարժումներին հետևելը. միայն այս դեպքում կկարողանաս թափանցել նրանց աշխարհը, որտեղ ներկան ու անցյալը, ես ու դուն, ցավն ու ուրախությունը, ափսոսանքն ու հպարտությունը միախառնված են… Եվ քեզ կթվա` հասուն, արդեն կյանքի վեցերորդ-յոթերորդ տասնամյակը ոտք դրած մարդիկ մանկական ոգևորությամբ ու անմիջականությամբ կռիվ կինո են պատմում…

«…Չէ, ինչ ես ասում, ամենադաժանը Մարտակերտի հեռուստաաշտարակի մոտի կռիվն էր… Ոնց որ ասում են` կենաց-մահու կռիվ էր… Ե՞րբ էր, Նորիկ, դու կիմանաս, քո հիշողությունը լավ է»: «Հուլիսի երեսունին էր,- վստահ ասում է Նորիկ Հովհաննիսյանը` ընկերներից տարեցը: -Երեք օր անընդմեջ զենքի բոլոր տեսակներից մեզ խփեցին` է՛լ օդից, է՛լ ցամաքից, ուղղաթիռով ու օդանավով, է՛լ հրանոթից, ականանետից… Ամբողջ գիշերը խփում էին, առավոտը` հարձակվում… Երեք օր չթողեցին գլուխներս վեր բարձրացնենք… Է՜հ, ինչ որ մենք տեսանք, թող…»: «Դու արդեն Բաղդասարյանի խոսքերն ես կրկնում,- ընդհատում է Ստյոպա Խաչատրյանը:- Հիշո՞ւմ եք, տղե՛րք, Եղականում ի՞նչ էր պատմում, մեր գլխին եկածը մեզ էր պատմում, «Էդ ի՜նչ տղերք էին, որ դիմացան… Էն ինչ որ ես իմ աչքով տեսա, թող ոչ ոք չտեսնի… Մենք էլ ծիծաղում էինք»: «Մոխրաթաղը մի թերագնահատեք, պակաս կռիվ չէր` Մարտակերտի շրջանի լինել-չլինելու հարցն էր դրված… Աջակցում էինք Լեոնիդ Ազգալդյանի ջոկատներին… Նորի՛կ, դու լավ կհիշես,- ասում է Ռոբերտ Մուրադյանը,- էս կռվում չէ՞ր, որ Ստյոպան մեր կյանքը փրկեց… Մենք մոտեցել էինք ադրբեջանցիների շտաբին ու երկրորդ հարկի բաց պատուհանից նռնակ էինք ներս գցում, դու մի ասի` նրանցից մեկը բարձրացել է կտուրը… Եթե Ստյոպան չզգուշացներ, վաղուց տեղում մնացել էինք»: «Ճի՛շտ, Մոխրաթաղում էր… Բայց ես չեմ մոռանում Հարությունագոմերը… Հասցրինք խաղաղ բնակչությանը շրջապատումից դուրս բերել, երեխաների, կանանց կյանքը փրկել…»:

Եվ հանկարծ Նորիկ Հովհաննիսյանը իմ կողմն է նայում.

-Ինձ, շատ է պատահել, հենց իմանում են, որ կռվել եմ, հարցնում են. «Քանի՞ թուրք ես սպանել»: Ասում եմ` ես մարդասպան չեմ, ես զինվոր եմ եղել, գնացել եմ հայրենիքս պաշտպանելու: Զինվորը մարդ չի սպանում, զինվորը կռվում է… Մարդ սպանում է հանցագործը, մարդասպանը… Ես շատ կռիվների եմ մասնակցել, թե ի՞նչ օգուտ եմ տվել հայրենիքիս, չգիտեմ, բայց մի բան հաստատ է` մի երեխայի` տասնվեց-տասնյոթ տարեկան, կյանք եմ փրկել…

-Դանիելի մասի՞ն ես ասում,- ճշտում է Ստյոպան:

-Դանիելի՛: Եկավ, թե` «Դայի (ես տարիքով ամենամեծն էի, 53 էի, երբ պատերազմ գնացի, դրա համար ինձ «դայի» էին ասում), ինձ ջրի են ուղարկում, ավտոմատս պահի, ծանր է, գնամ ջուր բերեմ»: Ասացի` ո՛չ, առանց զենքի մի գնա, զենքդ կռվի ժամանակ ցած մի՛ դիր… Զայրացա, ստիպեցի, որ զենքով գնա… Անցավ մի տասը րոպե, մեկ էլ ձորից կրակոցների ձայն ենք լսում, հետո էլ՝ էս երեխի գոռգոռոցը… Զենքերը վերցնում ենք ու ձայնի ուղղությամբ վազում: Տեսնենք` Դանիելը կանգնած խելագարի պես գոռում է` դեմը թուրքի երկու դիակ… Մոտեցանք, նայեցինք` մեկը ուկրաինացի վարձկան էր… Էդպես էլ չիմացանք, թե Դանիելը ինչի՞ էր էդպես գոռում` վախի՞ց, թե՞ ուրախությունից… Էդ օրը ես չեմ մոռանա. 1992 թվականի հոկտեմբերի 6-ն էր…

-Ճի՛շտ է,- գլխով է անում Ստյոպան,- դու Դանիելին փրկեցիր, բայց բոլորս միասին Հայկին` Գևորգյան, չկարողացանք փրկել:

-Գևորգյան չէր,- անտարբեր ու մտախոհ ուղղում է Նորիկը,- Ավագյան էր, Հայկ Ավագյան, էլի տասնվեց-տասնյոթ տարեկան երեխա էր, Ռոբերտի հարևանի տղան…

-Հիշում եմ, եկան, թե` քեզ հարցնող կա: Գնացի տեսա` Հայկն ա, հարևանիս տղան: Տանից փախել, հասել էր Ղարաբաղ ու մեր ջոկատը գտել: Դեռ երկու հոգու էլ, իր նմաններին, հետը բերել… Շորերն էլ, հիշում եք, մուգ գույնի էին ներկել, իբր ջոկատներում են… Չկարողացանք տուն ուղարկել…

-Դեռ մի բան էլ մեզ վիրավորեց,- ժպտում է Նորիկը,- ասաց. «Դուք բիձեքով կարող եք կռվել, մենք ջահել տղերքով` չէ՞»: Էդ ո՜նց էր կռվում Հարությունագոմերում, ո՜նց… Էդ ի՜նչ համարձակ տղա էր. ո՛չ խոսք ու խրատ էր գլուխը չէր մտնում, ո՛չ ահ ուներ, ոչ վախ, գիժ էր, իսկական գիժ…

-Երբ վերադաձանք տուն` հանգստի, ես նրան տարա հանձնեցի ծնողներին. ասացի` պի՛նդ պահեք՝ չփախչի… Հետո իմացանք, որ տնից փախել, նորից գնացել էր կռիվ… Ոչ էլ սպասել էր, որ գոնե մեզ հետ վերադառնա… Մի քանի օր հետո զոհվելու լուրը իմացանք… Եռաբլուրում է… Ես նրա մասին մի բանաստեղծություն եմ գրել, կարդա՞մ. «Հայկին` մարտական ընկերոջս»:

-Հայկը երեխա էր, Ռոբերտ, ի՜նչ մարտական ընկեր, գրի…

-Ով իմ կողքին է կռվել, Ստյոպա, թեկուզ երեխես, թեկուզ թոռս լինի, ամենից առաջ իմ մարտական ընկերն է. «Հայկին` իմ մարտական ընկերոջը».

Տասնյոթ էլ չկար, Երեխա էր… Բայց հպարտ էր Միջնադարյան ասպետի պես. Եվ շիտակ: Նա գնաց լույսի ետևից… Եվ երկնքում մնացին Նրա լուսավոր ոտնահետքերը…

-…………..

-Շատ լավ ես գրել,- առաջինը սթափվում է Նորիկը,- «Եվ երկնքում մնացին նրա լուսավոր ոտնահետքերը»… Կարծես հրեշտակի մասին ես խոսում… Հրեշտակի պես էլ անմեղ էր… Հայկը, մյուսները մեր հայրենիքի պահապան հրեշտակներն են…

-Դու էլ, կարծեմ, Նորիկ, բանաստեղծություններ ունես գրված թե՛ հրեշտակների, թե՛ սատանաների մասին,- փորձում է հուզումնախառն մթնոլորտը լիցքաթափել Ստյոպա Խաչատրյանը,- երկուսն էլ լավ հիշում եմ…

-Դրանք բանաստեղծություն չեն, այլ քառյակներ…

-Թող լինի քառյակ: Քսան տարի է անցել, բայց չեմ մոռացել. «Հայ ժողովրդի փրկության ժամին, Ազգի քաջերը համախմբվեցին, Թշնամու առաջ ելան համարձակ, Կռիվ մղեցին մահու և կենաց»: Ազգի տականքների մասին գրածդ էլ ասե՞մ…

-Չէ՛: Հարկավոր չէ. դրանց բոլորը գիտեն: Ես Թումանյանին շատ եմ սիրում, բոլոր քառյակները գիտեմ: Սա գրել եմ հենց Թումանյանի ազդեցությամբ: Եթե պատերազմը չսկսվեր, ես հաստատ կաթված ստացած կլինեի… Այդ պատերազմը իմ` հայիս ինքնասիրությունը, արժանապատվությունը բացահայտեց… Երբ կռիվ էի գնում, ընկեր-բարեկամ ասում էին. «Նորիկ, դու որբ ես մեծացել, հերդ Հայրենական պատերազմից տուն չի վերադարձել, դու նրան չես էլ հիշում, հիմա ուզում ես, որ քո երեխանե՞րն էլ որբ մեծանան»: Որբությունը ծանր բան է, բայց առանց արժանապատվության ապրելը շատ ավելի ծանր է: Պատկերացրեք, պատերազմի, մահվան, արյան մեջ ես միշտ հիշել եմ Միքայել Նալբանդյանի խոսքերը. «Ներկա օրերում, էլ ի՞նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին…»…

-Նորի՛կ, էլի ընկար փիլիսոփայության գիրկը,- միջամտում է Ստյոպան,- դու էն ասա, խոստացար, որ մի ուրախ բան կգրես Վալերի մասին` Կիրովականցի, նիհար Վալերի… Հիշո՞ւմ եք, ինչքա՜ն նիհար էր… Նիհար էր, բայց ճիլ… Օրերով քայլեր, չէր հոգնի… Երեխեքին թողել էր Աստծու հույսին, կնոջն առել, պատերազմ էր եկել… Հիշո՞ւմ եք, ո՞ր կռվի ժամանակ էր, ավտոմատի մեջ երեք գնդակ էր մտել` երկուսը խողովակի, մեկը` խզակոթի…Ծիծաղում, ասում էինք. «Տնաշենը էնքա՜ն նիհար է, որ ավտոմատի հետևն է թաքնվում»:

Մարտական ընկերները ուրախ ծիծաղում են… Հետո ծիծաղում են իրենց միամտությունների վրա. «Հիշո՞ւմ ես, գերու ոտքերը կապել էիր, ձեռքերը արձակած թողել…»: «Հիշո՞ւմ եք, ձորի միջի աղբյուրը. թշնամին էլ էր էդ աղբրի ջրից օգտվում, մենք էլ: Ճիշտ Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի նման. մենք չէինք խփում, նրանք նույնպես: Մենք էլ մեր պատմվածքն էինք հորինել` «Աղբյուրի մոտ»:

-Մեր թշնամին մենակ ուժի լեզուն է հասկանում,- բառերը մեկ-մեկ, անշտապ արտաբերում է Նորիկը:- Տղե՛րք, ես էլ էդ օրը հիշում եմ, բայց մի բան ասեմ, եթե նրանք համոզված լինեին, որ մենք չենք կարող պատասխանել, կխփեին… ինչքա՜ն միամիտ եք, ջրի վրա էլ կխփեին, հացի ժամանակ էլ, քնած ժամանակ էլ… Չէ, մենք անուղղելի ենք, պատմությունը, կյանքը մեզ համար դաս չի լինում…

…Ամեն տարի երկու անգամ` մայիսի 9-ին և 28-ին մարտական ընկերները իրենց թոռների հետ այցելում են «Եռաբլուր»` հարգանքի տուրք մատուցելու զոհված ընկերների հիշատակին, վերհիշելու անցածը և իհարկե՝ զրուցելու, միմյանցից հարցուփորձ անելու …

Ճակատագիրը, կյանքը բոլորովին այլ կերպ է տնօրինել մարտական ընկերների ներկան. Ստյոպա Խաչատրյանը թեև չի աշխատում և թոշակ էլ չի ստանում («Ես հո թոշակի համար չեմ կռվել»), գոհ է իր կյանքից, իր ընտանիքից, Ռոբերտ Մուրադյանը ստիպված է, ընտանեկան մի շարք տխուր դեպքերի բերումով, միայնակ մեծացնել իր ցածր դասարանցի թոռանը: Նորիկը այսպես բնորոշեց իր ընկերոջը. «Մեծ մարդ է, թոռան համար է ապրում… Հեշտ չէ տղամարդու համար երեխա պահելը, կերակրելը, լողացնելը, հագցնելը, երեխի հետ դասեր անելը… Ռոբերտը մեծ մարդ է»: Իսկ ինքը` Նորիկ Հովհաննիսյանը, մի հողակտոր է ձեռք գցել, Նոր Արտամեդում, փուշ ու տատասկից մաքրել է և իր խոսքերով՝ ուզում է թոռների համար դրախտավայր սարքել: Ձմռան ամիսներին, երբ հողի հետ աշխատանք չկա, փայտից հայկական աշխատանքային գործիքների մանրակերտներ է պատրաստում` խոփ, սանդ, դարբնի մամլակ, եղան, արոր, զնդան, գութան, ճախարակ…

-Իսկ զե՞նք…

-Չէ՛,- ժպտում է նախկին զինվորը,- ես բարի մարդ եմ:

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ