Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆՈՒ «ՊԱՅՈԿԸ»
ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆՈՒ «ՊԱՅՈԿԸ»

1942-ին հայ գրողների մի խումբ՝ Հարություն Մկրտչյանը, Ազատ Վշտունին, Վախթանգ Անանյանը եւ Բաբկեն Շահումյանը, «ստեղծագործական» գործուղման մեկնեց ռազմաճակատային գիծ՝ Թամանյան թերակղզի, ուր երկար եւ դժվարին կռիվներից հետո դադար էր առել հայկական 89-րդ դիվիզիան։ Առաջադրանքը պարզ էր՝ հայ ժողովրդի ողջույնը հաղորդել մեր քաջարի մարտիկներին եւ մամուլում նկարագրել նրանց սխրագործությունները։

Խումբը ճանապարհ ընկավ ապրանքատար գնացքով, ապա, մի քանի բեռնատար մեքենաներ փոխելով, վերջապես հասավ թերակղզի։ Մինչեւ դիվիզիայի տեղակայման վայր հասնելը հարկ եղավ կանգ առնել թերակղզու կիսավեր գյուղերից մեկում, ուր գրողներին հյուրընկալեց բարի, ծերացած մի կին։ Բոլորը հոգնած էին, եւ հատկապես՝ Ազատ Վշտունին, որը խմբում ամենաավագն էր՝ բոլորում էր հիսուն տարին, բացի այդ՝ առանց այն էլ թուլակազմ էր եւ հազիվ էր քարշ տալիս զինվորական պայուսակը, ուր իր իրերն էին եւ «Սուխոյ պայոկը»՝ չորացրած տառեխ, տուփերով «չոր կաշա» եւ «բուխանկա» հաց։ Վանում ծնված, Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանած, նրբակիրթ ու բարակիրան այդ մարդու համար, իրոք, դժվար էր «դիմանալ» զինվորական պայուսակի ծանրությանը, եւ Դիլիջանի սարերում մեծացած, պնդակազմ ու առույգ Վախթանգ Անանյանն ստիպված էր նրա բեռն էլ կրել։ Այդպես հասան գյուղ, տեղավորվեցին, եւ այն է, անցնելու էին «պայոկին», երբ Ազատ Վշտունին ծոցագրպանից մի ծալած թուղթ հանեց ու մեկնեց խմբի «տնտեսվարի» պարտականությունն ստանձնած Բաբկեն Շահումյանին. «Կարդա՝ անելիքդ կիմանաս»։

Վշտունու մեկնած թուղթը անվանի բժիշկ, պրոֆեսոր Արտաշես Մելիք-Ադամյանի գրած «ռեցեպտն» էր։ Վշտունին գանգատներ է ունեցել, դիմել է Մելիք-Ադամյանին, որն, ի դեպ, 1932-ից հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն էր, ու նա զննելուց հետո պարզելով, որ Վշտունին հյուծված է, արյան պակասություն ունի, դեղերի հետ նշանակում է նաեւ «ուժեղ սնունդ»՝ ընդունել թարմ կարագ՝ օրական այսքան գրամ, հում ձու՝ այսքան հատ, այսքան կաթ, կակաո եւ նունիսկ՝ այսքան խավիար…

Բաբկեն Շահումյանը բարձրաձայն կարդում է պրոֆեսորի դեղատոմսը, եւ խեղճ պառավի խրճիթը դղրդում է հռհռոցից։

-Լսի՛ր, էդ պրոֆեսորը քեզ ձեռք է առել,- ծիծաղի միջից ասում է Հարություն Մկրտչյանը,- նրա ռեցեպտով հիմի Փարիզում էլ բան չի գտնվի՝ գերմանացիները մորեխի նման խժռել են ամեն ինչ։

Քաղցած մարդիկ այդքան ընտիր ուտեստեղենի անուններ լսելով ի՞նչ զգացումներ կունենան, եւ Անանյանը բարկացած ասում է Շահումյանին.

-Լսի՛ր, դու էդ ռեցեպտը հո մեզ տանջելու համար չկարդացի՞ր, խիղճ ունե՞ս, թե՞ չէ։

Վշտունին փորձեց կատակը տանել մինչեւ վերջ եւ լուրջ տոնով պնդեց իրենը.

-Իմ գործը չի, Մելիք-Ադամյանն անվանի բժիշկ է, նա անտեղի բան չի գրի։ Թե որ ուզում եք հետներդ դիվիզիա հասնեմ՝ տվեք ռեցեպտով ինձ հասանելիքը։

Գրողները, այնուամենայնիվ, որոշեցին օգնել «հիվանդ բանաստեղծին», եւ տանտիրուհուն խնդրեցին գոնե մի բաժակ կաթ տա։

-Երդվում եմ, կաթ չունեմ,- ասաց բարի պառավը,- գյուղում ոչ մի կով չի մնացել, գերմանացիք բոլորը մորթեցին։ Մի երինջ ունեի, քանի ամիս թաքուն պահեցի գոմում, աչքից հեռու, գերմանացիք որ կորան՝ դուրս հանեցի։ Հանեցի ու փոշմանեցի՝ խեղճ անասունը կուրացավ. երկար ժամանակ լույս չէր տեսել…

Ի՞նչ արած, Վշտունուն մնում էր «մեծ վիշտ» ապրել՝ բավարարվել իր զինվորական «պայոկով» եւ մանավանդ գոհ լինել, որ ընկերներին մի լավ ծիծաղեցրեց։ Պառկեցին քնելու։

-Աքլորականչին բոլորս պետք է ոտքի վրա լինենք, մինչեւ դիվիզիա դեռ ահագին ճանապարհ ունենք գնալու,- հրահանգեց Հարություն Մկրտչյանը, որը խմբի «հրամանատարն» էր։

Ի՞նչ աքլորականչ, գյուղում աքլոր էլ չէր մնացել, որ կանչեր, եւ հոգնած խումբը քնած մնաց մինչեւ կեսօր…

Գրողներն ի վերջո հասան դիվիզիա եւ ինչպես հարկն է ներկայացան Նվեր Սաֆարյանին։ Նրանց պատկերացմամբ՝ փառաբանված դիվիզիայի հրամանատարը պետք է որ բարձրահասակ, ամրակազմ մեկը լիներ, բայց նրանց առջեւ միջահասակ, նիհար ու թուխ դեմքով մարդ էր կանգնած։ Նա գրողներին ընդունեց սիրալիր, հարցուփորձ արեց՝ ի՞նչ կա Հայաստանում, ինչպե՞ս դիվիզիա հասան, եւ կարգադրեց տեղավորել նրանց։ Մոտեցավ դիվիզիայի հրամանատարի տնտեսական գծով տեղակալ գնդապետ Չիլինգարյանը եւ հետաքրքրվեց, թե հյուրերն ինչի կարիք ունեն։ Բաբկեն Շահումյանը, որը «գրողական մասնագիտությամբ» երգիծաբան էր (հետո երկար տարիներ աշխատեց «Ոզնի» հանդեսում) որոշեց նոր երանգներ ավելացնել Մելիք-Ադամյանի «ռեցեպտի» հետ կապված ուրախ պատմությանը եւ Չիլինգարյանին հանձնեց Վշտունու տված թուղթը։ Գնդապետը տնտղեց այն եւ զարմանքով հարցրեց.

-Սա ի՞նչ է, ոչինչ չեմ հասկանում։

-Դա պրոֆեսոր Մելիք-Ադամյանի գրած դեղատոմսն է, Ազատ Վշտունու «պայոկը»,- լուրջ-լուրջ բացատրեց երգիծաբանը։

Գրողներն իրար նայելով ծիծաղեցին, իսկ գնդապետը, դարձյալ ոչինչ չհասկանալով, քաղաքավարության համար ասաց.

-Լավ, մի բան կմտածեմ…

Ծիծաղի նոր ալիք բարձրացավ. ախր, որտեղի՞ց էր գնդապետը ճարելու թարմ կարագ, հում ձու, կակաո, հետն էլ՝ խավիար, նույնիսկ գեներալներն այդպիսի «պայոկ» չունեն։

Ուրախ կատակները, զվարճալի պատմությունները թեթեւացնում են կռվող մարտիկների կյանքը, մի տեսակ ապրեցնում մահվան դեմ հանդիման կանգնած զինվորին, եւ երգիծաբան Բաբկեն Շահումյանի հմուտ գունավորմամբ այդպիսին եղավ Վշտունու «պայոկի» պատմությունը, իսկ ահա Վախթանգ Անանյանի համար այն դարձավ հուշագրություն, որը լույս տեսավ արդեն պատերազմից հետո, «Պրոֆեսոր Մելիք-Ադամյանի դեղատոմսը ռազմաճակատում» վերնագրով։