Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԼՈՒՐՋ» ԱՌԻԹ…

Պատերազմ սկսելու ամենահայտնի պատճառը առեւանգված գեղեցկուհի Հեղինեն էր, որի պատճառով սարսափելի կռիվ սկսվեց տրոյացիների ու հույների միջեւ: Թվում էր, թե հետո՞ ինչ` Հունաստանում գեղեցիկ բազմաթիվ ուրիշ կանայք էլ կային: Բայց ո՛չ. երկու կողմերն էլ որոշեցին գնալ մինչեւ վերջ եւ պատերազմում ունեցան մարդկային եւ նյութական մեծագույն կորուստներ:

♦♦♦

Ֆրանսիացի եւ իսպանացի միապետներն ուղղակի «պաշտում էին» ընդհարվել կանանց պատճառով: Թագավորներից թե՛ մեկը, թե՛ մյուսը «մոլորեցնում, շեղում, գայթակղում» էին ուրիշի կնոջը կամ սիրուհուն, եւ, որպես կանոն, պարզվում էր, որ նա մյուս թագավորի արյունակից բարեկամն է: Այդ պատճառով Ֆրանսիայի եւ Իսպանիայի միջեւ տեղի է ունեցել ամենաքիչը չորս պատերազմ, որոնցից ամենաերկարը տեւել է 7,5 տարի:

♦♦♦

Միջնադարյան Չինաստանում երեք տարում զոհվեց 15 հազար զինվոր ու սպա: Իսկ կռվի պատճառն այն էր, որ վիճաբանելիս մի ազնվական քաշել էր մյուսի մորուքից. ավելի մեծ վիրավորանք պատկերացնել անհնար է:

♦♦♦

Շատ շուտ վիրավորվող էին հին ասորական տիրակալները: Գրեթե հինգ դար տեւած պատերազմն սկսվեց այն պատճառով, որ հարեւան երկրից ժամանած հյուրը գետնից չբարձրացրեց հարբած թագուհու ձեռքից ընկած դրվագազարդ սանրը, որը կրիայի պատյանից էր պատրաստված:

♦♦♦

Դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայում: Պատգամախոսները, բանակցությունների գալով ամենազոր կառավարչի՝ սյոգունի մոտ, կանոններով պահանջվող հեռավորությունից կես մետր հեռու կանգնեցին եւ նվերներ ստանալու ժամանակ ծնկած վիճակից կես րոպե շուտ բարձրացան ոտքի: Սամուրայների եւ սյոգունի ժառանգների արյունոտ վրեժը ձգվեց 250 տարի: Այդ ընթացքում այրվեց Հոկայդո կղզու երկու երրորդը, եւ զոհվեց մոտ 150 հազար մարդ:

♦♦♦

Բրազիլիայում երկու բարձրաստիճան պաշտոնյա չէին կիսել չորս արկղ մաքսանենգ կուբայական սիգարներ: Նրանց կլանների միջեւ պատերազմը տեւեց 3,5 տարի:

♦♦♦

Վիկինգների երկու ցեղեր չորս տարի պատերազմեցին գողացված մարգարտե հարսանեկան մանյակի պատճառով: Ասում են, որ հենց այդ պատերազմից հետո այժմ կան շվեդներն ու նորվեգացիները, որոնք կարող էին լինել մեկ ժողովուրդ: Ի դեպ, այդ մանյակը այնքան էլ գեղեցիկ ու թանկարժեք չի եղել. կաշվե պարանի վրա շարված վատ մշակված գետային մարգարիտը հազիվ թե նյութական շատ մեծ արժեք ունենար:

♦♦♦

Մի անգամ Նյու Յորքում իսկական պատերազմ սկսվեց: Երբ անգլիացիները ցանկացան ազատվել տեղի հնդկացիներից, որոնք, փոխադարձ համաձայնությամբ, խաղաղ ապրում էին Մանհաթն կղզում, նրանք գտան ձեւական մի պատճառ. հնդկացի մի աղջնակ դեղձ էր գողացել բարձրաստիճան մի անգլիացու այգուց: Եվ, պատկերացրեք, անգլիացիները կոտորեցին բոլոր հնդկացիներին: Սա պատմության մեջ կոչվում է «դեղձային պատերազմ»:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ