Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
ԳՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Գրքի պատմությունը նման է իր ժողովրդի պատմությանը

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթն է։ Գրվել և ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի Ավագ վանքում։ Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը։ Մատյանն ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կգ։

«Ճառընտիրը» հափշտակել են այլազգիները, և հետագայում փրկագնվել 4000 արծաթով, որի հանգանակությունը կատարել է գյուղացիությունը։ Մեծ եղեռնի օրերին երկու գեղջուկ հայուհի (նրանց անուններն անհայտ են) «Մշո ճառընտիրը» երկու մասի են բաժանում և հասցնում Արևելյան Հայաստան՝ փրկելով թուրք զավթիչների և ջարդարարների ձեռքերից։

Ներկայումս «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ 17 թերթը՝ Վենետիկում։

♦♦♦

16-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին (1595-1670թթ.) հայ միակ պատմիչն է, որի աշխատությունը՝ նշանավոր «Պատմությունը», տպագրվել է կենդանության օրոք՝ 1669թ., Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու հրատարակությամբ։ Նոր Ջուղայի և իրանահայ մյուս գաղթավայրերի ստեղծմանը ականատես Դավրիժեցու գրառած պատմական տեղեկությունները՝ քաղված ամենատարբեր հիշատակարաններից, այլևայլ պատմական աղբյուրներից, մեծապես նպաստել են ոչ միայն հայ պատմագրության ժամանակաշրջանային, օրինաչափ լուսաբանմանը, այլև իր հետևորդների՝ տվյալ ժամանակաշրջանն ուսումնասիրող պատմաբանների համար սկզբնաղբյուրի նշանակություն են ունեցել։