Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՀ զինված ուժերի ԶԾԱ ապահովման միջոցառումների հիմնական նպատակն է` կանխարգելել անձնակազմի ոչ մարտական կորուստները, բնակչության նկատմամբ զինծառայողների իրավախախտումները, առավելագույնս կրճատել շրջակա բնական միջավայրին հասցվող վնասը:

Իսկ ՀՀ զինված ուժերի ԶԾԱ ապահովման համակարգի հիմնական խնդիրը` ԶԾԱ մակարդակն իջեցնող բացասական գործոնների չեզոքացումն է: Մասնավորապես` յուրաքանչյուր զինծառայողի անվտանգության կանոնների և միջոցների խիստ պահպանման պատասխանատվության ձևավորում, իր և շրջապատի մարդկանց կյանքի, առողջության պահպանմանը գիտակցական վերաբերմունքի մշակումը, բոլոր աստիճանների պաշտոնատար անձանց իրավական մշակույթի և գործող իրավական նորմերի, զինվորականների ամենօրյա գործունեության միջոցառումների անվերապահ եւ առավել անվտանգ կատարումը ապահովող որակների ձևավորում, զինվորական կանոնադրությունների հանդեպ հարգանքի, դրանց պահանջները խստորեն կատարելու ունակության, անձնական կարգապահության, քաղաքացիական բնակչության նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակում, շրջակա միջավայրի նկատմամբ մարդկային վերաբերմունքի մշակում:

ԶԾԱ ապահովումը իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքներին համա-պատասխան` զորքերի ամենօրյա գործունեության ընթացքում զինծառայողների՝ մարդու կյանքի և առողջության պահպանման առաջնայնության ճանաչում ու ապահովում, օրինականության պահպանում, զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքների համարժեք միջոցառումների իրականացում, իրականացվող միջոցառումների համակողմանիության և կանխարգելիչ ու տարբեր ծրագրերի փոխկապակցվածության ապահովում, ԶԾԱ պատասխանատու մարմինների գործառույթների, լիազորությունների ու պատասխանատվության հստակ տարանջատում, պետական իրավական և սոցիալական երաշխիքների ապահովում:

Հայտնի է, որ զինվորական ծառայությունը հանդիսանում է պետական ծառայության հատուկ տեսակ, որը ներառում է քաղաքացիների՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված պարտականությունները ՀՀ զինված ուժերում, այլ զորքերում, զինվորական միավորումներում, որտեղ օրենքով նախատեսված է զինվորական ծառայություն` որոշակի ժամկետների ընթացքում: Զինվորական ծառայությունը միշտ եղել է և կմնա սոցիալական բարձր ռիսկի ոլորտ:

Զինծառայողների կյանքի և առողջության պահպանմանը, անձնակազմի զոհվելու և վնասվածքների կանխարգելմանն ուղղված գործունեությունը անմիջականորեն կյանքի է կոչվում զորքերում` մարտական պատրաստության, անձնակազմի առօրյա գործունեության ընթացքում:

Զինվորական ծառայության վտանգավորության գործոն ասելով՝ պետք է հասկանանք այս կամ այն արտաքին գործոնի՝ որի ազդեցությամբ զինծառայողի վնասվածք ստանալը կամ առողջության կտրուկ վատանալը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ընթացքում վթարի ենթարկվելը կամ շարքից դուրս գալը:

Զինվորական ծառայության վնասակար գործոն ասելով հասկանում ենք այն, որ վերջինիս հետևանքով մարդկանց մոտ կարող են առաջանալ «Մասնագիտական» հիվանդություններ, կամ ընկնել նրանց աշխատունակությունը, ինչպես նաև առաջ գալ սպառազինության և տեխնիկայի անսարքություններ:

Ապահովել զինվորական ծառայության անվտանգությունը` նշանակում է պաշտպանական գործողություններ իրականացնել /համալիր գործողություններ/ տվյալ վտանգներից զինծառայողին պաշտպանելու համար:

Ընդ որում, յուրաքանչյուր գործընթաց ենթադրում է որոշակի սուբյեկտներ ու օբյեկտներ՝ հետապնդելով որոշակի նպատակներ, խնդիրներ և ի վերջո՝ արդյունք:

ԶԾԱ ապահովման նպատակն է` ստեղծել զինվորական ծառայության այնպիսի պայմաններ, որոնք բացառում են /նվազագույնի են հասցնում/ զինծառայողների գործունեության որոշակի տեսակով կամ բնույթով պայմանավորված վտանգավոր ու վնասակար գործոնների ազդեցությունը անձնակազմի վրա:

Զինվորական ծառայության անվտանգ պայմանների ապահովման հիմնական միջոցառումներից հատկանշական են.

1. Շուրջօրյա հերթապահությունը, մարտական ծառայությունը, պահակային և ներքին ծառայությունը, վերանորոգման աշխատանքներ կատարելիս, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շահագործելիս, ինչպես նաև առօրյա գործունեության այլ խնդիրներ կատարելիս անվտանգ ծառայական առօրյայի և անվթարայնության ապահովումը:

2. ԶԾԱ բժշկական ապահովման միջոցառումների անցկացումը:

3. Հրդեհաանվտանգության կազմակերպումը և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների անցկացումը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ելնելով դիտարկված գործընթացների նպատակից՝ կարելի է առանձնացնել ԶԾԱ ապա-հովման հետևյալ հիմնական խնդիրները`

1. Զինծառայողների ծառայության անվտանգ պայմանների ապահովման, առօրյա տարբեր իրավիճակներում անվտանգ գործելու ունակությունների և կարողությունների ուսուցում ու ձևավորում:

2. Մարտական պատրաստության, ծառայողական խնդիների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տնտեսական և շինարարական աշխատանքների կատարման ընթացքում զինծառայողների կյանքի և առողջության ապահովման համար անհրաժեշտ անվտանգ պայմանների ստեղծում:

3. Զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի հետ տարվող աշխատանքների, ուսումնական պարապմունքների և առօրյա գործունեության միջոցառումների վերահսկում:

Տվյալ խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն զինվորական բոլոր պաշտոնատար անձինք:

Օրենքը` համաձայն ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 13-րդ գլխի, պարտավորեցնում է ԶԾԱ ապահովման աշխատանքները իրականացնել հետևյալ սկզբունքներին համապատասխան`

– օրինականության պահպանում,

– զորքերի ամենօրա գործունեության ընթացքում մարդու կյանքի և առողջության առաջնայնության ճանաչում և ապահովում,

-զինվորական ծառայության անվտանգության սպառնալիքների համարժեք միջոցառումների իրականացում,

-անցկացվող միջոցառումների համակողմանիության և կանխարգելիչ ուղղվածության, անվտանգության ապահովման տարբեր միջոցառումների փոխկապակցվածության ապահովում, ԶԾԱ պատասխանատու մարմինների գործառույթների, լիազորությունների ու պատասխանատվության հստակ տարանջատում, հրամանատարների անձնական պատասխանատվություն` ընդունած որոշումների և ենթակաների կատարած խնդիրների վերջնական արդյունքների համար,

-բոլոր օղակներում ԶԾԱ կառավարման կենտրոնացում:

Առաջնորդվելով ԶԾԱ ապահովման գործընթացի կառուցվածքով պաշտոնատար անձանց խնդիրն է ստորաբաժանման առօրյա գործունեության շրջանակներում ԶԾԱ (ընդհանուր և հատուկ պահանջների համաձայն) բոլոր միջոցառումների կատարումը:

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Զինծառայողների զոհվելու /մահացության/, վնասվելու /վերքեր, կոնտուզիա/ և հիվանդությունների նվազեցման, կանխարգելման, բնակչության կյանքի, առողջության և գույքի, զորքերի գործունեության ընթացքում շրջակա միջավայրի պահպանման և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման կարգի կանոնադրական պահանջները սահմանված են ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի երկրորդ մասի 13-րդ գլխում, հաստատված ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011թ. ապրիլի 14-ին:

Դրանք են.

– Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման և հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումները:

– Զորամասի կողմից իրականացվող և հարակից բնակավայրերի բնակչության կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումները:

– Զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր սպառնալիքներից շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված հիմնական միջոցառումները:

– Զորամասի հրամանատարի պատասխանատվությունը զորամասի զինվորական ծառայության մշտական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար:

– Զորամասի հրամանատարի, նրա տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների, զորամասի (ստորաբաժանման) պաշտոնատար այլ անձանց պատասխանատվությունը ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) զինվորական ծառայության անվտանգության պահանջների ապահովման համար` ծառայողական և հատուկ պարտականությունների ու 13-րդ գլխի պահանջներին համապատասխան:

– Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձանց՝ անձնակազմերի պետերի, ավագների կամ այլ պատասխանատուների պարտականությունները ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս և իրականացնելիս:

– Յուրաքանչյուր զինծառայողի պարտականությունը զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) կատարման գործում:

Զորամասի առօրյա գործունեության ընթացքում առաջացող վտանգներից շրջակա միջավայրը պաշտպանելուն և այն արդյունավետ օգտագործելուն ուղղված միջոցառումներն են՝

– շրջակա միջավայրի պաշտպանության ՀՀ նորմատիվային իրավական ակտերի և օրենքների իմացությունը և դրանց պահանջների կատարումը,

– անձնակազմին բնապահպանական գիտելիքների ուսուցանումը և սերմանումը,

– ստորաբաժանումների առօրյա գործունեության միջոցառումները իրականացնելիս շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը,

– ստորաբաժանումների առօրյա գործունեության միջոցառումների հետևանքով, ինչպես նաև վթարների դեպքում աղտոտված շրջակա միջավայրի վերականգնումը,

– արդյունավետ բնօգտագործումը /պաշարախնայող, անթափոն և քիչ թափոններով տեխնոլոգիաների ներդրումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և այլն/:

Նշված միջոցառումները պլանավորելիս և իրականացնելիս հաշվի են առնվում շրջակա միջավայրի պահպանության ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Քաղաքացիական օբյեկտների տեղաբաշխման, շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը լիովին տարածվում են ռազմական օբյեկտների վրա, բացառությամբ այդ պահանջների կատարումը խոչընդոտող արտակարգ իրավիճակների:

Շարունակելի

Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ազգային բանակ


02/05/2012