Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԵՌԱՆ ՏԱԿ ԿՔԱԾ

Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնի տվյալներով` 2003-2011թթ. Ադրբեջանի բանակում առնվազն 547 զինվորական է մահացել, որից 162-ը` մարտական իրավիճակում, իսկ 385-ը` ոչ մարտական (71-ը` ինքնասպանություն է գործել, 65-ը` զոհվել վթարի հետևանքով, 106-ը` կարգապահական խախտումների, 71-ը` դժբախտ պատահարի, 29-ը` անհայտ պատճառներով, 43-ը` տարբեր հիվանդություններից): Ադրբեջանցի լրագրողները նշել են, որ իրենց երկրի ռազմական ծախսերին ուղիղ համեմատական աճել է բանակում զոհերի թիվը. 2003թ-ին 57 մարդ է զոհվել, 2004թ.-ին` 37, 2005թ.-ին` 39, 2006թ.-ին` 48, 2007թ.-ին` 62, 2008թ.-ին` 72, 2009թ.` 64, 2010թ.` 71, 2011թ.` 97, իսկ 2012թ. առաջին եռամսյակում` արդեն 19-ը:

Իհարկե, անկախ այն հանգամանքից` ադրբեջանական բանակի մասին տեղեկատվական աղբյուրը հասարակական ոլորտից է, թե պետական, ցավոք, հիմնականում հավաստի չէ, քանի որ անհնար է պատկերացնել այնպիսի սուբյեկտ կամ ինստիտուտ Ադրբեջանում, որը չգտնվի պետական խիստ վերահսկողության ներքո և չծառայի ադրբեջանական քարոզչամեքենային: Այդուամենայնիվ, բերված վիճակագրությամբ արտահայտված ընդհանուր միտումներն իրական են:

Այսպես, ըստ միջազգային բազմաթիվ ուսումնասիրությունների` զինծառայությունից խուսափելն Ադրբեջանում լայն տարածում ունի. բանակն ադրբեջանական հանրության շրջանակներում հայտնի է սոսկալի պայմաններով ու մարդու տարրական իրավունքների ոտնահարմամբ:

2002 թ. պաշտոնական տվյալներով` միայն 1994 թվականից ի վեր ավելի քան 5 հազար զինվոր է մահացել ֆիզիկական ու հոգեբանական ճնշամիջոցների, պատահարների, հիվանդությունների ու թերսնման պատճառով: Եթե այս թիվը համարենք ելակետ և ընդունենք, որ ադրբեջանական բանակում զոհերի թվի փոփոխման միտումը պահպանվել է նաև 2002թ. հետո, կնշանակի, որ 1994թ. առայսօր ադրբեջանական բանակը կորցրել է մոտավորապես 15 հազար մարդ:

Սա անհավանական թիվ չէ: Դեռևս խորհրդային ժամանակներից մնացած «դեդովշչինա» երևույթը կատարյալ ձևով դրսևորվում է ադրբեջանական բանակի բոլոր զորամասերում. դրա հետևանքով ամեն ամիս տասնյակ սպանության, ինքնասպանության դեպքեր են գրանցվում, ընկած է ադրբեջանական զինուժի մարտական ոգին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պահպանվող ռազմական իրավիճակում ադրբեջանական բանակը, փաստորեն, ավելի շատ զոհեր է տալիս իր ներսում, քան սահմանախախտումների կամ շփան գծում մարտական գործողությունների ժամանակ: Եվ ոչ մի հրամանատար չի դատապարտվում զորամասում տեղի ունեցած սպանդի դեպքերի համար. սպանության դեպքերը մնում են առեղծվածային կամ վերագրվում են հայկական դիպուկահարներին:

Իհարկե, զինծառայությունից խուսափողների ու դասալքման համար դատապարտվողների հետապնդման ու բանտարկության վերաբերյալ մանրամասն տվյալներ չափազանց դժվար է գտնել Ադրբեջանի նման ավտորիտար ու «փակ» պետության լրատվամիջոցներում: Հասանելի տվյալները, այնուամենայնիվ, վկայում են հետապնդման դեպքերի հաճախակիության մասին: Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի` Ադրբեջանում զինծառայությունից խուսափողներն ու դասալիքները հազվադեպ են ենթարկվում հետապնդման, իսկ դատական ընթացակարգերը հաճախ կախված են լինում հրամանատարների անձնական ցանկությունից: Ինչպես ավտորիտար շատ երկրներում, այնպես էլ Ադրբեջանում անձի գործոնը գերակայում է քաղաքական կամ իրավական որոշումների ընդունման գործընթացներում:

Ադրբեջանական բանակում կան խնդիրներ, որոնք պայմանավորված են նաև ռազմակրթական համակարգի առանձնահատկություններով: Ադրբեջանցի զինվորներին կրթում են Թուրքիայի զինվորականները` համաձայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված մի շարք պայմանագրերի: Մի բան, որը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում և ուժային կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցիների` հաճախ ատելության դրսեւորմանը սեփական բանակում թուրք բարձրաստիճան զինվորականների իրավունքների մեծացման փաստի նկատմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ռազմական ղեկավարության համակարգում խմբավորումների առաջացմանը:

Ադրբեջանում ռազմական 5 դպրոց կա, որտեղ ադրբեջանցի զինվորները կարող են կրթություն ստանալ` Ջամշիդ Նախչիվանսկու անվան ռազմական լիցեյը, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը (Բաքվում և Նախիջևանում), Բարձրագույն ռազմական ավիացիայի դպրոցը, Բարձրագույն ռազմածովային դպրոցը, Ռազմական ակադեմիան և Ռազմական վերապատրաստման կենտրոնը` պաշտպանության նախարարության ներքո: Դպրոցներում 1997 թվականից կիրառվում են ՆԱՏՕ-ի ուսուցողական մեթոդները:

Այնինչ ՆԱՏՕ-ի հետ երկարատև համագործակցությունը չի օգնել Ադրբեջանին` բարելավելու սեփական պաշտպանության ոլորտի անմխիթար վիճակը: Ավելին` ադրբեջանական բանակում ՆԱՏՕ-ի ու սովետական չափորոշիչների միաժամանակյա կիրառումը համակարգային լարվածության պատճառ է դառնում, էապես նվազեցնում զինվորական ծառայության արդյունավետությունը և դանդաղեցնում ադրբեջանական բանակի բարեփոխումների ընթացքը: Չափորոշիչների անհամատեղելիության հետևանքով ադրբեջանական բանակում, այսպես կոչված, նույնականացման (թե ի՞նչ ավանդույթների կրող են իրենք) ճգնաժամ կա:

Բավականին սուր են սպաների սոցիալական խնդիրները: Ադրբեջանական բանակում սպաների աշխատավարձերը հաճախ չեն վճարվում. տարեկան հարյուրավոր դատական նիստեր են հրավիրվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության` աշխատավարձերի չվճարման կապակցությամբ: Թեև դատարանները հաճախ հօգուտ սպաների են որոշում կայացնում, պաշտպանության նախարարությունը այդուհանդերձ չի կատարում վերջիններիս պահանջները: Արձանագրվում են արձակուրդի իրավունքի ոտնահարման կամ խախտման տարեկան հարյուրավոր դեպքեր: Ծառայությունն ավարտած սպաներին տարիներով կարող են չթողնել վերադառնալ քաղաքացիական կյանք:

Ադրբեջանական օրենսդրության համաձայն` սպան 10-ը տարի ծառայությունից հետո իրավունք ունի հրաժարվելու ծառայությունից, բայց շատերին թույլ չեն տալիս. նրանց կա՛մ սպառնում են աստիճանազրկմամբ, կա՛մ այլ միջոցներով, այդ թվում՝ ադրբեջանական բանակում ավանդույթ դարձած պայմանագրային աշխատավարձերի չվճարմամբ:

Սահմանային զորամասում ծառայելը համարվում է պատիժ. Ադրբեջանի պաշտպանության այս ենթակառույցում անհամամասնական կառավարում է իրականացվում: Սպաներ կան, որոնք տարիներ շարունակ սահմանում են ծառայում, բայց կան նաև սպաներ, որոնք ընդհանրապես չեն եղել սահմանային գծում:

Դե, ինչ խոսք, կաշառակերությունը ծաղկում է Ադրբեջանի պաշտպանության ոլորտում. շատերը կաշառք են տալիս սահման չգնալու և ներքին զորքերում ծառայելու համար: Իսկ ով կաշառք չի վճարում, երկար տարիներ մնում է սահմանում: Սահմանային զորամասերի ծառայողներին զրկելով արձակուրդից կամ մերժելով ծառայությունից հրաժարվելու իրավունքը` ադրբեջանական իշխանությունները խաթարում են այդ անձանց սոցիալական-ընտանեկան կյանքը, ինչի հետևանքով կրկին անկում է ապրում մարտական ոգին: Ավելորդ է նշելը, որ սպաների, հրամանատարների կաշառակերության մեղադրանքով դատվածության դեպքեր հազվադեպ են գրանցվում:

Նվաստացած են նաև ադրբեջանցի զինվորները. սպաներն ու հրամկազմը շահագործում է նրանց: Օրինակ` տուն զանգահարելու համար ադրբեջանցի զինվորները հրամանատարներից հեռախոսներ են գնում կամ վարձակալում, որի դիմաց նրանց համար կատարում են ճորտի ծանր աշխատանք:

Հատկանշական է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի այցելելու զորամաս` տեղում ծանոթանալու իրավիճակին, քանի որ դրա համար պարտադիր պահանջվում է պաշտպանության նախարարի թույլտվությունը: Իսկ պաշտպանության նախարարը Սաֆար Աբիևն է, որը ավտորիտարիզմի սկզբունքով 1995 թվականից ղեկավարում է ադրբեջանական բանակը, և որի հրաժարականի պահանջով այժմ սոցիալական ցանցերում սպանված ադրբեջանցիների հարազատները բավականին ակտիվություն են ցուցաբերում:

ՎԱՀԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ
փորձագետ